Ապագա ուսուցիչներ, «Ձեր լեզուն ղայիմ բռնեցե՛ք»

Ապագա ուսուցիչներ, «Ձեր լեզուն ղայիմ բռնեցե՛ք»

Խաչատուր Աբովյանի հնաոճ կոլորիտով տուն-թանգարանի դիմաց հավաքվել էր առաջին կուրսեցիների մի հոծ բազմություն: Նրանց ձեռքերին բազմագույն փուչիկներ էին, բոլորը գոռում էին իրենց ֆակուլտետի անունը: Եկել էին, ինչպես ասաց մի երիտասարդ տղա, «երդում ուտելու», որ լինելու են լավ ուսուցիչ: Պատշգամբում, որտեղ երբեւիցե քայլել է հայ հանճարներից մեկը, այժմ կանգնած էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հատուկ հյուրն էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր:



Բացման խոսքի պատիվը տրվեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին. «Հիշում եմ ամեն անգամ, ճեմարանի բացման արարողությանը մեր հայրապետները մեզ որպես ուսանողներ հորդորել են, ասելով՝ ձեր տան նախանձախնդրությունը թող երբեք ձեզ հանգիստ չտա: Ինչպես եւ հիմա այստեղ կանգնած, բղավում էիք՝ պատմության ֆակուլտետ, բանասիրության ֆակուլտետ, մշակույթի, նույն ձեւով թող ձեր ուսման ընթացքում ոգեւորությունը չպակասի»: «Այոոո՛…»,-լսվեց շարքից բարձր մի ձայն, ինչ-որ մեկը, հավանաբար, ոգեշնչվել էր: Այնուհետեւ ուսանողները լսեցին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին. «Հասարակության զարգացման համար անհրաժեշտ են բոլոր մասնագիտությունները: Բայց կա մեկը, որից կախված է, թե ինչպիսի բժիշկներ, ինժեներներ, հողի մշակներ, բանվորներ, ուսուցիչներ, հայրենիքի պաշտպաններ կունենանք մենք, դա ուսուցիչն է». ի դեպ, բոլոր բանախոսների ելույթների ընթացքում ապագա ուսուցիչները շարունակում էին աղմկել:
«Ուսուցիչն այսօրվա իրականության մեջ մեր հայրենիքի ապագան է, ձեր ձեռքերի տակով, ձեր գիտելիքներով են անցնելու մեր հայրենիքի ապագա կերտողները, բոլոր-բոլոր ոլորտներում, նաեւ զինվորական ոլորտում: Դպրոցներով անցած եւ դպրոցներում դաստիարակություն ստացած զինվորներն այսօր պատվով են կատարում իրենց առջեւ դրված մեծ առաքելությունը՝ հայրենիքի պաշտպանությունը եւ ժողովրդի անվտանգ արարումը, հավատացած եմ, որ նաեւ ապագայում ձեր ձեռքերի տակով են անցնելու ձեր հայրենիքի ապագա զինվորները»,- ասաց Սեյրան Օհանյանը:



Բոլոր ելույթ ունեցողները հպարտությամբ նշում էին, թե ինչ լավ ապագա ուսուցիչներ են հավաքված այդտեղ, բայց երբ խոսում ես ուսանողների հետ, պարզ է դառնում, որ նրանց մեծ մասն ուսուցիչ դառնալու մտադրություն ամենեւին էլ չունի, փոխելու է ֆակուլտետը կամ էլ չի զբաղվելու իր մասնագիտությամբ: «Լավ մասնագիտություն է, ուղղակի ուսուցիչների աշխատավարձն է ցածր, համ էլ մի տեսակ իմը չէ». մշակութաբանության ֆակուլտետի տղաներից մեկի արձագանքն է: Սակայն գտնվեցին նաեւ հատուկ ուսուցիչ դառնալու նպատակով համալսարան ընդունված երեխաներ. «Մենք գտնում ենք, որ մանկավարժի մասնագիտությունը գիտություններից ամենապատվարժանն է եւ ամենակարեւորը մեր օրերում: Ի վերջո, հասարակական փորձի փոխանցման եւ զարգացման կարիք ունի: Եթե անգամ աշխատանք չունենանք, մենք մեր տանը մեր երեխաների համար ուսուցիչ ենք, մենք մեր երեխաներին էլ կարող ենք կրթել, դաստիարակել»:



Երդման տեքստը կարդաց բանասիրության ֆակուլտետի ուսանող Թերեզա Բարսեղյանը. «Այսօր մենք հայոց վերքի եւ արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու, որ մենք նորածնվել ենք ու ապրում ենք կրկին»:
Երդմնառության արարողությունից հետո առաջին կուրսեցիների համար տոնական համերգ եղավ: Նրանք պարեցին եւ ուրախացան 6/8-ի եւ Հայաստանի մասին ռուսերեն երգի նվագակցության ներքո: