Ռայոններում է՛լ չուլկի ու կոշիկ, էլ շոր չի մնացել, բոլորը Սերգոյի խորհրդով վառել ու տկլոր են մնացել

Ռայոններում է՛լ չուլկի ու կոշիկ, էլ շոր չի մնացել, բոլորը Սերգոյի խորհրդով վառել ու տկլոր են մնացել

 



Վա՜յ Սերգո, Սերգո: Էրեգ գյուղնախարարությունից մի SMS ստացա ու մտքովս հազար ու մի բան անցավ: Վերջը տեսա, որ հասարակական բան են գրել՝ ձգագոտիներդ կապեք, ցրտահարություն է սպասվում: Տեսա, որ դեռ մի երկու օր կա մինչև ցրտահարություն, ասացի՝ դուրս գամ ու հասկանամ, թե ինչ է կատարվում Սահմանադրական դատարանում և այլուր, քանի եղանակները տաք են: Բոլոր հանրահավաքներին ներկա լինելուց հետո հանրահավաքային տրամադրությամբ ընկա կարկուտի տակ ու զայրացա՝ Սերգո, Սերգո, չէի՞ր կարող մի հատ sms էլ անեիր ու ասեիր, որ անսպասելի կարկուտ է գալու:  Լավ է, որ Աստված կարկուտն ասենք ձմերուկի չափ չի ստեղծել, թե չէ այդ օրը շատ գլուխներ էին վտանգվելու: Ինչևէ, կարկտահարված մտա տուն ու ինչպես ծիրանի ծաղիկներն էին փռվել, ես էլ կարկտահարված փռվեցի ու քնեցի: Առավոտ որ վեր կացա, առաջինը սոտվուս նայեցի՝  sms  չունե՞մ Սերգոյից: Չկար ու չկար: Բա լավ, մեր վիճակն ի՞նչ է լինելու,- սկսեցի անհանգստանալ ու բնազդաբար պատուհանից դուրս նայեցի: Տեսա, որ ձյուն է եկել ու մանրից էլ լավ գալիս է: Այստեղ արդեն միտինգային տրամադրությունս զարթնեց՝ Սերգո բա դա անելու բա՞ն է, որ անում ես, ձյուն էր գալիս, գոնե մի հատ sms ուղարկեիր: Էս կարո՞ղ է ուրիշներին ուղարկել, ինձ չի ուղարկել,- մտածեցի ու ինտերնետ մտա: Հա՜ էլի: Հաղորդում են, որ նախարարը սրոչնի Արմավիրից սկսած բոլոր ռայոններն է գնում՝ անձամբ դիտելու, թե ձյունն ինչպես է գալիս: Ռայոններում է՛լ չուլկի ու կոշիկ, էլ շոր չի մնացել, բոլորը Սերգոյի խորհրդով վառել ու տկլոր են մնացել: Հիմա էդ վիճակում նախարարին են սպասում: Հին, պապեկան մեթոդ է, կրակ են անում ու ինչ ունեն, չունեն մեջը գցում: Այս պահին նախարարին ու մյուս պաշտոնյաներին են սպասում:



 



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ