Նախագահի ելույթը ստացված կհամարվեր, եթե ելույթի տեքստում մի բառ փոխվեր

Նախագահի ելույթը ստացված կհամարվեր, եթե ելույթի տեքստում մի բառ փոխվեր

Իսկ ես՝ հիմարս մտածում էի, որ ՀՀ նախագահը չգիտի, թե ինչ մարդկանցով է շրջապատված ինքը: Ում հետ է տալիս- առնում, ում հետ նստում- վեր կենում, ում հետ երկրիս դժվարին խնդիրները լուծում, ում ինչ վստահում, ում հետ է մեզ ապահով Հայաստան տանում: Մտածում էի՝ եթե այս ամենն իմանա, ինչ որ բան կփոխի:



Բայց նրա ելույթից հետո հասկացա, որ նա ամեն ինչ գիտի ու, ինչպես ինքն է ասում. «Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ՝ անձամբ փակելով այդ քաոսը, ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը… »



Ե՛ս եմ արգելել:



Ե՛ս եմ արգելել:



Եթե Ծառուկյան Գագիկի անվան տեղ դնենք մեր իմացած բոլոր մականունավոր և ոչ մականունավոր պաշտոնյաների անունները, ովքեր ոչ միայն այբը բեն-ից չեն տարբերում, այլ չարիք են հանրության գլխին, երկրի գլխին, ապա պարզ կլինի, որ նախագա՛հն է արգելում «նրանց ձեռք տալ»:



Ե՛ս եմ արգելել:



Ուրեմն ի՞նչ պահանջել: Պահանջել, որ այսինչ հանցագործ պաշտոնյային ձեռնաշղթանե՞ր հագցնի, պահանջել, որ Հայաստանն ազատի՞ նման «կադրերից»:



Բայց ինչու՞ անի: Իրեն չեն կպնում, իր ոտքը չեն տրորում, շնաճանճերի պես վրա են թափվում նրա վրա, ում հրահանգում են… Ա՜յ երբ իր հանդեպ, իր աթոռի հանդեպ «չարություն անեն», ինքը կզբաղվի նրանցով:



Այդ առումով նախագահի ելույթը անկեղծ ու ստացված կհամարվեր, եթե այդ ելույթի տեքստում մի բառ փոխվեր: Ծառուկյան Գագիկի անվան փոխարեն դրվեր «Իմ շրջապատի» բառը: Ասենք, վեր նշված պարբերությունը հետևյալ կերպ օգտագործվեր.

«Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու «Իմ շրջապատի» բոլոր անհեթեթությունների դեմ…» և այլն…. Նույնը մնացած պարբերություններում:




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ