Անազնիվ խաղ մարզահամալիրի շուրջ

Անազնիվ խաղ մարզահամալիրի շուրջ

Երեկ ԴԱՀԿ-ն արդեն չորրորդ անգամ աճուրդի հանեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, վաճառելով այն սեփականատիրոջ՝ ԲԱՄՕ ընկերության պարտքերի դիմաց: Չորրորդ անգամ գնորդ չհայտնվեց: Ամեն հաջորդ աճուրդին համալիրի գինն իջնում է: Առաջին անգամ մեկնարկային գինը 19 միլիարդ 350 միլիոն դրամ է եղել, իսկ երեկ այն արդեն 14 մլրդ 106 մլն 150 հազար դրամի էր հասել՝ ծիծաղելի ցածր գին: Աճուրդը կտեւի մինչեւ հուլիսի 14-ը: Պարտքի պատմությունն առեղծվածային է:



 



Տնտեսական ճգնաժամի ընթացքում ԲԱՄՕ-ի սեփականատերերը՝ Մուրադյան եղբայրները, կառավարությունից 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, բայց քանի որ ՀՀ-ում ԲԱՄՕ-ն այլ անշարժ գույք չուներ, գրավադրել է Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Այս գումարից ոչ մի լումա մարզահամերգայինի վրա չի ծախսվել: Այն տրամադրվել է Մուրադյանների ընտանիքին պատկանող «ԲԱՄՕ մետալ» ՓԲԸ-ին: Ընկերությունը հիմա էլ չի հրաժարվում պարտքը վերադարձնելուց: «ԲԱՄՕ»-ն դիմել է ֆինանսների նախարարություն, խնդրել է հաշվարկներ անել եւ հստակեցնել, թե ինչ ժամկետում կարող է փակել պարտքը, քանի որ համալիրն աշխատում է վնասով: «Հասկանալով, որ համալիրի միջոցներից դա հնարավոր չէ անել, Մուրադյան եղբայրներն աշխատում են գումար գտնել իրենց ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկություններից»,- ասում է Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը: Սակայն մայիսի 5-ին ԴԱՀԿ-ն որոշում կայացրեց համալիրի 10,2 միլիարդ դրամ պարտքի դիմաց գրավի առարկան` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն աճուրդով իրացնելու մասին: Այս որոշումը «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն բողոքարկեց դատարանում եւ շահեց, սակայն ԴԱՀԿ-ն հրաժարվեց կատարել դատարանի որոշումը, պատճառաբանելով, որ այնտեղ ոչինչ նշված չէ աճուրդը կասեցնելու մասին: Համալիրի տնօրինությունը կարծում է, որ ԴԱՀԿ-ն իշխանությունների պատվերն է կատարում: «ԴԱՀԿ-ն հստակ ուղղորդվում է իշխանությունների կողմից,- ասում է Կորյուն Գրիգորյանը,- նա, փաստորեն, ասում է՝ ես թքած ունեմ դատարանի որոշման վրա եւ շարունակում եմ իմ աճուրդը, որովհետեւ այդպես եմ ուզում: Երկրորդը՝ գինը որոշում են չափազանց ցածր, աճուրդների միջոցով փորձում են հասցնել պարտքի չափին, որպեսզի շենքը խլեն: Արդյո՞ք դա ուղղորդում չէ: Պետությունը հայտարարում է, որ ինքը կանգնած է ներդրողի կողքին, իսկ հիմա «քցում է» նույն ներդրողին»: Ով է կանգնած համալիրի վաճառքի գործարքի հետեւում, գաղտնի է պահվում: Լուր պտտվեց, որ համալիրը մտադիր է գնել Գագիկ Ծառուկյանը: Սակայն ԲՀԿ առաջնորդն իր կուսակցության երիտասարդ անդամների հետ հանդիպման ժամանակ հերքել էր սա: «Այն, որ Գագիկ Ծառուկյանն է ուզում գնել համալիրը, աբսուրդ է, նման բան չկա: Դժվար նա ուղղորդեր ԴԱՀԿ-ին: Մեր երկրում զարգացած է շախմատը, եւ սա հերթական քայլն է ձիով, որի նպատակն իրական գնից մի քանի անգամ էժան գույք գնելն է, հետո թանկ վաճառելը եւ գրպանը դնել տարբերությունը: Սա շատ պարզ աշխատանքային ոճ է»,- ասում է ԲԱՄՕ-ի ներկայացուցիչը: Հետաքրքիր է, որ աճուրդի հանված ընկերության պարտքի պահանջատերը պաշտպանության նախարարությունն է: Այս անգամ էլ, ինչպես եւ մի շարք այլ նմանատիպ գործարքներում՝ «Որոտան կասկադ»-ի, անվադողերի գործարանի, Աշտարակի «Վանալիճ» ռեստորանային համալիրի վաճառքի ժամանակ, գործում է հետեւյալ սխեման. օբյեկտներն անցնում են ՊՆ հաշվեկշռին, դատական նիստերն անցկացվում են փակ, գաղտնի ռեժիմով, եւ այս ընթացքում գաղտնիության պայմաններում հարցեր են լուծվում: Նախարար Սեյրան Օհանյանի խոսնակից փորձեցինք պարզել, թե ինչ կապ ունի պաշտպանության նախարարությունը «Մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի աճուրդների հետ: Նա ասաց, որ հարցը քննարկվել է նախարարությունում, սակայն իրենց համար էլ է այն մութ մնացել: Նա հերքեց մամուլում տարածված տեսակետը, թե համալիրի բաժնետոմսերի գրավադրված մասի տերը ՊՆ-ն է: «Պաշտպանության նախարարությունը ոչ մի բաժնետոմս չունի», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը:



 



Սյուզան Սիմոնյան