Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ նախագահ

Էդվարդ Միլիտոնյանը՝ ՀԳՄ նախագահ

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը, որից հետո կայացավ ՀԳՄ նախագահի ընտրությունը։ Նախապես գրանցված 3 թեկնածուներին միացան նաև համագումարի ընթացքում առաջադրված 2 թեկնածուներ՝ Ռոմիկ Սարդարյանն ու Վլադիմիր Հայրապետյանը, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտարարեց և ընտրությունն ընթացավ 4 հոգու միջև՝ Դավիթ Սարգսյանի, Էդվարդ Միլիտոնյանի, Հովիկ Հովեյանի, Ռոմիկ Սարդարյանի։ Ձայների բացահայտ առավելությամբ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը՝ 199, Հովիկ Հովեյանը ստացավ 100 քվե, Դավիթ Սարգսյանը՝ 24, Ռոմիկ Սարդարյանը՝ 4։



 



Համագումարն ընթացավ լարված մթնոլորտում։ Հիմնական տարաձայնությունը սփյուռքի գրողների՝ ընտրությանը մասնակցել-չմասնակցելու խնդրի շուրջ էր։ Գրողների մի մասը կարծում էր, որ ճիշտ է նրանց ձայն տալը, մի մասը համոզված էր, որ դա սխալ է, ոմանք էլ պնդում էին, որ նրանք կարող են քվեարկել, եթե ներկա են ընտրությանը։ Արդյունքում ոչինչ չփոփոխվեց և սփյուռքի գրողների քվեները հաշվվեցին։ Ի դեպ, նշենք, որ սփյուռքի ձայներն էական ազդեցություն չունեցան․ Միլիտոնյանը սփյուռքից ստացավ 40 ձայն, Հովեյանը՝ 13, իսկ Դավիթ Սարգսյանն ու Ռոմիկ Սարդարյանը ձայներ չստացան։