Պետական ծրագիր՝ առանց բովանդակության

Պետական ծրագիր՝ առանց բովանդակության

Մարգարիտան, Մարիետան եւ Արփինեն երեք քույրեր են: Մեծը՝ 25, փոքրը՝ 21 տարեկան է: Չափահասության շեմն անցել են Վանաձորի մանկատանը: Հետո հայտնվել են մանկատան շրջանավարտ աղջիկներին ժամանակավոր կացարան տվող «Մեր տունը» հասարակական կազմակերպությունում: Այստեղ էլ աղջիկներից երկուսն ուսանող են դարձել: Մեծը՝ ԵՊՀ-ում, միջնեկը մանկավարժականում է սովորում: Իսկ երրորդ քույրը վարսահարդար է. առայժմ աշխատանք է փնտրում:



Ծնողական խնամքից զրկված քույրերը փորձում են բեկել մանկատանը մեծացած աղջիկների մասին թյուր պատկերացումներն ու արժանապատվորեն ոտքի կանգնել: Մասնագիտություն արդեն ձեռք են բերել, աշխատանքի ընդունման հարցն էլ, թերեւս, կհոգան բարեսիրական ու հասարակական կազմակերպությունները: Իսկ, այ, բնակարանի խնդիրը մնում է բաց: Թեեւ պետությունը Սպիտակում սոցիալական տուն է հատկացրել քույրերին, բայց աղջիկներն այնտեղ բնակվել չեն պատրաստվում: «Քոթեջներ են՝ ապրելու համար ոչ նպաստավոր պայմաններով: Ամայի ինչ-որ վայրում է, մոտակայքում նույնիսկ խանութ ու այդտեղ գնացող տրանսպորտ չկա, ոչ էլ աշխատելու տեղ կա: Ասենք՝ տեղափոխվեցինք. անաշխատանք ու անհեռանկար ո՞նց ենք ապրելու»,-իր մտահոգությունը կիսեց քույրերից կրտսերը՝ Մարիետան:



Մանկատան շրջանավարտներին վիրավորում է այն փաստը, որ պետությունն իրենց մասին «հոգում» է՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: «Ինչի՞ մեր հետ չեն զրուցում, մեր կարծիքը հաշվի չեն առնում: Եթե մտածում են, թե կենտրոնում ենք տուն ու ապրուստ ուզելու՝ սխալվում են: Մեր ուզածն այն է, որ տված տունը տան նման լինի եւ գոնե Երեւանին մոտ բնակավայրերում, որ աշխատանք գտնել կարողանանք»:
Տարիներ առաջ, երբ դեռ գործում էր մանկատան շրջանավարտներին բնակարաններ տրամադրելու պետական ծրագիրը, շատերը տնավորվեցին: Բնակարանները եւ նորոգված էին, եւ մասամբ կահավորված: Բացի դա, մեծ քաղաքներում էին, որտեղ եւ շարժ կար, եւ աշխատանք գտնելու հնարավորություն: Ծրագիրը, սակայն, փակվեց: 2013 թվականին կառավարությունը մանկատան շրջանավարտների բնակարանային ծրագիրը փոխարինեց սոցիալական բնակարանների ծրագրով: Առաջին հայացքից միմյանցից չտարբերվող ծրագրեր, որոնք իրականում զգալի տարբերություններ ունեն:



«Նախկին ծրագրով հատկացված բնակարանները բազմահարկ շենքերում էին, որտեղ մանկատան շրջանավարտների հարեւանները նորմալ ընտանիքներ էին: Իսկ դա նշանակում էր, որ անծնող մեծացած երեխան այդուհետ պետք է շփվեր հասարակության լիարժեք անդամների հետ՝ ձգտելով ինտեգրվել նույն այդ հասարակությանը: Իսկ սոցիալական բնակարան տրամադրելով, մենք մանկատան սանին ետ ենք պահում հասարակությանն ինտեգրվելուց: Բոլորին վերաբնակեցնում ենք նույն տանն ու նույն հասցեում՝ ակամա խանգարելով ինտեգրման գործընթացը: Եթե նրանց միջավայրը չենք փոխում, ստացվում է, որ զրկում ենք հասարակության լիարժեք անդամ դառնալուց: Բայց մեր խնդիրը նախեւառաջ հոգեպես առողջ ու բարոյապես կայուն քաղաքացիներ ունենալն է: Իսկ այդ որակները ձեւավորվում են առողջ միջավայրում: Ուրեմն ինչո՞ւ ենք մանկատան սաներին զրկում առողջ միջավայրում ապրելու հնարավորությունից»,-ասաց «Մեր տունը» ՀԿ նախագահ Տիգրանուհի Կարապետյանը:



Վերջինիս փոխանցմամբ՝ սոցիալական բնակարան ասվածն ընդամենը չորս պատ է. նույնիսկ մահճակալ ու սեղան-աթոռ չկա: «Ո՞նց են պատկերացնում. երեխան ինչո՞վ է լցնելու այդ սենյակը, եթե չի աշխատում, եկամտի որեւէ աղբյուր չունի, իր մասին հոգ տանող՝ նույնպես»:



Առանց բովանդակության ծրագիրը, դժգոհությունից բացի, նաեւ վիրավորել է մանկատան շրջանավարտներին: Նրանց կարծիքով՝ պետությունն իրենց կեցության խնդրից ազատվելու ամենավատ տարբերակն է ընտրել: «Էնքան որ ասեն՝ տուն տվեցինք»,-ասաց Մարիետան: Աղջիկը հայրենի կառավարությանն առաջարկում է իրենց տները ջրի գնով վաճառող ու երկիրը լքող քաղաքացիներից գնել դրանք եւ բաժանել մանկատան սաներին:




Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ