Վիլեն Խաչատրյանին ազատե՞լ են աշխատանքից

Վիլեն Խաչատրյանին ազատե՞լ են աշխատանքից

«Հրապարակի» տեղեկություններով, ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանը աշխատանքից ազատել է հայտնի տնտեսագետ, 5 գրքերի և մի քանի տասնյակ գիտական հոդվածների հեղինակ, ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին։ Չի բացառվում, որ պատճառը Վիլեն Խաչատրյանի հրապարակային ելույթներն են, որոնցից նա երբեք չի խուսափում։ Իր ելույթներում նա հաճախ օբյեկտիվ գնահատականներ և կանխատեսումներ էր տալիս ՀՀ տնտեսության վերաբերյալ, կամ, ինչպես ինքն է արտահայտվում՝ «սևին սև է ասում, սպիտակին սպիտակ»։ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի հետ հետևյալ զրույցը ունեցանք։



-Ճի՞շտ է, որ ավագ գիտաշխատող Վիլեն Խաչատրյանին ազատել եք աշխատանքից։ 



- Իսկ ձեզ ո՞վ է ասել այդ մասին։



-Ոչ Վիլեն Խաչատրյանը։ Ձեր ինսիտուտից ենք տեղեկացել։



- Ինչ՞ու է դա ձեզ հետաքրքրում։



 - Որովհետև նա հայտնի տնտեսագետ է, ճանաչված, իսկ դուք նրան ազատել եք աշխատանքից։



-Ինչի՞ց որոշեցիք, որ նա հայտնի է։ Ձեզ համար կարող է հայտնի է, դա չի նշանակում, որ նա հայտնի տնտեսագետ է։



 -Ի՞նչն է պատճառը, որ ազատել եք Վիլեն Խաչատրյանին։ 



- Ես ձեզ «ատչոտ չեմ տալու»։ Եղա՞վ։ 



Վիլեն Խաչատրյանից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ։  «Իմ աշխատանքային պայմանագիրը կնքված էր 5 ամսով, և այժմ ժամկետը լրանում է», - ասաց նա։ «Ի՞նչ դժգոհություն ունի ղեկավարությունը, որ ցանկանում է ազատել Ձեզ։ Հնարավո՞ր է, որ ձեր հրապարակային ելույթներն են պատճառը» հարցին պատասպանեց․ «Ոչ, ներքին հարաբերությունների խնդիր է»։ Հիշեցնենք, որ «Հրապարակի» այսօրվա համարում տպագրված էր «Տնտեսագետները հաշվում են Ցեղասպանության վնասի չափը» հոդվածը, որում Վիլեն Խաչատրյանը մեկնաբանություն էր տվել ունեզրկված հայերի կուրուստների վերաբերյալ։ Նա ասել էր, որ եթե չլիներ Ցեղասպանությունը, ապա 100 տարվա ընթացքում Արևմտյան Հայաստանի բնակչության թվաքանակը կարող էր աճել մինչև 24 մլն։