Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է (Երգ Վահան Տերյանի խոսքերով)

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է (Երգ Վահան Տերյանի խոսքերով)

Օդը լիքն էր Տերյանով



 



Վահան Տերյանն այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի: Նրա առաջին իսկ գիրքը՝ ութսուն էջանոց փոքրադիր «Մթնշաղի անուրջները», հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում: … նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ. այդ գրքից հետո նրան չէին ասում «սկսնակ» կամ զրջողաբար «երիտասարդ գրող», այլ ուղղակի բանաստեղծ, որովհետև նա իրոք բանաստեղծ էր «կամոքն աստուծո»:



 



Մեր գրականության պատմությունը չի տեսել, երևի, բանաստեղծական երկի այնպիսի սրտագին ընդունելություն, որին արժանացավ Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն: … Բայց «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելություն գտան երիտասարդության կողմից, և կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևողների մի ամբողջ բազմություն: Իսկ երկրպագուներին թիվ չկար: Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները. ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանվում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները: Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»:



 



Եվ սա արդեն ապացուցում էր, թե ինչ սրտագորով պոետ էր Տերյանը: Լև Տոլստոյը, կամենալով շեշտել Չեխովի մեծ հմայքը, բերում է մի այսպիսի օրինակ, թե ինչպես գերմանացի սիրահար տղան ամենաթանկ նվերն իր սիրածին համարել է Չեխովի գիրքը: Նույնն էր Տերյանի դեպքում. ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջներն» էր:



 



Հատված Ստ. Զորյանի «Հուշերի գրքից»



 



Բանաստեղծություններ



 



Սիրում եմ



 



Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։



 



Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։



 



Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա…



 



Արդյոք ո՞ւր ես



 



Ես չգիտեմ` ուր են տանում հեռավոր
ՈՒղիների ժապավեններն անհամար,
Ես նստում եմ ճամփի վրա ամեն օր
Եվ աղոթում և թախծում եմ քեզ համար:



 



Եվ իմ մոլոր ուղիներում,ով գիտե
Գուցե մի օր դու երեվաս լուսերես.
Գուցե ժպտաս քո ժպիտով արծաթե
Եվ մութ սրտիս նոր խնդության լույս բերես:



 



Օձանման ոլորումով հեռախույս
Ինձ կանչում են ուղիները բյուրավոր.
Արդյոք ուր ես,խորհրդավոր արշալույս,
Հանդիպումի երջանկության պայծառ օր...