Մեզ արմատը հողումը, ձեզ տերևն ու ցողունը

Մեզ արմատը հողումը, ձեզ տերևն ու ցողունը

Միասնական բառը վերջերս ՀՀԿ-ն շատ է օգտագործում. միասին աշխատենք, միասին դիմանանք մարտահրավերներին, միասին հաղթահարենք դժվարությունները… Այնպիսի տպավորություն է, ասես Հայաստանի ժողովուրդը մի երես առած երեխա է ու չի ուզում ՀՀԿ-ի հետ միասին քաղցին, սովին դիմանա: ՀՀԿ-ն մի կերպ դիմանում է տնտեսական դժվարություններին, անարդարություններին, բայց արի ու տես, որ ժողովուրդը ոտքերը դեմ է տվել ու ասում՝ չէ որ չէ, պիտի իշխանությունը փոխենք: Հիմա էլ վարչապետն է ուզում՝ միասնական լուծել ներքին ու արտաքին մարտահրավերները: Բոլորով միասին՝ քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը, խորհրդարանական խմբակցությունները: Միասին պիտի լուծենք մեր ներքին խնդիրը: Միասնական, միակամ, միաբանորեն: Վարչապետ ջան, միասին հարց լուծելու համար մենք էլ պիտի ընդհանուր սեղանի շուրջ՝ որպես հավասարը հետ, սեղան նստենք: Թե չէ Գիքորից բեթար վիճակում ենք հայտնվել, նույնիսկ արժանի չեղանք այս վիճակին. «Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն էդ ա... Օրեր են, կմթնեն անց կկենան... »: Դուք ժողովրդին այս վիճակին էլ եք կարոտ թողել, սեղանին ինչ կա չկա լպստում, մի կողմ եք քաշվում, աշխատելուց էլ ասում՝ եկեք միասին աշխատենք՝ միասնական լուծենք մեր խնդիրները: Հատիկ վարելուց մենք ենք գործ անում, քաղելուց ասում եք՝ մեզ արմատը հողումը, ձեզ տերևն ու ցողունը: Այդպես չի լինում, բերքի տերն ինքը պիտի բերքը հավաքի, միասին հավաքել չկա՜… Դուք մի հատիկի կոտրած փշուր էլ մեզ չեք տա…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ