Հայաստանից հեռացանք հետապնդումների պատճառով

Հայաստանից հեռացանք հետապնդումների պատճառով

Ես ուզում եմ բոլորին պատմել, թե ինչու ես եւ ամուսինս հեռացանք Հայաստանի Հանրապետությունից եւ դարձանք օտարականներ:



Ամեն ինչ սկսվեց 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից: Ընտրությունների ժամանակ ես՝ Գեղեցիկ Ռոբերտի Վարդանյանս, եղել եմ Նիգավանի դպրոցի փոխտնօրենը  եւ ընտրական հանձնաժողովի անդամ թիվ 14/36 ընտրատեղամասում: Եղել եմ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: Ընտրության օրը, նկատելով անարդարությունները, վեճի եմ բռնվել հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների հետ: Սակայն ժողովրդի բողոքներն անարդյունք եղան, եւ ընտրություններն ընթացան անարդար:  Ընտրություններից հետո ես, Գայանե Գրիգորյանը, Վարդան Մեսրոպյանը եւ արդարության մի քանի կողմնակիցներ դիմում-բողոքներ ենք գրել Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ, որը դիմել է դատարան: Սակայն մեր կողմից արված բողոքներն անտեսվել են: Տեսնելով, որ դիմումները եւ փաստերը դատարանը չի ընդունում եւ տեսնելով տեղի ունեցողը, ես ամուսնուս՝ Սերգեյ Մարտիրոսյանի եւ մեր ընտանիքի անդամների հետ  միացա Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ժողովրդի կողմից կազմակերպված ցույցերին: Ապրիլի 9-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ, ոստիկանների հետ բախման ժամանակ մի քանի ակտիվիստների հետ միասին ձերբակալվեց նաեւ ամուսինս՝ Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ ապրիլի 13-ին ստորագրությամբ ազատ է արձակվեց: Դրանից 2 օր անց՝ ապրիլի 15-ին, ես ազատվեցի աշխատանքից: Մայիսի 20-ին պետք է տեղի ունենար ամուսնուս դատավարությունը: Նշեմ, որ ամուսնուս մեղադրում էին ոստիկանին հարվածելու համար: Այս ճնշումներին, հետապնդումներին, աշխատանքից հեռացվելուն չդիմանալով, շատ ընտանիքների նման, ես ու ամուսինս էլ լքեցինք Հայաստանի Հանրապետությունը:



Համակարգը բոլորի նման կուլ տվեց նաեւ մեզ եւ հեռացրեց մեր հայրենական տնից: Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ մենք ըմբոստացանք խախտումներին եւ չցանկացանք ապրել անարդարության մեջ: Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ դժվար է, երբ անարդարությունն ու կեղծիքը կատարում են քո աչքերի առջեւ:



 



Գեղեցիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ