Ստորագրվել է ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին պայմանագիրը

Ստորագրվել է ԵՏՄ-ին Հայաստանի միացման մասին պայմանագիրը

Քիչ առաջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի անդամակացության մասին պայմանագիրը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնելով նման կարճ ժամկետում արված հսկայածավալ աշխատանքի համար, ասաց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը մինալու որոշումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը դիտարկում է այդ կառույցը, որպես հիմանկան ձևաչափ, որը կանխատեսելի է և հիմնվում է այդ երկրների համար առավալագույնս շահավետ հարաբերությւունների զարգացման և այդ երկրների միջև ապրանքների, ծառայությունների մարդկային կապիտալի ու աշխատաուժի ազատ տեղաշարժման սկզբունքների վրա:



«Հարգելի՛ գործընկերներ,



Վերջին տասնամյակում արդեն բարի ավանդույթ է դարձել Բելառուսում մեր երկրների համար կարևոր որոշումների կայացում: Մինսկի ներկայիս գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, բացառություն չդարձավ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Լուկաշենկոյին՝ այսօրվա գագաթնաժողովների աշխատանքները հիանալի կազմակերպելու և հյուրընկալության համար:



Քիչ առաջ պաշտոնապես հայտարարվեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման ընթացակարգերի ավարտի մասին: Շնորհավորում եմ Եվրասիական միություն ձևավորած պետություններին՝ այդ սահմանագիծ դուրս գալու կապակցությամբ:



Հուսով եմ, այս օրը կնշանավորվի նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վրա մեր համատեղ աշխատանքի ավարտով: Համոզված եմ, որ այդ պատմական փաստաթղթի ստորագրումը եվրասիական տարածքում ինտեգրացիայի նոր փուլի մեկնարկը կլինի:
Մենք շատ լավ գիտակցում ենք մեր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով Պայմանագրին: Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար և առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը:
Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման և լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում և հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը: Ես շնորհակալ եմ այդ գործընթացի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ պետության ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, հանձնաժողովի կոլեգիային, բոլոր պաշտոնյաներին և փորձագետներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում կատարված այս ահռելի աշխատանքի համար:
Որոշումը, որը հիմք դրեց եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիիրավ մասնակցությանը, մեր կողմից ընդունվեց՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք Եվրասիական տնտեսական միությունը դիտարկում ենք որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության վրա հիմնված, մեր երկրների համար կանխատեսելի և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման հիմնական ձևաչափ:
Իհարկե, Հայաստանի անդամակցությունն իր առանձնահատկությունն ունի՝ դա Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: Սակայն, մենք համոզված ենք, որ այն չի խանգարի Հայաստանի ինտեգրացիային մեր ընդհանուր տնտեսական տարածքում ձևավորվելիք կարգավորումների միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության, ֆինանսների համակարգերին:



Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք և մեզ հեշտ է արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն աշխարհագրական առումով ամենախոշոր տնտեսական միավորումն է: Մենք համոզված ենք, որ Միությունն ունի հսկայական չիրացված ներուժ աշխարհի տնտեսական քարտեզի վրա իր դիրքերի ամրապնդման համար:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությունը՝ հիմնվելով համընդհանուր և բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա, այդ թվում՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի վրա, բաց բնույթ է կրում և ենթադրում է լիարժեք ու իրավահավասար համագործակցություն այլ ինտեգրացիոն միավորումների և երրորդ երկրների հետ:
Համաշխարհային փորձը վկայում է, որ միավորվելով տնտեսական ինտեգրացիոն կազմավորումների ձևաչափում ՝ զարգացող երկրները կարող են զարգացման և մրցունակության բարձրացման ավելի մեծ տեմպեր գրանցել, եթե, իհարկե, բոլոր մասնակիցների ներուժը և առավելությունները ճիշտ օգտագործվեն: Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանը՝ հիմնվելով սեփական փորձի և մրցունակության առավելությունների վրա, այդ թվում՝ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների շարունակման միջոցով, իր լուման ներդնի եվրասիական տարածքի ամրապնդման գործում:
Մենք անկեղծորեն շահագրգռված ենք դրանում և պատրաստ ենք Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով նախատեսված նպատակների իրականցման ուղղությամբ սերտ փոխգործակցության»: