Ո՞վ է մեր սահմանը պահում, որ վայելեք ձեր անհամար հարստությունը

Ո՞վ է մեր սահմանը պահում, որ վայելեք ձեր անհամար հարստությունը

 



 



… Ցավ եմ զգում, երբ կորստից հետո չենք ամփոփում՝ ինչու՞ կորցրինք: Հա՜, մեր զինվորն իր կյանքով /խոսքս Արմենի մասին է/ ընկերներին կյանք շնորհեց, զինվորի ոգին բարձր է, հերոս է, բայց ինչքա՜ն կարելի է ուռռայով առաջ գնալ: Մի՞թե թշնամին կարող էր նման հեշտությամբ խոցել մեր արևելյան սահմանը, եթե մենք ունենայինք անվտանգություն ապահովող համապատասխան վերահսկողական սարքավորումներ:



Սահմանի հետ կապված մի ցավալի դեպք եմ հիշում, որը շատ նման է այս դեպքին:  Արցախյան պատերազմի ժամանակ Գորիսի Կատարի բարձունքը մեր կամավորների կողմից վերահսկվում էր: Պուշկիստը տեղեկացրել էր, որ համապատասխան լուսավորություն չկա: Այդ մթնում հնարավոր չէ ջոկել, թե որ ուղղությամբ աշխատեմ,- ասում է նա: Հիշեցի, որ մեկի տանը մի լավ ու բարձր լամպ կա: Դրսի պատուհանից էի տեսել: Այդ կնոջ հետ էլ ծանոթ էի, որոշեցի դիմել նրան.



-Տիկին…,-  Շատ եմ խնդրում այդ լամպը տվեք, տղաները լուսավորություն չունեն,- ասացի նրան:



Չէի սպասում, որ կմերժի, որովհետև այդ ժամանակ մարդ չկար, որ կամավորներին օգնություն չցուցաբերեր:



-Չեմ կարող,- ասաց,- դա պապեկան հարստություն է, թանկ է ու արժեքավոր:



Ինչքան փորձեցի համոզել, որ ետ կվերադարձվի, չհամոզվեց՝ չէ որ չէ: Ամուսինն էլ հեգնախառն ասաց՝ դու որ լինեիր, կտայի՞ր…



-Ես արդեն տված կլինեի,- բարկացա:



Նույն գիշերը ուժեղ հրետակոծություն է սկսվում: Մի զոհ է լինում և այն էլ լամպ չտվող կինը: Մի քանի օր հետո ամուսինը խեղճացած կանգնում է դիմացս.



-Գուցե լամպը տայինք, սահմանի վրա կանգնած տղաները քոռ- քոռ չկռվեին,- ասում է նա ու շողշողացող լամպը մեկնում ինձ:



- Ուրիշ լամպ եմ ձեռք բերել,- ասում եմ,- էլ պետք չի:



Ինչքան փորձում է տալ, չեմ վերցնում: Ասելիքս այն է, որ եթե մի մարդուց այսքան բան է կախված, որ կռվողն իրեն ապահով զգա, երկրի տերերից ինչքա՜ն բան է կախված… Իրենք իրենց հարց տալի՞ս են՝ ինչու՞ թշնամին այդպես անարգել կարողացավ հասնել զինվորների քթի տակ: Ո՞ր կետում են թերացել: Սահմանը, առաջնային գիծն  ինչու՞ է այդքան խոցելի: Հարաբերական խաղաղության երկար ու ձիգ տարիները չկարողացա՞ն օգտագործել՝ սահմանների ամրությամբ զբաղվելու համար: Որպեսզի այսօր հին կռվողները չասեն՝ թող մենք գնանք սահմանին կանգնենք, մենք որ զոհվենք, ոչինչ… Ախր  որ մեր բարձրաստիճաններն աղքատ լինեն, ինչպես նախորդ պատերազմից առաջ, կասեի՝ ժողովուրդ, եկեք, էլի ով ունի, մի կտոր ոսկի տա, որ զինվոր, սահման պահենք: Բայց տռզել ու պայթում են իշխանական ու զինվորական բարձրաստիճանները  հարստությունից, լուի պես արյուններս ծծելով ուռել ու պոկ չեն գալիս մեզանից… Հնար լիներ՝ նրանց անհամար կարողությունն ուղղել մեր սահմանների ամրապնդմանը, թե չէ այնպես է ստացվում, որ դղյակների ու ապարանքների երկրում սահմանների ամրակայման խնդիր կա: Իրենց հարստությունը այլ երկրներ են հանում, մեր սահմաններում մի փոքրիկ շնիկ է կատարում  էլեկտրական փշալարի դեր… Ո՞վ է մեր սահմանը պահում, որ վայելեք ձեր անհամար հարստությունը,- հարցնում եմ բարձրաստիճաններին: Մեր զինվո՞րը: Ուրեմն կերակրեք նրան, ձեր միլիոնների գերակշիռ մասն ուղղեք սահմանների ամրակայմանը: Ռուսն այնքան միամիտ չի, որ թույլ տա ձեզ հարստանալ ու ինքն էլ ռազմական ներդրումներ անի, ձեր սահմանները պահի: Մի օր այնպես աքացի կտա, որ մոր կաթներդ ձեր բերանը կգա… Կհայտնվեք նույն վիճակում, ինչ էիք Արցախյան պատերազմից առաջ:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ