Դարձեք «վիրուսներ» և մարդկանց վարակեք

Դարձեք «վիրուսներ» և մարդկանց վարակեք

Ոչ ապրիլի 24-ի պաշտոնական միջոցառումները, ոչ դրսից ժամանած հյուրերի ներկայությունը, ոչ իրենց պարագլուխների ձերբակալությունները, ոչ էլ անգամ անձրեւոտ եղանակը չխանգարեցին Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքին: Նրանք երեկ, ինչպես հայտարարել էին, հավաքվեցին «Էրեբունի» թանգարանի մերձակա հրապարակում եւ փորձեցին նախապես հայտարարված ակցիան իրականացնել:



Հիմնադիր խորհրդարանի մոտ 30 անդամներ՝ նույնանման անձրեւապաշտպան արտահագուստներով, հավաքվել էին թանգարանին հարակից տարածքում՝ կիսափուլ շինության կողքին, որտեղ իրենց համար ինքնաշեն բեմահարթակ էին սարքել, բարձրախոսներ դրել: Եվ որոշել էին շուրջօրյա հավաքներ անել, երեկոյան էլ, խարույկի շուրջ, իշխանությունից ազատվելու կարճ ճանապարհներ փնտրել՝ իրականացնել իշխանափոխության իրենց ծրագիրը: Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանը եւ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը երկար ժամանակ է, ինչ նախապատրաստվում են ապրիլի 24-ի հավաքին: Կարգախոսը հետեւյալն էր. «Դուրս ենք գալիս փողոց եւ տուն վերադառնում ռեժիմի հեռանալուց հետո»: Այսինքն՝ սպասվում էր, որ ապրիլի 24-ին սկսելու էին շուրջօրյա հավաք-նստացույցեր:



Այդքան սպասված հանրահավաքը, չնայած սակավամարդ լինելուն, տեղի ունեցավ, ելույթ ունեցան Հիմնադիր խորհրդարանի անդամները: «Այսօր մեր երկրում «սպիտակ» ցեղասպանություն է, եթե մեզ չհաջողվի այս իրավիճակից դուրս գալ, շարունակվելու է: Մենք դա կարող ենք վերացնել՝ միայն հեռացնելով ներկայիս իշխանություններին: Եթե չկարողանանք այս վիճակից դուրս գալ, ապա թշնամու գործածը հայի ձեռքով կդառնա շարունակություն»,- ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նրա կարծիքով, մենք դեռ 100 տարի առաջ զրկվել ենք մեր հայրենիքի 50 տոկոսից եւ մինչ այսօր չենք կարողացել Ցեղասպանության հետեւանքները հաղթահարել: «Պատճառն այն է, որ բավարար չափով չենք գիտակցել, թե ինչ եղավ 100 տարի առաջ: Պատճառն այն է, որ արդեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին մենք բավարար հետեւություններ չենք արել»,- ասաց Ենիգոմշյանը՝ ընդգծելով, որ ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ չպետք է ապրեինք:



Այնուհետեւ հավաքվածներին իր «երազը» պատմեց Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը. «Հարեւանուհիս տվեց Եղիշե Չարենցի հեռախոսահամարը: Ունեցա այդ համարձակությունը, զանգեցի: Ասացի՝ թույլտվություն եմ խնդրում, ուզում եմ քո կարգախոսը՝ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է», վերափոխել եւ դարձնել. «Ով հայ ժողովուրդ, մեր բոլորիս միասնական փրկությունը մեր միասնական, իրար կողքի կանգնելու, համախմբվելու մեջ է»»: Եվ երազում Եղիշե Չարենցը Թորոս Սեֆիլյանին ասել է. «Թորոս ջան, եթե կկարողանաս այդ մի բառը փոխելով ժողովրդին իրար գլխի հավաքել՝ խնդրեմ, վերցրու»:



Կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանի կոչն էլ ուղղված էր հայ կանանց. «Աղջիկներ, դուք պետք է ոտքի կանգնեք, լինեք տղամարդկանց կողքին, որպեսզի այս երկիրը երկիր դառնա»: Հավաքի սկզբից մինչեւ վերջ բոլորին մեկ հարց էր տանջում՝ ի՞նչ են իրենք անելու, արդյոք շուրջօրյա պայքարն սկսո՞ւմ են, թե՞ ոչ: Երեք ժամ տեւած հավաքի վերջում պարզ դարձավ, որ նրանք, ովքեր, լսելով Հիմնադիր խորհրդարանի կոչերը, իրենց հետ բերել էին ուսապարկեր, սխալվել էին: ՀԽ անդամներից Գագիկ Սարուխանյանն ասաց, որ իրենք շուրջօրյա հանրահավաքներ չեն անելու՝ մի քանի պատճառներով: Նախ, եղանակային վատ պայմանների, ապա՝ սակավամարդության, ու կոչ արեց բոլորին այսօր, նույն ժամին հավաքվել նույն տեղում:



Նա ներկաներին կոչ արեց իրենց հարեւաններին, բարեկամներին փոխանցել երեկվա հանրահավաքում հնչած ելույթները, որպեսզի նրանք նույնպես միանան իրենց: «Հանրահավաքին ներկա գտնվողներս պետք է վերածվենք «վիրուսների» ու այդ տրամադրությունները փոխանցենք մեր հարեւաններին»: