«Ես գողից չեմ վախենում, ոստիկանից եմ վախենում»

«Ես գողից չեմ վախենում, ոստիկանից եմ վախենում»

«Լղար դանա են» նրան ասում՝ չափից դուրս նիհար լինելու պատճառով: Ոսկորները մեկիկ- մեկիկ կարելի է հաշվել: Նրա վրա կարելի էր անատոմիայի ժամեր անցկացնել, քայլող անատոմիական նմուշ է: Դուռը միշտ բաց է քնում ու կատակում՝ որ գողերը գան ամոթից մի բան կթողնեն: Պատմում է, որ շատ է լինում, երբ արթնանում ու տեսնում է, որ անկյունում ինչ որ անծանոթ է քնել՝ մարդ է՜, տեղ չունի,- ասում է, ի՜նչ անի, փողոցից լա՞վ չի: Այդ լղարիկ մարդը իր քաշից տաս անգամ մեծ հոգի ունի, դա է պատճառը, որ նրա հետ զրուցելու են գնում աշխարհի խեր ու շառից հոգնած, կշտացած մարդիկ: Ցածր տրամադրությամբ գնում ու թևեր առած դուրս են գալիս: Նրա մոտ գնալուց դուռը չեն ծեծում, որովհետև միշտ կրնկի վրա բաց է լինում: Մոտ մեկ տարի չէի գնացել և ուտելու դես- դեն վերցնելով, որոշեցի այցելել նրան: Երբ առանց ծեծելու կամեցա ներս մտնել, դուռը փակ գտա: Երևի մահացել է,- անցավ մտքովս: Կողքի հարևանն ասաց՝ մի քանի ամիս կլինի՝ դուռը փակում է: Քիչ է շփվում, քչերի առաջ է դուռը բացում, փորձի՜ր, գուցե բացի: Զանգ չուներ, նուրբ ծեծեցի դուռը: Զգուշորեն հարցրեց՝ ով է և երբ իմացավ, կրնկի վրա բացեց դուռը: Մի բուռ էր դարձել՝ մարած աչքերով: Մոմի պես ոնց որ վերջին թրթռումներով էր ապրում: Էլ չուրախացավ ձեռքիս զամբյուղից, ճոճվող աթոռի վրա նստեց ու կախեց գլուխը: Լցված էր, և ես զգացի, որ այդ մի տարվա մեջ շատ բան է փոխվել: Լուռ սպասում էի, որ հանգստանա ու խոսի:
- Ինչու՞ ես դուռը փակում,- հարցրի՝ այլևս չդիմանալով լարվածությանը: Ուսերը թոթվեց:
- Վախենու՞մ ես գողերից, մարդասպաններից,- նորից հարցրի: Հայացքով ընդգրկեց սենյակը, ասել թե՝ ի՞նչ ունեմ, որ վախենամ: Հետո կամաց ասաց.
- Ես գողերից, մարդասպաններից չեմ վախենում:- Ես վախենում եմ ոստիկաններից:
Հետո իմացա, որ ամիսներ առաջ նրա տուն են ներխուժել ոստիկաններ՝ ինչ որ մեկին փնտրելու համար: Ինքը չի էլ իմանում, չի էլ հարցնում, թե ով է գիշերում իր տանը ու երբ ոստիկանները հարցնում են՝ թե ո՞վ է մնացել իր տանը, ուսերը թոթվում է: Ծեծում են: Ինքը ձայն չի հանում, ծեծում ու այդպես ընկած թողնելով, հեռանում են: Երեկոյան գալիս է այն մարդը, որին փնտրում էին ոստիկանները: Տեսնելով լղար մարդուն այդ վիճակում, մի քանի օր խնամում ու ոտքի է կանգնենում: Պատմելուց հետո գլուխը կախում ու ասում է.
-Հայաստանում մարդուն պետք է պաշտպանել ոստիկանից:



 



Շատ էր վախեցել և հավանաբար հոգեկան տրավմա էր տանում: Նա ոչ ոք չուներ ու միակ պաշտպանությունը գտել էր՝ փակելով դուռը: Երբ ինձ ճանապարհում էր, դուռը կողպելուց առաջ ասաց.
-Իմ բարեկամները երեք անգամ են կտտացնում դուռը, դու էլ այդպես կանես:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ