Չցանկացա՞ն ներկա լինել, թե՞ չկարողացան

Չցանկացա՞ն ներկա լինել, թե՞ չկարողացան

Երեւանում Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին ոչ միայն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում, այլեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վերջինիս խոսնակ Դավիթ Բաբայանն օրեր առաջ էր հայտարարել, որ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին չի լինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ այն պատճառաբանությամբ, որ այդ օրը ԼՂՀ-ում նույնպես մեծ միջոցառումներ են լինելու: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված «Զանգակատուն» հուշարձան-կոթողն է բացվելու, իսկ հիշատակի միջոցառման օրը երկրի նախագահը պետք է ժողովրդի հետ լինի: «Մինչ օրս մենք չունեինք Ցեղասպանությանը նվիրված հուշարձան: Այսինքն, եթե Երեւանում դա 1965թ. կառուցված Ծիծեռնակաբերդն է, Արցախում կլինի «Զանգակատունը», որտեղ ամփոփված կլինեն նահատակների մասունքները»,- մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր խոսնակը: Բակո Սահակյանի այդ որոշումն անգամ քաղաքական որոշ շրջանակներում է տարակուսանք առաջացրել, ենթադրվում էր, որ Բակո Սահակյանին ոչինչ չպետք է խանգարեր, եւ նա առաջինը պետք է շտապեր Երեւան՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին եւ, ի տես աշխարհի, ներկայանալու իբրեւ ինքնուրույն միավոր: Սա բացառիկ հնարավորություն էր, որպես հավասարը հավասարի, կանգնելու աշխարհի ազդեցիկ եւ Մինսկի խմբի համանախագահողների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողքին: Երեկ արդեն նրա բացակայությունն ակտիվացրել էր այն խոսակցությունը, թե Բակո Սահակյանի բացակայությունը պարտադրվել է Պուտինի կողմից, ով, անկախ ամեն ինչից, չի ցանկանում տապալել ռուս-թուրքական ստեղծվելիք նոր դաշինքը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ի դեպ, երեկ արդեն իսկ քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, թե Պուտինի ներկայությունը Ծիծեռնակաբերդում ստվերում է Մինսկի խմբի չեզոքությունը: