Հովիկ Աբրահամյանը շոուների հարցում գերազանցեց Տիգրան Սարգսյանին

Հովիկ Աբրահամյանը շոուների հարցում գերազանցեց Տիգրան Սարգսյանին

Պարզվում է՝ Հայաստանի Հանրապետության ամենագլխավոր խնդիրը մեռելոցի աշխատանքային-ոչ աշխատանքային լինելն է: Ողջ կառավարությունը լծվել է այդ խնդրի լուծմանը: Երեկ կառավարության նիստին հրավիրվել էր Արշակ սրբազանը՝ Սուրբ Զատիկին հաջորդող երկուշաբթի օրվա խորհրդի մասին լիկբեզ անցկացնելու, թե որքան կարեւոր է, որ հանրության շրջանում այդքան աղմուկ հանած երկուշաբթին լինի ոչ աշխատանքային: Ապրիլի 5-ին նշվում է Սուրբ Զատիկը, իսկ հաջորդող տաղավար տոնի ոչ աշխատանքային լինելը Տիգրան Սարգսյանի մտահղացումն էր: Քանի որ Հովիկ Աբրահամյանն ամեն գնով փորձում է ազատվել նախկինի ավանդույթներից, սակայն ի զորու չեղավ, ստիպված դիմեց մի զվարճալի քայլի. կառավարություն հրավիրեց հոգեւորականին, որպեսզի հանրությանն ապացուցեն, որ Արգամիչը փոփոխական չէ, պարզապես նրա ցանկությունն անհամատեղելի է տոնի խորհրդի հետ: Եվ ահա, հարցը դրվեց քննարկման: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հասարակությունում կան տարբեր կարծիքներ, ոմանք աջակցում են այդ որոշմանը, սակայն կան նաեւ մարդիկ, ովքեր համարում են, թե տնտեսական զարգացման այս պայմաններում դա խաթարում է տնտեսական ակտիվությունը:



Հովիկ Աբրահամյանն էլ, թե քանի որ ԵՏՄ երկրներում շաբաթ-կիրակի օրերը ոչ աշխատանքային են, ապա Հայաստանում երկուշաբթին ոչ աշխատանքային դարձնելը՝ շաբաթ օրով փոխարինելը, արդյունավետության առումով դրական չի լինի: Ապա ամբիոնին մոտեցավ Արշակ սրբազանը ու հիշեցրեց 2008-ին ընդունված կառավարության որոշումը, ըստ որի՝ մարդկանց հնարավորություն է տրվել մեռելոց օրերին այցելել գերեզմաններ: Փաստեց, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները կազմում են բնակչության 96 տոկոսը, եւ կոչ արեց չզրկել այդ մարդկանց գերեզման այցելելուց: «Կոչ եմ անում այն ընդունել»,-ասաց սրբազանը, ինչին վարչապետն արձագանքեց. «Ես առաջարկում եմ՝ աշխատենք, փորձենք քննարկումներ անել՝ ընդգրկելով հասարակությանը: Կառավարությունը խնդիր չունի», ու առանց քննարկումների հավելեց՝ «հաստատում ենք»: Ժամեր անց հայտարարվեց երկրի՝ տնտեսական ճգնաժամից դուրս գալու լուծումը. երկուշաբթին ոչ աշխատանքային է լինելու, որը լրացվելու է ապրիլի 11-ին: