Ֆարմանյանի արկածախնդրության վերջաբանը

Ֆարմանյանի արկածախնդրության վերջաբանը

Սկիզբը՝ նախորդ հրապարակումներում



 



ԵՄ-Հայաստան PCC 14-րդ նիստի «Եզրափակիչ հայտարարության եւ առաջարկությունների» 9-րդ կետը նույնպես վերաբերել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր «Ասոցացման համաձայնագիր Light-ին», որն այլապես կարող է կոչվել «PCA plus»: Փաստաթղթի բրյուսելյան նախագիծը կոչ է արել գործընթացի մասնակիցներին հստակ եւ արագորեն որոշակիացնել ոլորտները, որոնք պետք է ընդգրկվեն նոր Համաձայնագրում: «PCC… 9. calls all stakeholders to determine clearly and rapidly what domains such a new  Agreement could realistically encompass,…»: Ֆարմանյանը տեքստից հանել է «նոր Համաձայնագիր» ձեւակերպումը:



Ինչ վերաբերում է «Եզրափակիչ հայտարարության» երկրորդ` «Տարածաշրջանային կայունության հարցեր» հատվածին, ապա այդտեղ Բրյուսելից առաջարկվել է 4 կետ, այդ թվում՝ 7-8 տողանոց մի կետ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ֆարմանյանը Բրյուսել է վերադարձրել 1-ի փոխարեն 4 կետի առաջարկ, մոտ  30 տող ծավալով եւ այնքան ցնորամտություններ ընդգրկող, որ դրանից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին երեւի անելիք չէր մնա: Գուցե նույնիսկ դա մտածվել է որպես ծխածածկույթ՝ «Եզրափակիչ հայտարարության» չընդունվելը Հայաստանի ներքին լսարանին ներկայացնելու համար: 



 



Թվարկված եւ մյուս աղճատումների, նենգափոխումների ու զեղծարարությունների արդյունքում յուրաքանչյուրին էլ տեսանելի է դարձել, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունն ամեն գնով ջանում է Հայաստանի ժողովրդից թաքցնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար էական տեղաշարժերն ու մտադրությունները, որոնք թեական են դարձնում Մաքսային միությանը միանալու ուղղությամբ ՀՀ պետական մարմինների ծավալած ագրեսիվ քարոզչության վստահելիությունը:



 



Այդքանից հետո ավելի քան սպասելի է, որ եվրոպական կողմն անիմաստ համարեր ստորագրել փաստաթուղթը, որով Հայաստանի ժողովրդին չեն հասնելու անհրաժեշտ մեսսիջները: Ենթադրելի է, որ հենց այդ  մտայնությամբ PCC-ի եվրոպական պատվիրակներից լոկ մի քանիսն են գալիս հանձնաժողովի նիստին: Նիստն անտեսում են բոլոր ծանրքաշային պատվիրակները, որոնք եղանակ են ստեղծում ոչ միայն ԵՄ-ՀՀ PCC-ում, այլեւ ընդհանրապես Եվրոպայի խորհրդարանում` Յացեկ Սարյուս Վոլսկին, Վիտաուտաս Լանդսբերգիսը, Գունար Հոկմարկը եւ այլք:  Մյուս պատվիրակներն էլ մասնակցում են այնքան, որքանով կապահովվեր նիստի կայացումը, թերեւս որովհետեւ նիստի չկայանալն ավելի անցանկալի տարբերակ էր:



 



ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ






Իբրեւ վերջաբան, արժե մի քանի դատողություն անել PCC հայաստանյան պատվիրակների մասին: Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգությունում մի քառատող կա: Շեքսպիրը Կասիոսի շուրթերով ասում է.



 



«Էլ ինչո՞ւ հապա թույլ տալ Կեսարը բռնակալ դառնա:



Խեղճ մարդ, ես գիտեմ նա գայլ չէր դառնա,



Եթե չտեսներ, որ  հռոմեացիք ոչխարի հոտ են:



Առյուծ չէր կտրի, եթե չլինեինք երկչոտ այծյամներ»:



 



Մի կողմ թողած կենդանական այլաբանությունը, ասվածի էությունը ճիշտ է: Եթե ԵՄ-Հայաստան PCC-ի հայաստանցի պատվիրակներն իրենց դիրքում լինեին, ինչ-որ Սամվել Ֆարմանյան ինչպե՞ս պիտի համարձակվեր սեփական անձը պատվիրակության հետ շփոթել եւ մյուսներին նման ամոթալի ՈՒպՐՈ-ի մեջ ներքաշել, որ ամենքին թվա` Հայաստանի խորհրդարանը սարսափում է ԵՄ-ի հետ հարաբերությունների վիճակը, ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագիր/ԽՀԱԱԳ-ի առկախված լինելը, նոր Ասոցացման համաձայնագիր light-ի նախապատրաստումը հրապարակայնացնելուց: Թող պատվիրակներն իրենք գնահատեն իրենց:



 



Գալով Սամվել Ֆարմանյանի անձին եւ վարքին, երբ գաղտագողի ու միտումնավոր այնպես է փաստաթուղթը խեղում, որ դրանից հանի բոլոր հանգուցային մեսիջները եւ անիմաստ դարձնի նման փաստաթղթի ստորագրումը, այժմ դրան ԵԽ-ից բացի նաեւ Հայաստանի ողջ քաղաքական դաշտն ու դիվանագիտական կորպուսը տեղյակ դարձան: Ինչու այսպես վարվեցի՞նք: Որպեսզի հաջորդ անգամ ոչ Սամվել Ֆարմանյանի, ոչ էլ ԱԺ իր նմանակների մտքով չանցնի սեփական անարժան վարքի արժանի պատասխանները ներկայացնել իբրեւ Հայաստանի հանդեպ վերաբերմունք:



 



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]