Արմեն Աշոտյանին «աստղայինը չի տանում»

Արմեն Աշոտյանին «աստղայինը չի տանում»

«Երկար եմ սպասել այս օրվան՝ մեկ տարի: Կան միջոցառումներ, որոնցից հասկանում ես, որ տարի է ֆռռացել, տարի է անցել: Բայց ուզում եմ ասել, որ մենք ընդամենը մեկնարկում ենք մեր այս հանդիպումով այն երախտիքի միջոցառումների շարքը, որոնք նվիրված են լինելու ձեզ՝ ուսուցիչներին եւ մանկավարժներին»: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ նախարարությունում ընդունեց մարզերից եկած դպրոցների տնօրեններին եւ ուսուցիչներին: Տարին «ֆռռացել» է, եւ եկել է ժամանակը պարգեւատրելու այս տարվա լավագույն ուսուցիչներին եւ տնօրեններին: «Մենք սիրում ենք դա կրկնել, եւ ուզում եմ ասել, որ միայն ուսուցչի տոնն է, որ Հայաստանի Հանրապետության օրենքով է սահմանված որպես մասնագիտական տոն: Իհարկե, ծանր է ուսուցչի աշխատանքը. ձեզանից շատերն իրենց գործն սկսել են անկախության տարիներից առաջ եւ այսօր, կառուցելով ազգային դպրոց, բախվում են տարբեր մարտահրավերների: Խնդիրների մի մասը սոցիալական է, մի մասը ֆինանսական է, մի մասը՝ բովանդակային: Ուզում եմ փաստել. մեր ազգային բանակից հետո ամենանվիրյալ եւ անխոնջ բանակը հայրենիքի՝ դա ուսուցիչների բանակն է: Եվ կապ չունի, որ հիմնականում կանայք են այդ բանակը ներկայացնում, կարծում եմ, որ մեր սերունդն ապահով ձեռքերում է»,- բացման խոսքում նշեց Արմեն Աշոտյանը: Կրթության եւ գիտության նախարարն ավելացրեց նաեւ, որ, այսպես ասած «սուպեր» ուսուցիչներին կդիմավորեն համապետական տոնական միջոցառմանը: «Ուզում եմ, որ դուք շարունակեք աշխատել այնպես, ինչպես աշխատում եք, որպեսզի ավելի շատ աշխատեք ինձ հետ, նախարարության հետ: Ուզում եմ, որպեսզի ձեր համբերատար կեցվածքը չխանգարի, որ մենք ձեզանից ստանանք մասնագիտական կարծիքներ, քննադատություններ, առաջարկություններ»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը:



ԿԳՆ մի փոքրիկ դահլիճում հազիվ տեղավորված ուսուցիչները պարգեւատրվեցին շնորհակալագրերով, պատվոգրերով եւ ԿԳՆ 4 հուշամեդալներով: Մինչ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մարդկանց հորդորում էր ծափ տալ, Արմեն Աշոտյանը հասցրեց «լացել». «Ոնց տեսնում եք, միայն ձեր դպրոցները չեն, որ դահլիճի կարիք ունեն»:
Անվանակարգերում հաղթող ճանաչված մանկավարժները պարգեւատրվեցին հեռուստացույցներով, նրանց մի մասն էլ ֆինանսական պարգեւներ ստացավ: Երբ Արմեն Աշոտյանը Նարինե Հովհաննիսյանի հայտարարությունների ներքո ավարտեց պատվոգրեր տալու արարողությունը, սկսվեց մի ավելի հետաքրքիր արարողություն: ԿԳ նախարարը մի քանի րոպեի ընթացքում հասցրեց նկարվել գրեթե բոլոր ուսուցչուհիների հետ: «Ժողովուրդ ջան, ո՞վ ա մեզ նկարում»,- ակտիվորեն այսուայն կողմ էր գնում եւ բավարարում տարվա լավագույն մանկավարժների՝ նախարարի հետ նկարվելու ցանկությունը:



- Պրն Աշոտյան, Դուք Ձեզ աստղ զգո՞ւմ եք՝ բոլորը ցանկանում են նկարվել Ձեզ հետ:



- Ո՛չ, աստղ չեմ զգում, բայց միշտ էլ մարդիկ ցանկանում են նկարվել ինձ հետ: Այսօրվա աստղերը մեր ուսուցիչներն են:



Մի խոսքով, «աստղի» իր տիտղոսը զիջելով ուսուցիչներին՝ Արմեն Աշոտյանը հեռացավ դահլիճից, խոստանալով հանդիպել ուսուցիչներին՝ մոտ ապագայում քննարկումներ կազմակերպելու համար, լսել մանկավարժների առաջարկներն ու դիտարկումները: Արմավիրի մարզի Նորավանի հիմնական դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանին շնորհվեց ուսուցման նորագույն մեթոդների ներդրման համար շնորհակալագիր: Վերջինիս խոսքերով, ուսուցիչը շատ խնդիրներ ունի. «Բայց եթե մարդը նվիրումով է կատարում իր աշխատանքը… բնականաբար, աշխատավարձերից գոհ չենք: Սակայն ուսուցիչն այն մարդկայինը վերարտադրողն է, որ կարողանում է աշխատել այս պայմաններում»: Հովհաննես Ստեփանյանը սիրով էր պատմում իր ներդրած նորարարական մեթոդների մասին. «Հատկապես հետաքրքիր է խմբային ուսուցումը համագործակցային ուսումնական պրոցեսում: Խմբային աշխատանքների իմաստը հետեւյալում է. ուժեղ աշակերտն օգնում է թույլ աշակերտին: Դժվարություն սկզբում կար, բայց երբ երեխան հասկացավ, որ իրեն օգնելու են սովորել, կարգավորվեց: Աշակերտը դառնում է եւ սովորող, եւ սովորեցնող»: