Ճակատագրական որոշում

Ճակատագրական որոշում

Երեկ ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպման արդյունքում ստորագրված համատեղ հայտարարությունն անսպասելի էր ինչպես երկու երկրների հասարակության, այնպես էլ եվրոպական հանրության համար: Պաշտոնական Երեւանը, փաստորեն, առանց հանրաքվեի, առանց որեւէ հասարակական քննարկման քաղաքական որոշում կայացրեց՝  անդամակցել Մաքսային միությանը: Ճակատագրական որոշում, որի իմաստը, դատելով երեկվա արձագանքներից, հանրության համար բոլորովին հասկացված չէ: Ավելին՝ վերջին շրջանում ամեն ինչ գնում էր դեպի եվրոպական ինտեգրացում: Այդ մասին էին խոսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ մասին էր խոսվել ՀՀԿ ղեկավար մարմնի վերջին նիստում: Եթե այդ ամենն ընդամենը թատրոն էր՝ բոլորիս, այդ թվում մտերիմ զինակիցներին անակնկալի բերելու եւ հնարավորինս անսպասելի այս որոշումը կայացնելու համար, ապա երկրի նախագահի կողմից սա պարզապես դավադրություն է՝ մարտահրավեր, ուղղված բոլորիս: Իսկ եթե սա ընդամենը խորամանկ հայկական կեցվածք է՝ «եւ, եւ» կոչվող մանկամիտ ու անհեռանկար խաղի շրջանակներում, ապա կարող ենք կանխատեսել, որ այն անփառունակ ավարտ է ունենալու, եւ «փորձված աղվեսը» երկու ոտքով է թակարդն ընկնելու: Հուսանք, որ «աղվեսը» գիտի, թե ինչ է անում, եւ ավանտյուրիստական այս քայլի արդյունքում մենք մի օր չենք կանգնի տխրահռչակ փաստի առջեւ՝ արձանագրելով, որ կորցրինք մեր պետականությունը եւ տանուլ տվեցինք անկախ պետություն կերտելու եզակի պատմական շանսը: Ի վերջո, իշխանությունը ոչ միայն անսահման փող է եւ ծոռից ծոռ ապահովված ապրելու հնարավորություն, այլեւ պատասխանատվություն մի ողջ ազգի առջեւ: Եվ Սերժ Սարգսյանի կողմից միանձնյա կայացված սխալ որոշման արդյունքում կարող է պարզապես պատմության անիվը շրջվել:



 



ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ