Կենցաղային ու էժան

Կենցաղային ու էժան

Երեկ առավոտյան կայքերը «թերթելիս» (մեր ժամանակների լրագրողական լեքսիկոնն այսպիսին է) մտածում էի՝ մեր հասարակությունը կորցրել է կարեւորի ու անկարեւորի զգացողությունը: Մի համբույրի պատմություն, մի հրամանատարի հարցազրույցի մի տող, երկու անձի մասնավոր խոսակցություն, ոչ մի կերպ չճշտվող տեղեկություն կարող են այնպես ցնցել հանրությանը, այնքան երկար զբաղեցնել, որ զարմանքից քար կտրես: Հասարակությո՞ւնն է մեղավոր, որ նման պահանջ է թելադրում լրատվական դաշտին, թե՞ լրագրողներն են պարզունակացել եւ իջեցրել հասարակության պահանջների մակարդակը: Երբ կարեւոր, մտածելու տեղիք տվող հոդվածներն ու իրադարձություններն անցնում են մարդկանց կողքով, երբ լուրջ նյութերի ընթերցվելիությունն անշեղորեն իջնում է՝ մենք ստիպված ենք տուրք տալ հասարակական պահանջ ներկայացնող թեմաներին: Փառք Աստծո, որ պարբերաբար դժգոհություններ են հնչում նաեւ մեր ընթերցողների կողմից՝ կնշանակի ամեն ինչ կորած չէ: Երեկ, օրինակ, Անահիտ անունով մի կին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում. «Նայում եմ լրահոսն ու շշմում պարզապես.... ի՜նչ կենցաղային, էժան թեմաներ են շոշափվում հաճախ, ինչ են գրում, ինչի մասին, ով ինչ ասաց, ոնց ասաց, ինչու էսպես ասաց, ինչու էնպես ասաց… մեկը մեկից ոչ էական, մեկը մեկից անկարեւոր, մեկը մեկից անիմաստ, անտեղի... անժամանակ... Ու, աստված չանի, մեկն սկսի… վերջ… ոգեւորված շարունակում են մյուսները՝ չափ, սահման, էթիկա, կուլտուրա, մակարդակ կորցնելով... Բայց, ախր, ամեն ինչ ունի իր ժամանակը… չէ՞… էստեղ են ասել՝ ջաղացը կորցրել, չախչախի հետեւից են ընկել»: Լրագրողները պետք է ուժ գտնեն ու հրաժարվեն էժանագին, անիմաստ, մարդկային ցածր կրքերին հագուրդ տվող թեմաներից: Չէ՞ որ խելքի ու գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունն անանցանելի է:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ