ՀՀԿ-ական կանանց «ահեղ դատաստանը»

ՀՀԿ-ական կանանց «ահեղ դատաստանը»

Հանրապետական կանայք առաջիկայում կկանգնեն «ահեղ դատաստանի» առաջ: Հինգշաբթի կամ ուրբաթ օրը կայանալու է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, նախագահը պատրաստվում է անդրադառնալ ՀՀԿ կանանց Ծիծեռնակաբերդ այցին եւ դրա շուրջ առաջացած աղմուկին: ՀՀԿ-ական կանանց հանձնարարել էին 100-ամյակին ընդառաջ այցելել Ծիծեռնակաբերդ եւ կոչով դիմել աշխարհի կանանց, սակայն հանձնարարությունը նրանք կատարել են խայտառակ վատ: Մինչդեռ համացանցում տարածված լուսանկարներից ակնհայտ է, որ նրանք, բառիս բուն իմաստով՝ «տոնում» էին ցեղասպանությունը, անմոռուկներով «փարթի» կազմակերպելով: Նրանք ոչ միայն անմոռուկներ էին փակցրել, այլեւ մանուշակագույն աքսեսուարներով ու կոշիկներով զարդարվել: ՀՀԿ-ական շրջանակներն սպասում են ՀՀ նախագահի արձագանքին: Եվ դա, ըստ նրանց, կախված է, թե ինչպես են նրան մատուցել իրականությունը: ՀՀԿ-ականները վստահ են, որ հինգշաբթի օրը Սերժ Սարգսյանը կասի՝ «սիրուն չի, եկել եք, տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք»: Ոմանք էլ կարծում են, որ նախագահի նկատողությունը շատ մեղմ կլինի, քանի որ «անմոռուկ-փարթիի» գլխավոր դերակատարը ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանն է՝ միջազգային ամենակարեւոր պատվիրակության՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը: