Ինչու են դատախազներն ազատվում աշխատանքից

Ինչու են դատախազներն ազատվում աշխատանքից

 



Նորանշանակ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը շարունակում է կադրային «կոտորածը»: Երեկ էլ աշխատանքից ազատման դիմում է գրել Լոռվա Դատախազը`Հակոբ Ղարախանյանը, այդպիսով համալրելով արդեն իսկ աշխատանքից ազատված մյուս մարզերի` Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի դատախազների շարքը: Բացի մարզային դատախազներից, երեկ աշխատանքից ազատվելէ նաեւ Գլխավոր դատախազության տնտեսական և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը՝ կրկին իր դիմումի համաձայն: Նշենք նաեւ, որ բացի երեկվա պաշտոնանկությունները, դատախազությունից Կոստանյանի նշանակումից հետո մեկ տասնյակից ավելի ազատումներ են եղել, ընդ որում բոլորը «սեփական դիմումի համաձայն»: Կոստանյանն իր նշանակումից հետո ոչ ոքի աշխատանքից ազատման հրաման չի տվել:



 



Դժվար թե գտնվի մեկը, ով կհավատա, որ դատախազության այս բոլոր աշխատակիցները, որոնք հիմնականում Աղվան Հովսեփյանի կադրերն են, միահամուռ որոշեցին սեփական դիմումներ գրել ու ազատվել աշխատանքից: Մանավանդ՝ դատախազները, որպես կանոն, այլ աշխատանքի ունակ չեն, երբեւէ այլ համակարգեր չեն գնում եւ իրենց պատվից ցածր են համարում, ասենք՝ փաստաբան աշխատելը: Բնական է, որ նրանց բոլորին ասվել է` դիմում գրեք գնացեք: Դժվար թե գտնվի նաեւ մեկը, ով կհավատա, որ Կոստանյանը միայնակ՝ ինքնագլուխ է կազմակերպել այս «ջարդը»՝ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու:



 



Իսկ դա նշանակում է, որ իշխանությունն ազատվելով Աղվան Գառնիկիչի թիմից, ցույց է տալիս, որ  այլեւս չի վստահում այդ թիմին, որ կասկածի տակ է առնում նրանց պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը: Այս դեպքում անհասկանալի է մնում՝ եթե չեն վստահում Հովսեփյանի թիմին եւ ազատվում են նրանցից, ինչո՞ւ են իրեն` Գառնիկիչին բարձր պաշտոն տալիս, նոր կառույց ստեղծելու եւ այդ կառույցը նույնպես «փչացնելու» հնարավորություն ընձեռում: Ի դեպ, ասում են, որ «ազատվողների» բանակն անգործ չի մնալու՝ բոլոր այդ տխրահռչակ ու կոռումպացված դեմքերը ապաստանելու են Միասնական քննչական ծառայությունում:



 



Երեկ Լոռու մարզի դատախազի պաշտոնին հրաժեշտ տված Հակոբ Ղարախանյանի հետ հարցազրույցը՝ «Հրապարակ» օրաթերթի վաղվա համարում։