ԱլԳ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է բացահայտել ընդդիմադիրների դեմ հարձակումների հեղինակներին

ԱլԳ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է բացահայտել ընդդիմադիրների դեմ հարձակումների հեղինակներին

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:



Դատապարտելով հարձակումները պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների, «Նախախորհրդարանի» ակտիվիստների դեմ՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իշխանություններից պահանջում է հանցագործությունների ամբողջական բացահայտում՝ ակնկալելով, որ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն դրանք իրականացնողները, այլ նաև նրանց հովանավորները։



«Հարձակումների ժամանակագրությունը և ձեռագիրը, նշված դեպքերին երկրի օրենսդիր, գործադիր և իրավապահ մարմինների ոչ համարժեք արձագանքը, ինչպես նաև փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի, իշխող կուսակցության պատգամավորներ Առաքել Մովսիսյանի և Սեյրան Սարոյանի հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը հասարակության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով իշխանամերձ շրջանակների կողմից կազմակերպված կամ, առնվազն, հովանավորվող գործողություն է»,- ասված է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունում։