Փակագիծ

Փակագիծ

Նարինե Թուխիկյան. Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն






- Ինչպիսի՞ն պետք է լինի պետական պաշտոնյան, իշխանության ներկայացուցիչը:



 



Պրոֆեսիոնալ պիտի լինի եւ անբասիր. ուրիշ որակ չկա։ Պետական պաշտոնյան շատ մեծ ծառա է իր ժողովրդի, պետության համար եւ իր գործը շատ լավ պետք է անի։ Եթե դու գնում ես այդ ճանապարհով, ուրեմն պիտի պատրաստ լինես անձնական զոհողությունների, ինչի հակառակը որ տեսնում ենք հիմա, այսինքն՝ ամեն ինչ զոհվում է պաշտոնյայի անձնական նեղ շահի համար։ Կրկնում եմ՝ եթե այդ ճանապարհն է ընտրել, ուրեմն պիտի գնա շատ մեծ զոհողության՝ եւ ֆինանսական, եւ ֆիզիկական, մինչեւ իսկ՝ առողջական։ Ամբողջապես պետք է նվիրվի հայրենիքին եւ պետությանը։ Բայց նույն ստերեոտիպային սովետական մտածողությունն է, որ ոչ մի բան չի փոխվել, նույն քարացած եւ բետոնային ուղեղները, որ կային, դրանք մնացել են, ավելի են կարծրացել, եւ դա քանդել հնարավոր չէ, ուղղակի պիտի վերցնես այդ բետոնը եւ շպրտես մի կողմ ու նոր, թեթեւ, ազատ կոնստրուկցիաներով կառուցես մի բան։



 



Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդպես է, դրա համար ենք մենք խուսափում քաղաքակիրթ հանրության անդամ դառնալուց, թեպետ մեր մշակույթով ու հայացքով, ժողովրդին նկատի ունեմ, հենց այդ հանրությանն ենք պատկանում։ Իսկ դա իշխանություններին ձեռք չի տալիս, որովհետեւ նշանակում է պատասխանատվություն կրել։ Իսկ եթե քո մեթոդը բռնակալական է՝ վայրենությունը, կոպտությունը եւ պատասխանատվության զրո զգացողություն, ուրեմն դա ընդունելի տարբերակ է, ինչպես եւ տեսնում ենք, որ մենք հիմա գնում ենք համարյա ֆաշիստական՝ պուտինյան Ռուսաստան, որտեղ մարդը համարյա ոչ մի բան է։ Ոչ մի բան էր նաեւ սովետի ժամանակ, ոչինչ չի փոխվել։ Չմոռանանք, թե երբ են Ռուսաստանում ճորտատիրական կարգերը վերացել, եւ հարց է՝ արդյո՞ք վերացել են։ Գուցե դե յուրե վերացել են, բայց դե ֆակտո չեն վերացել։ Եթե մենք գտնում ենք դե ֆակտո ճորտատիրական համակարգի մեջ մտնել, ուրեմն դա ձեռնտու է որոշակի մարդկանց, որովետեւ նրանք այդպիսով պաշտպանում են իրենց անձնական շահը, հարստությունը եւ իրենց «հավերժականությունը»։ Ուղղակի չեն հասկանում, որ ինչքան էլ իրենց կոտորեն, վերջը ենթարկվելու են պատասխանատվության։



 



Իմ նախընտրած քաղաքական գործիչը Ուրուգվայի ներկայիս նախագահն է, իսկ հոգեւոր ոլորտում՝ այսօրվա Հռոմի պապը։ Ինձ համար երկու տիպար՝ հոգեւոր ղեկավարության եւ աշխարհիկ ղեկավարության։ Իսկ Ուրուգվայի նախագահին անընդհատ ուզում եմ թագավոր ասել, որովհետեւ ինքն իրապես էությամբ թագավոր մարդ է՝ իր այդ համեստության մեջ, այդ թվացյալ աղքատիկ կենցաղավարության մեջ, բարության մեջ. հրաշք մի մարդ։ Երանի մեր ղեկավարներին էլ վարակեր իր մտածելակերպով եւ վարքով։ Աստված իրեն երկար տարիների կյանք տա։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ