Օլիգարխն օլիգարխի թաթ չի տրորի

Օլիգարխն օլիգարխի թաթ չի տրորի

Երբ երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանելու



կոչված եւ ժողովրդի փողերով ապրող նախագահը,



վարչապետը, նախարարները օլիգարխներ են,



ապա բնական է, որ նրանք դավաճանեն ժողովրդին եւ պաշտպանեն օլիգարխների շահերը: Իսկ օլիգարխները Հայաստանի պես երկրներում, ինչպես հայտնի է, ժողովրդի թշնամիներն են, քանի որ նրան կողոպտելով են հարստացել ու շարունակում հարստանալ:






Օլիգարխն օլիգարխի թաթ չի տրորի: ընդհակառակը, նրանք ձեռք ձեռքի տված անցնում են ժողովրդի վրայով: Օրինակներ՝ որքան ուզեք:






Օրերս վարչապետը մատ թափ տվեց եւ սպառնաց իր օլիգարխ ընկերների շահերին դեմ գնացող ակտիվիստներին: Մոռանալով իր ընկերների սանձարձակ ամենաթողությունը, այն, որ անգամ կառավարության (մշակույթի նախարարության) որոշումներն են ոտնատակ անում Երեւանի հուշարձան-տները քանդող օլիգարխները, դրանով իսկ մատնելով, որ նախարարության որոշումը միայն ժամանակ շահելու եւ Աֆրիկյանների տունը արագ քանդել-վերջացնելը հնարավոր դարձնելու համար էր, վարչապետը ամենաթողության մեջ է մեղադրում օլիգարխների վրա մանրադրամ նետած ակտիվիստներին: Ինչպես ասում են, սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի շյուղն է մատնացույց անում:






Իսկ մի՞թե վարչապետը չի կարող կամ չի ուզում դադարեցնել այդ տան ապօրինի քանդումը, այն էլ նախարարության որոշումից հետո: Սա ի՞նչ աչքակապություն ու ամենաթողություն է: Մենք վարչապե՞տ ունենք, թե՞ խեղկատակ:






Մեկ այլ օրինակ: Մայրաքաղաքի կենտրոնում եւ այլ վայրերում օլիգարխների սանձարձակ մերձավորները կամ հովանավորյալները ապօրինի ձեռք բերած զենքով օրը ցերեկով կրակում են, մի քանի մարդու վիրավորում, հետո առանց դատ ու դատաստանի սանձարձակվում (ազատ արձակվում): Իսկ նոյեմբերի 5-ի գործով ձերբակալված խեղճ տղաները, որոնց ձեռքին ընդամենը խորհրդանշական փայտե ձողեր ու ճայթուկներ էին, եւ որոնք մրջյուն անգամ չեն տրորել, արդեն ութ ամիս է՝ առանց դատ ու դատաստանի նստած են քրեակատարողական հիմնարկում: Սա՞ է մեր արդարադատության դավանած արդարությունը: Այսպիսի խտրականությա՞մբ պիտի վարչապետը առողջացնի մեր կառավարման համակարգը, տնտեսությունն ու հասարակությունը: Եթե այո, ապա ավելի լավ է՝ հրաժարվի իր խոստումներից: Մեզ պետք չեն այդպիսի կեղծ խոստումներ, որոնք ընդամենը ժողովրդի աչքին փչած փոշի են:






Մեր երկրում օլիգարխների ու իշխանությունների ամենաթողության պատճառով վտանգված են ոչ միայն մարդու իրավունքները, մշակույթի հուշարձանները, այլեւ մեր մայր բնությունը: Օլիգարխների շահերին զոհ է գնում մեր լեռնային մարգարիտը՝ կապուտակ Սեւանը:






Վերջին ժամանակներում սովորական է դարձել, որ տարին ինչքան էլ տեղումնառատ լինի, մեր երկրի «սրտացավ» կառավարությունը պիտի հայտարարի, թե տարին սակավաջուր է, եւ անհրաժեշտ է Սեւանից լրացուցիչ ջրառ կատարել Արարատյան դաշտը ջրելու համար: Ու որպեսզի այդ հայտարարությունը համոզիչ լինի, Արարատյան դաշտը ոռոգող ջրամբարները (Ապարանի, Ազատի, Երեւանի եւ այլն) միտումնավոր դատարկ են թողնվում. հսկայական քանակով քաղցրահամ ջուրը, առանց մեր տնտեսությանը որեւէ օգուտ տալու, գնում Կասպից ծովն է լցվում՝ իբրեւ նվեր Ադրբեջանին: Իսկ դրանից տուժում է Սեւանը: Այսպիսի ստոր դավադրություն կարելի էր սպասել միայն Երվանդ Օտյանի «հերոս» Փանջունուց: Բայց ահա պարզվում է, որ հայրենի կառավարությունը գերազանցում է Փանջունուն:






Ո՞րն է այս պետական վնասարարության չհայտարարված նպատակը:






Եթե իշխանությունները ջրամբարները դատարկ են պահում, որպեսզի Սեւանից ավելի շատ ջուր վերցնեն, ուրեմն նրանց հենց Սեւանի ջուրն է պետք, այլ ոչ թե ջրամբարների: Իսկ Սեւանի ջուրը օգտագործվում է ոչ միայն ոռոգման, այլեւ Սեւան-Երեւան կասկադի՝ իշխանամետ օլիգարխներին պատկանող ջրաէլեկտրակայանները աշխատեցնելու համար: Որքան շատ ջուր բաց թողնվի Սեւանից, այնքան էլեկտրակայանները ավելի շատ էժանագին հոսանք կարտադրեն, որն էլ գրեթե տասնապատիկ բարձր գնով կվաճառվի ժողովրդին՝ գերշահույթներ բերելով թե՛ օլիգարխներին, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մենատեր ընկերությանը, որը ռուսական Ինտեր ՌԱՕ ԵԷՍ-ի դուստր ձեռնարկությունն է (ռուսական այդ մաֆիական հսկան կողոպտում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ եւս 14 երկրների ժողովրդին):






Եթե իշխանությունները չեն թողնում, որ Սեւանի մակարդակը բարձրանա, ուրեմն չեն ուզում վտանգել իշխանամետ օլիգարխներին պատկանող առափնյա օբյեկտները, լողափերը: Սեւանի բոլոր ափերը զավթված են զանազան օլիգարխների կողմից, կառուցապատված են հանգստյան տներով, հյուրանոցային համալիրներով, ռեստորաններով, հարդարված են որպես վճարովի լողափեր: Դրանք էլ են օլիգարխներին բերում գերշահույթներ, որոնց մի մասն էլ բաժին է հասնում ամենախոշոր եղջերավոր իշխանավորներին:






Եթե իշխանությունները դեպի Ադրբեջան ավելի շատ ջուր են ուղարկում, գուցե Ալիեւի՞ն են այդպիսի բան խոստացել... Այս վերջինը, իհարկե, անհավանական է, բայց սպասելի է մեր «ազգանվեր» իշխանություններից:






Ոռոգման ջրի այլ աղբյուրները թողած՝ Սեւանից հավելյալ ջրառ կատարելու ուրիշ պատճառ մեզ հայտնի չէ: Իշխանությունների «հիմնավորումները» Գյուլնազ տատի հեքիաթներ են: Իսկ վերը նշված պատճառները արդեն վկայում են իշխանական մակարդակով իրականացվող ամենաթող հանցագործության մասին: Իզուր չեն ասում, որ ներկայիս իշխանությունները պատանդ են օլիգարխների ձեռքին: Այո՛, օլիգարխների շահերից ելնելով՝ մեր բնությունը փչացնելը հանցագործություն է պետության եւ ազգի դեմ:






Բայց ո՞վ պիտի պատժի հանցագործներին: Սա է խնդիրը:






Միակ ելքն այն է, որ բոլոր չծախված մարդիկ դառնան ակտիվիստ եւ չհավատան օլիգարխների առաջնորդած կեղծ ընդդիմադիրներին:






Խաժակ Հրաչյան