Հոսանքի թանկացումը հիմնավորում են, բայց որևէ կերպ չեն փոխհատուցում

Հոսանքի թանկացումը հիմնավորում են, բայց որևէ կերպ չեն փոխհատուցում

Արդեն հայտնի է, որ ՀԷՑ-ը կրկին նախատեսում է բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Թանկացման համար, ըստ տեղեկությունների, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 2 հայտ է պատրաստել, որոնցից մեկով առաջարկում է 6 դրամով թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը, մյուսով՝ 10 դրամով:



Այս հարցով փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ազգային ժողովի տնտեսագետ պատգամավորներից՝ հասկանալու համար, թե որքանով է արդարացված հերթական անգամ ՀՀ քաղաքացիների վրա այսպիսի բեռ ավելացնելը: Նշենք, որ գազի թանկացման հավանականությունը եւս չի բացառվում:



ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ձգտելով զերծ մնալ հարցի բարոյաքաղաքական կոնտեքստից, փորձեց թանկացումը բացատրել եւ արդարացնել մասնագիտորեն՝ շեշտը դնելով առավելապես դոլար-դրամ տատանումների վրա: Նա նշեց, որ կան մի շարք բաղադրիչներ, որոնք ազդում են էլեկտրաէներգիայի ձեւավորման վրա, որոնցից մեկը հենց դոլարի փոխարժեքի տատանումն է, ինչպես նաեւ այն ծախսերը, որոնք ՀԷՑ-ը կատարում է հոսանքի արտադրման համար: «Եթե նախկինում 156 հազար դրամն արժեր 393 դոլար, էսօր արժե 326 դոլար: Ծախսումները չեն ավելացել, այսինքն՝ այն ծախսը, որ ինքն էդ հոսանքը բերում-բաշխում է ազգաբնակչությանը, դա չի ավելացել»,-ասաց նա՝ նշելով, որ հավանական թանկացումը կարող է պայմանավորված լինել միայն դոլարի թանկացմամբ, ինքը որեւէ այլ արդարացում չի կարող գտնել:



Այվազյանը, հակառակ որոշ մասնագետների կարծիքների, ՀԷՑ-ում մենեջմենթի, ներքին կառավարման արդյունավետության խնդիր բացարձակ չի տեսնում: «Եթե վատ է կառավարվում, ուրեմն տվյալ կազմակերպությունը կարող է ունենալ վնաս: Այդ վնասը կարող է լինել վնաս ա) եւ վնաս բ): Առաջինը՝ վնաս, որը պայմանավորված է մեր կողմից իրեն տրվող հոսանքի թանկ գնով եւ էժան վաճառելով, մյուսը՝ վատ մենեջմենթի պատճառով: Վատ մենեջմենթն իր գործն է, բայց որ ես իրեն տալիս եմ 50 դրամանոց հոսանք ու ասում՝ ծախի 40 դրամով, այսինքն՝ 10 դրամ մինուս եմ տալիս, ճի՞շտ ա: Այսինքն՝ վատ մենեջմենթն իր խնդիրն է»,-բացատրեց Այվազյանը: Բայց որքան էլ բացատրեն կամ արդարացնեն թանկացումը, միեւնույն է, հասարակ քաղաքացուն դա չի հետաքրքրում, քանի որ այդ թանկացումը նրա գրպանին է հարվածելու:



ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Քո վրա թանկանում ա, մեր վրա էլ ա թանկանում: Ու որպեսզի գրպանին չխփի, պետք է մենք էնպես անենք, որ ՀՀ քաղաքացու եկամուտները լավ բարձրանան»: Իսկ թե երբ են դա անելու, ասաց. «Դե հիմա փորձում ենք անել»:
Այվազյանի ղեկավարած հանձնաժողովի նախագահի տեղակալ, նրա հենց դեմ-դիմացի աշխատասենյակում նստող ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ մեր հարցին ի պատասխան որոշեց մի քանի մասնագիտական առաջարկություններով հանդես գալ, որոնցով, ըստ նրա, կարող են կանխել սակագնի բարձրացումը: Մինչ այդ, սակայն, նա հիշեց, որ անցյալ տարի, երբ բարձրացնում էին էներգիայի սակագինը, ինքը հարցրել է Ռոբերտ Նազարյանին, թե արդյոք քիչ չէ՞ այդ 3.85 դրամով թանկացումը, սակայն Նազարյանը վստահեցրել է, թե՝ «չէ, չէ, լրիվ հարցերը լուծում ա, հաշվարկած ա»: Իսկ այսօր, երբ մի տարի էլ չի անցել դրանից, կրկին ուզում են բարձրացնել, մինչդեռ կարող էին այն ժամանակ ավելի մեծ չափով բարձրացնել, որ նորից նույն հարցը չառաջանար:



Անցնելով առաջարկներին՝ Մելքումյանն ասաց. «Մենք չենք մտածում էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման սխեմայի մասին: Այն ունի մեթոդաբանություն, որի հիմքում դրված է անհրաժեշտ հասույթի գաղափարը, որն առաջանում է հետեւյալ ձեւով. միավորի գին, բազմապատկած թողարկած էլեկտրաէներգիա: Հիմա ես առաջարկում եմ հետեւյալը, որ պետք չի բնակչության եւ բիզնես ոլորտի շահերը բերել նույն դաշտ էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման հարցում: Մենք ունենք տարբեր լարումներ. կա 220 վոլտ լարում՝ բնակչության համար, կա 400, կա 6.000, 10.000, 31.000 եւ 110.000 վոլտ լարում: Խոշոր ձեռնարկությունների կորուստներն ավելի քիչ են, որովհետեւ ենթակայանները գտնվում են այդ ձեռնարկությունների հաշվեկշռում: Ես առաջարկում եմ, որ այդ ձեռնարկությունների սակագինը որոշվի ոչ միայն նրանց սպառած էլեկտրաէներգիայի չափով, այլեւ հզորության վճարով»:



Մելքումյանի կարծիքով՝ այդ խոշոր ձեռնարկությունները, պատվիրելով իրենց համար հզոր լարմամբ էլեկտրաէներգիա, լիարժեք չեն սպառում իրենց ստացած հոսանքը, ուստի հարկավոր է սակագները վերանայել նրանց համար, իսկ բնակչության համար թողնել նույնը: Նա, սակայն, չի կարող պնդել, որ վատ մենեջմենթ կա ՀԷՑ-ում, քանզի եթե մի տեղ կա մասնավոր սեփականություն, դրա տերը չի կարող թույլ տալ, որ որեւէ սահմանից շեղվեն, ինքն ավելի շատ մեթոդաբանության եւ պետական քաղաքականության խնդիր է տեսնում: Պատգամավորի մյուս առաջարկն էլ այն է, որ կարելի է ամսական 250-300 կվտ էլէներգիա սպառող բնակիչների դեպքում սակագինը թողնել նույնը:



Արդյոք հասարակ քաղաքացուն, ով իր մաշկի վրա զգալու է թանկացման բեռը, հետաքրքրո՞ւմ են այն բացատրությունները, որոնք ներկայացվում են որպես սակագինը բարձրացնելու հիմնավորում: ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Իհարկե ոչ: Ճիշտ եք ասում, բայց էս դեպքում կարող ենք ասել, որ թող թանկանա, բայց նաեւ թող պետությունը փոխհատուցում տրամադրի»: