Հաջորդ PR ակցիան անալիզների հանձնումը կլինի

Հաջորդ PR ակցիան անալիզների հանձնումը կլինի

Հայաստանի Հանրապետությունում երեկ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ, որի մասին սերունդները դեռ երկար կհիշեն: Լրացել էր Տիգրան Սարգսյանի անձնագրի  ժամկետը, եւ նա պետք է նոր՝ արդեն կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ ձեռք բերեր:



Նրա գովազդային իդեոլոգները շատ արագ  կողմնորոշվել էին,  որ այդ հնարավորությունը պետք է օգտագործել՝  ի նպաստ  վարչապետի վարկանիշի բարձրացման, եւ ահա, կեսօրին մոտ լուր տարածվեց, որ Տիգրան Սարգսյանը գնացել է Դավիթաշեն՝ նոր անձնագիր ձեռք բերելու: Իսկ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, անձնագրայինի գծով փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, իրենց բոլոր  գործերը թողած,  ուղեկցել են նրան: 



Վարչապետն  իր  հանդիսավոր այցը բացատրում է այն հանգամանքով, որ, բացի իր անձնագրի ժամկետը լրանալուց, նաեւ անձամբ ուզում էր տեսնել,  թե  Անձնագրային վարչության վերանորոգված ու ժամանակակից տեխնիկայով հագեցած շենքում քաղաքացիներին ինչպես են սպասարկում: Այս բացատրությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե մի քանի օր առաջ նա եւ մյուս իշխանավորները Եռաբլուրից մազապուրծ չփախչեին, որպեսզի շարքային քաղաքացիներին  չհանդիպեին, նրանց բողոքներն ու պահանջները չլսեին: Ավելին, եթե վարչապետն իսկապես  մտահոգված է ՀՀ քաղաքացիների սպասարկման մակարդակով, պետք է այցելի ոչ թե ամենաբարեկարգ, այլ մարզերում գտնվող անբարեկարգ բաժանմունքներ կամ դուրս գա զրահապատ մեքենայից ու շրջի քաղաքով մեկ: Նաեւ՝ որպեսզի պատկերացնի, թե վարչապետի կարիերան ինչ անդառնալի հետեւանքներ է թողել ՀՀ  քաղաքացու կենսամակարդակի վրա: Կամ, ասենք, մարդկանցից հետաքրքրվի, թե որն է  նվազագույն  աշխատավարձով գոյատեւելու գաղտնիքը: Սակայն խոստովանենք՝ առաջընթացն ակնհայտ է. նախկինում վարչապետն այցելում էր գյուղեր ու բարձր կաթնատվություն ապահովելու վերաբերյալ գյուղացիներին խորհրդատվություն ապահովում, հիմա այցելում է անձնագրային: Առաջիկայում, կարծում ենք, նոր ներկայացումներ կլինեն՝ օրինակ, վարչապետը որեւէ նորաբաց կլինիկայում անալիզներ կհանձնի, եւ նրան կուղեկցեն առողջապահության համակարգի առանցքային պաշտոնյաները:  Կամ, ասենք,  կորոշի անձամբ վճարել իրենց տան կոմունալ վարձերը, եւ նրան կուղեկցեն համապատասխան մարմինների ղեկավարներն ու համատիրությունների պետերը: Ի դեպ, երեկ կառավարությունից մեզ վստահեցրին, որ վարչապետը վճարել է անձնագրի համար նախատեսված գումարը, որը պետության սահմանած նվազագույն թոշակից բարձր է: 



 



ՀԳ. Նշենք, որ Անձնագրային եւ վիզաների վարչության այս  նոր շենքի բացումը տեղի է ունեցել ամիսներ առաջ, որին վարչապետը չի մասնակցել:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]