Հռիփսիմե եկեղեցուց մինչև գեղագիտական կենտրոն

Հռիփսիմե եկեղեցուց մինչև գեղագիտական կենտրոն

Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը եւ կենտրոնում գործող արվեստանոցի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչ Համբարձումյանը դարձել են Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրի» հերոսները։ Կենտրոնում հասունացած կռիվը հասել է Հանրային խորհուրդ։ Բանն այն է, որ Լեւոն Իգիթյանը ցանկանում է արվեստանոցում շահույթ հետապնդող փայտամշակման արտադրամաս հիմնել, իսկ քանդակի արվեստանոցը տեղափոխել մեկ այլ մասնաշենք, որն ավելի բարեկարգ է։ Հրաչը չի ցանկանում, քանի որ Իգիթյանի առաջարկած տարբերակը չի համապատասխանում քանդակագործության դասավանդման ստանդարտներին։ Իգիթյանն էլ սպառնում է մանկավարժին աշխատանքից ազատել։



Չնայած շատերն այն համոզման էին, որ անիմաստ խոսակցություն է եւ Հանրային խորհրդում քննարկելու հարց չէ, պետք է խոսեին եւ հասկանային իրար, այնուամենայնիվ, քննարկումն սկսվեց։ Հրաչը, ներկայացնելով խնդիրը, նշեց, որ իր հրաժարվելու միակ պատճառը Իգիթյանի տրամադրած տարածքի անհամապատասխանությունն է քանդակագործության ստանդարտներին, ու, բացի այդ, արվեստանոցը հոգի ունի ու այդ հոգին է, որ տրամադրում է իրենց աշխատելու։ Համբարձումյանի կողմնակիցները պատրաստ են պայքարել մինչեւ վերջ, որպեսզի հարցին լուծում տրվի, այլ ոչ թե Իգիթյանն ինչպես ուզի՝ անի։ Հրաչի կողմնակիցներն այն համեմատեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հետ։ «Այն մեզ համար սրբավայր է, եւ մենք թույլ չենք տալու, որ տեղափոխեք»։ Սա բարկացրեց քննարկման մասնակիցներին։ «Հռիփսիմեի տաճարը չի կարելի համեմատել ինչ-որ գեղագիտական կենտրոնի հետ, ազգային արժեքների հետ մի համեմատեք, դա սրբություն չի, ուղղակի մի կենտրոն է, որտեղ աշակերտներ են սովորում։ Հերիք եղավ, բոլ եղավ»,-զայրացած ասաց նկարիչ Արմեն Աթանյանը։ Այս բոլոր խոսակցությունների ընթացքում սեղանի վերին գլխին նստած կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը գրիչով իր համար նկարում էր։ Հերթը հասավ նրան, նա ներողություն խնդրեց, որ ժամը 4-ին պետք է քննարկումը լքի, քանի որ կարեւոր այլ հարցեր ունի։ «Պատկերացրեք՝ մի դպրոց տարին սկսում է, դպրոցում ռեմոնտ են անում, ուսուցչին ասում են, որ դու ներքեւում պետք է պարապես, սա համազգային քննարկման խնդիր չի դառնում։ Ամեն դեպքում այն համոզման եմ, որ Հանրային խորհրդին պատիվ չի բերում, որ այս հարցը քննարկեն։ Տեսեք մեզ մոտ մանկավարժական ինչ գիգանտներ են աշխատում, նրանց էլ ենք տեղափոխել, եւ նրանցից որեւէ մեկը ձայն չի հանել, ոչ թե վախից, այլ գիտակցում են, որ իրենց օգտին է։ Հարցին լուծում տալու համար Շվեյցարիայից են զանգում, հետո՝ լրատվամիջոցները, հետո՝ Հանրային խորհուրդ, չեմ հասկանում՝ կարո՞ղ է պատերազմ է սկսվել։ Ես ասում եմ այսքանը եւ փաստում, որ իմ որոշումը չեմ փոխելու»,-ասաց Իգիթյանը եւ հեռացավ դահլիճից։ Հարցերին, թե ինչ է քանդակի արվեստանոցում լինելու, Իգիթյանն այդպես էլ չպատասխանեց։ Նրա փոխարեն սկսեց պատասխանել կենտրոնի ուսումնական աշխատանքների պատասխանատու Էմմա Ասատրյանը. «Մենք ուզում ենք արվեստանոցը պահպանենք՝ նորոգելով, ջեռուցելով։ Այնուհետեւ նորից իրեն կվերադարձնենք»։



Սա առաջացրեց երիտասարդ քանդակագործի վրդովմունքը. «Ինչքա՞ն կարելի է սուտ ասել, հազար ներողություն, լկտիությանն էլ չափ կա, մարդը կանգնում ասում է՝ արտադրամաս է ստեղ լինելու»։ Այս կռիվը երկար կտեւեր, եթե ներկաների համբերության բաժակը չլցվեր։ «Վե՛րջ անիմաստ քննարկումներին, որոշում ենք կայացնում»։ Ու որոշեցին առաջարկել հարցը քննարկել Գեղագիտական կենտրոնի խորհրդում կամ էլ պայմանագիր կնքել, ըստ որի, տարածքը վերանորոգելուց հետո նորից կվերադարձնեն քանդակի բաժնին։