Իշխանությունը նամուս ունենա՝ ինքնակամ կհեռանա

Իշխանությունը նամուս ունենա՝ ինքնակամ կհեռանա

Ոչ իշխանական եռյակն անհասկանալի դադար է վերցրել բոլոր առումներով, հիմա էլ կասկածի տակ են դրվում նոյեմբերի 7-ին հանրահավաք անցկացնելու, ինչպես նաեւ մարզերում շտաբներ ստեղծելու հարցերը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մարզային շտաբներ ստեղծելու մտադրության մասին՝ շարժումը մարզեր հասցնելու եւ մոբիլիզացնելու նպատակով: Եվ քանի որ այս գործի թե կազմակերպչական, թե ֆինանսական հարցերը հիմնականում ԲՀԿ-ի ու ԲՀԿ-ական պատգամավորների ուսերին են դրված, արմավիրցի Ռուստամ Գասպարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե ինչու է դադար առել եռյակի համաժողովրդական շարժումը: Գասպարյանը նշեց, որ դեռ հստակ որոշված չէ՝ նոյեմբերի 7-ին հանրահավաք լինելու է, թե ոչ:



- Պարոն Գասպարյան, մի քանի մարզերի պատգամավորներ հաստատել են, որ դեռեւս մարզային շտաբներ չեն բացվել, ինչո՞ւ, եւ ի՞նչ պետք է անեն այդ շտաբները:



- Ըստ էության, շտաբներ կան բացված, որովհետեւ կուսակցական գրասենյակներ բոլոր տեղերում էլ կան, հիմա ճշտվում է՝ ինչ ֆորմատով, ինչ ձեւով պետք է այդ աշխատանքները տարվեն, ինձ թվում է՝ առաջիկայում պարզ կդառնա: Իսկ հնարավոր է նաեւ չստեղծվի, դա ռազմավարություն է, եւ չեմ ուզում ասել՝ կոնկրետ ինչ ենք որոշում:



- Եռյակի գործողություններում նկատելի անորոշությունը եւ հանրահավաքի հետաձգումն ինչպե՞ս կբացատրեք:



- Դե, տակտիկա է երեւի, իսկ տարաձայնությունների մասին լուրերը պատերի տակի խոսակցություններ են, չար լեզուների:



- Իսկ հաջորդ հանրահավաքին ի՞նչ պետք է սպասել, քանի որ Դուք նաեւ Ազատամարտիկների դաշինքն եք ներկայացնում, որտեղից ռադիկալ գործողությունների պահանջ է հնչում, իսկ որոշներն էլ խոստացել են մինչեւ տարեվերջ իշխանափոխություն իրականացնել, պարզե՞լ եք՝ լիդերները պատրա՞ստ են ռադիկալ քայլերի, թե՞ թավշյա հեղափոխություն եք անելու:



- Դե գիտեք, նախկինում բազմաթիվ անգամներ արել են նման քայլեր ու երեւի նախկինում արված սխալները չեն ուզում կրկնել, այլ ուզում են օրինական, սահմանադրական ճանապարհով հասնել:



- Իսկ այլ կերպ, խաղաղ ճանապարհով իշխանափոխություն պատկերացնո՞ւմ եք:



- Ինչի, Վրաստանում չեղա՞վ նման բան, վարդերով հեղափոխությունը: Եթե ամբողջ ազգն է կանգնելու ոտքի ու պահանջելու, ո՞ր իշխանությունը կդիմանա մի ամբողջ ժողովրդի:



- Վրաստանում իրավիճակն այլ էր, բայց մեզ մոտ թե իշխանությունը, թե ոչ իշխանությունը արտաքին քաղաքական նույն կուրսն են դավանում:



- Մի խոսք կա՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, եթե ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, ո՞նց կդիմանան: Ու մենք տեսնում ենք, չէ՞, որ ամբողջ Հայաստանում եւ Սփյուռքում ժողովուրդը ոտքի է կանգնել:



- Կանգնել են, հետո՞, իշխանությունը չի գնում:



- Ուղղակի ավելի ճիշտ կլինի, որ եթե ունեն թասիբ, ունեն հասկացողություն, իրենք պետք է հրաժարական տան, քանի որ այսօր պրավալ են տվել եւ արտաքին, եւ ներքին, տնտեսությունը քայքայել են, հասել են ծայրահեղ վիճակի: Նամուս ունենան՝ պետք է ինքնակամ թողնեն ու հեռանան, ամոթ ա մնալը, առավել եւս՝ դիմակայելն ու պայքարելը: Ժողովուրդը սպասելու ոչ վիճակ ունի, ոչ հնարավորություն, ոչ էլ համբերություն: Մարդիկ սովից մահանում են, մոստերից են իրանց քցում, կախվում են սովածությունից:



- Բա ինչո՞ւ եք ուշացնում իշխանափոխությունը, չէ՞ որ ժողովուրդը նաեւ հիասթափվում է, երբ ամեն անգամ իշխանափոխության խոստում տված մարդիկ են հրապարակից ձեռնունայն տուն ուղարկում իրենց: Չե՞ք վախենում, որ ակտիվ գործողությունների չտանելով՝ կկորցնեք զանգվածներ:



- Չէի ասի, չէի ասի, ինքներդ կհամոզվեք, որ ոչ մեկն էլ չի հիասթափվի, եւ հաջորդ հանրահավաքին ավելի շատ մարդ է լինելու, քան նախորդին: Կարեւորը՝ ժողովուրդն այսօր սպասելիք ունի եւ հավատում է եւ շարժմանը, եւ եռյակին, եւ բռնած գործին:



- Որքա՞ն մարդ պետք է հավաքվի հրապարակում, որ իշխանափոխությունն իրականություն դառնա:



- Ամբողջ ազգը, չհաշված այն մարդիկ, որոնք օգտվում են իշխանության կերակրամանից եւ չեն ուզում կտրվեն: Թեպետ իրենցից շատերն էլ են այսօր հիասթափված: Ցավալին գիտե՞ք որն է, որ ոչ միայն շարքային քաղաքացիներն այսօր ճար չունեն ապրելու, այլեւ գործարարները: Գործարարներ են գնում, չէ՞, Հայաստանից, իրենց եղած-չեղածը ծախում են, գնում ուրիշ երկրներ շենացնում, աշխատատեղեր ստեղծում: Հույսը, ապագան, պայմանները էլ չկան:



- Օրինակ ԲՀԿ-ից քանի՞ գործարար է արտագաղթել:



- ԲՀԿ-ն մնացել է՝ հույսով պայքարում է, ԲՀԿ-ն չի գնացել (ծիծաղում է՝ Լ. Շ.), ժողովրդի վերջին հույսն է ԲՀԿ-ն, մնացել է, պայքարում է, որ ժողովրդի վիճակը բարելավի:



- Գագիկ Ծառուկյանն իր վերջին հարցազրույցում խոսում էր «փայ մտնելու» մենաշնորհների եւ այլ չարիքների մասին, եւ քանի որ նրա խոսքը կոնկրետ հասցեատեր չուներ, ես ուզում եմ Ձեզնից ճշտել՝ ո՞ւմ էր ուղղված դա, անուններ կասե՞ք՝ ովքե՞ր են փայ մտնում կամ ովքե՞ր են տնտեսության մոնոպոլիստները:



- Դե, դա պիտի Ծառուկյանից հարցնեք, ես ի՞նչ իմանամ ում էր ասում, ես իր մտքերը չեմ կարող կարդալ: Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ումը կասեր այդ ամենը:



- Շատերին, այդ թվում՝ իրեն, ով նույնպես մոնոպոլիստ է:



- Ես մեր կուսակցությունում նման մարդ չեմ ճանաչում, որ մենաշնորհ ունենա:



- Իսկ Ձեր կուսակցության ղեկավարի՞ն էլ չեք «ճանաչում»:



- Մենաշնո՞րհ, ես խնդրում եմ՝ թվարկեք մի բան… ընդամենը մեկը, ասեք, ասեք, ոչ թե օդում…



- Օրինակ, գազալցակայանների առյուծի բաժինն իր ձեռքում է:



- Էսօր ամեն գյուղացի իրան կալոնկա է սարքում, ի՞նչ մենաշնորհ, մենաշնորհն ուրիշ բան է, դա էն ա, որ իրենից բացի որեւէ մեկը չի կարա անի:



- Ուրեմն Դուք թվարկեք իշխանության մենաշնորհատերերին:



- Դե, բոլորին էլ Դուք գիտեք, ու գիտի ամբողջ ազգը, խի՞ եք ուզում ինձանից լսել, որ էդ մեկն էլ ասի՝ խի՞ ես իմ անունը տվել:



- Փաստորեն, իշխանության կոնկրետ անձանց հետ Ձեր հարաբերությունները չեք ուզում վատացնել:



- Ոչ, ոչ, ոչ, ոչ, իշխանության հետ, ինչ պետք է՝ ես իրենց դեմ դիմաց էլ ասում եմ, ես իշխանություններին ոտից գլուխ ասում եմ էն, ինչ որ կան, իսկ անհատ մարդկանց մասին… դրանք իշխանություն չեն, ուղղակի անձնական հարաբերություններ: