Ինչու պետք է կարդալ

Ինչու պետք է կարդալ

ՓՐԿԱԼՈՒՅՍ ՊԱՏՈՒՀԱՆ



Հայ գրաքննադատությունը հանգաբանության խնդիրներին համարյա  չի անդրադառնում, համենայնդեպս` դրանք այդպես էլ չեն դառնում առանձին եւ լուրջ քննարկման կամ ուսումնասիրության առարկա: Կարծում եմ, նաեւ դա է պատճառը, որ հանգի` իբրեւ տաղաչափական երեւույթի վերաբերյալ մեր պատկերացումները թերի են: Կարծում եմ նաեւ, որ այդ պատճառով է հայոց Պառնասը լեցուն անթիվ ու բազմապիսի հանգաթուխներով, որոնց ոտանավորը հախուռն հարստացնում է հայ հանգաբառարանը, բայց երբեք` հայ բանաստեղծությունը: Հազիվ երկու-երեք բացառությունները հաշվի չառած` հանգը  չի ծառայում բանաստեղծությանը, այլ` ընդհակառակը, չի ծնվում բանաստեղծությունից, այլ ծնում է նրան:



Հանգաբանական նորարարության, հատկապես հանգի «ծննդաբանության» առումով Ռուզան Հովասափյանի պոեզիան արժանի է ոչ միայն սոսկ ընթերցման, այլեւ ուշադիր ընթերցման:



Ամենազարմանալին թերեւս պոետական մաքուր վիճակներ ապահովելով  հասարակ հանգն էլ զրնգուն հանգի վերածելու բանաստեղծուհու աստվածատուր շնորհն է: Ահավասիկ, «Տիրամոր պես…» բանաստեղծության մեջ «ոսկեգանգուր»-«խուլ», «ճերմակաթույր»-«հարություն» հանգերը ակնարկված պոետական վիճակից դուրս հասարակ եւ նույնիսկ պարզունակ բաներ են, մինչդեռ բանաստեղծության մեջ հնչում են բացառիկ կատարելությամբ:



 



Տիրամոր պես ծնկի իջա բառիս առջեւ.



Խաչել էին միամորիս ոսկեգանգուր,



Ու գամերի արձագանքն էր



շամփրոտում դեռ



Լռությունը հեռուների ու ճիչս խուլ:



Բայց փայում էր տեսիլքի պես



ճերմակաթույր



Մի թղթեղեն ու քնքշենի մխիթարանք.



Չգիտեի` պատա՞ն է այն, թե՞ հարություն,



Չգիտեի, թե ում սիրտն է իր գրչի տակ...



 



Հարկ է ուշադրություն դարձնել բանաստեղծության առաջին երկու տողերի երաժշտականությանը, «տիրամոր պես»-«միամորիս» ներքին հանգ հիշեցնող բառերի հրաշալի ներդաշնությանը: Չգիտեմ` ընթերցողը նկատե՞ց, որ առաջին քառատողի առաջին ու երրորդ տողերը հանգավորված չեն: Դժվար թե նկատեց, որովհետեւ «առջեւ»-«դեռ» բառերը հանգ չեն կազմում բանաստեղծությունից դուրս միայն, մինչդեռ ներսում զարմանալի համերաշխությամբ հնչում են իբրեւ կատարյալ հանգերգություն: Եվ բազում են հեղինակի այն գործերը, որոնցում նրա աստվածատուր այդ շնորհը ներկա է: Եվս մի հատկության մասին, որ կարեւորում եմ: Պոետական մաքուր համատեքստը անսպասելիորեն ազնվացնում է հանգերը, նույնիսկ այնպիսի չարչրկվածը, ինչպիսին է, դարձյալ վերը բերված բանաստեղծության օրինակով, «մխիթարանք»-«տակ»-ը: Ի՛նչ անբացատրելի մաքրությամբ են հնչում այդ հանգերը բանաստեղծուհու գրչի տակ: Մի վկայություն, ահավասիկ, եւս՝ համոզվելու համար, թե իրավամբ որքան է խորքայնորեն ասելիքի ու պոետական տրամադրության հետ փոխկապակցված Ռուզանի հանգաբանությունը:



 



Ու հեռացա` ճանկռտելու անկյունս մութ,



Մոռանալու շշունջներդ խենթ ու նանիր.



Ո՜նց կուզեի` ի սկզբանե ձգվեր ամուր



Պարանդ պիրկ, որ ստվերն է իմ մարմնի:



 



«Մութ»-«ամուր», «նանիր»-«մարմնի» հանգերը, որ դարձյալ կատարյալ են պոետական  համատեքստում, հնչում են գրեթե անշուք, եթե նրանից դուրս են:



Կարդացե՛ք Ռուզան Հովասափյան: Հրաշալի հանգաբանությունից առավել` այնտեղ կգտնեք անեղծ ու տառապյալ հոգի, որում ճակատագրի կամոք խտացած խավարից բանաստեղծությունը բացվում է իբրեւ փրկալույս պատուհան:



 



Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ