ԱՄՆ-ում վարչապետին չեն ընդունել

ԱՄՆ-ում վարչապետին չեն ընդունել

Որպես կանոն, կոնֆերանսներն ու միջազգային գիտաժողովները լավ առիթ են, որպեսզի դրանց մասնակցելու նպատակով տվյալ երկիր ժամանած բարձրաստիճան պաշտոնյան պետական մակարդակի հանդիպումներ ունենա: Սակայն Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրաստիճան հայ պաշտոնյան մեկնում է ԱՄՆ, եւ տանտերերը չեն ընդունում վերջինիս: Ավելին, դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը ժամանում է ԱՄՆ արտգործնախարարի տեղակալի օգնականը: Մինչդեռ ՀՀ վարչապետները, այդ թվում Վազգեն, Սերժ, Տիգրան Սարգսյանները, ժամանակին ընդունելության են արժանացել Սպիտակ տանը՝ փոխնախագահների մակարդակով, իսկ Հովիկ Աբրահամյանին ԱՄՆ կատարած այցի ժամանակ որեւէ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա չի ընդունել: Նա մասնակցել է Համաշխարհային բանկի ամենամյա միջոցառմանը, մի քանի արարողակարգային հանդիպումներ ունեցել, հանդես է եկել հայ համայնքի առաջ եւ վերադարձել Երեւան: Հավանաբար, ամերիկացիները նրան ընկալում են վիքիլիկսյան փաստաթղթերում տեղ գտած բնորոշումների պրիզմայով եւ չեն պատրաստվում վերանայել իրենց վերաբերմունքը: