Սահմանադրության մեջ պետք է այնպիսի մեխանիզմներ դրվեն, որ հնարավորություն չստեղծվի կես դար իշխելու

Սահմանադրության մեջ պետք է այնպիսի մեխանիզմներ դրվեն, որ հնարավորություն չստեղծվի կես դար իշխելու

Լրացել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ մասնագիտական հանձնաժողովին առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետը: Հայեցակարգի վերաբերյալ Սերժ Սարգսյանի արտահայտած մտահոգություններից հետո մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ մինչեւ մայիսի 5-ը քաղաքական ուժերը կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել, որպեսզի հանձնաժողովը 10 ամսվա ընթացքում կարողանա բարեփոխումների փաթեթ ներկայացնել, որն էլ, հանրապետության նախագահի հավանությանն արժանանալուց հետո, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կմտնի խորհրդարան: Քաղաքական ուժերը, բացառությամբ ՀՅԴ-ի, չշտապեցին առաջարկներով հանդես գալ, սպասելով՝ մինչեւ փաթեթը կդրվի սեղանին, եւ պարզ կլինի, թե ինչ է ուզում իշխանությունը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չեղած փաստաթղթի վերաբերյալ իրենք չէին կարող առաջարկներ ներկայացնել:



- Պարոն Քոքոբելյան, վերջապես ի՞նչ դիրքորոշում ունի ԱԴ-ն այդ բարեփոխումների վերաբերյալ, որոնք արժանացել են շատերի քննադատությանը, պատրաստվո՞ւմ եք առաջարկներ ներկայացնել, թե՞ բոյկոտելու եք այս գործընթացը:



- Սահմանադրությունը միայն իրավական փաստաթուղթ չէ, լինելով մայր օրենքը, միեւնույն է՝ այն քաղաքական լրջագույն համակարգ ձեւավորող փաստաթուղթ է: Նախ, Սահմանադրության հետ կապված ես իմ դիրքորոշումն անձամբ ներկայացրել եմ, կուսակցության դիրքորոշումը դեռեւս քննարկվում է, որովհետեւ, վերջին հաշվով, դեռ չկա այդ փաստաթուղթը, ինձ համար նաեւ անհասկանալի է չեղած փաստաթղթի մասին խոսել: Բայց կա նախագիծ, որտեղ շատ կետեր կան, որոնք, անկախ ամեն ինչից, ընդունելի չեն, եւ, անկախ ամեն ինչից, գտնում եմ, որ ՀՀ-ում մինչեւ այս պահը, այդ թվում գործող Սահմանադրությունն, ունի այնպիսի դրույթներ, որոնք առաջացնում են էական խնդիր: Իհարկե, երբեք այն կարծիքին չեմ եղել, որ ՀՀ խնդիրները կապված են բուն Սահմանադրության հետ, որովհետեւ Հայաստանում այսօրվա խնդիրները կարելի է լուծել եւ շատ լավ լուծել նաեւ գործող Սահմանադրության պայմաններում:



- Այդուհանդերձ, փոփոխությունների գործընթացը շարունակվում է, եւ Ձեր ընդդիմադիր գործընկերները համարում են, որ պետք է ընդվզել այդ գործընթացի դեմ, որի արդյունքը լինելու է իշխանության վերարտադրության փաստաթուղթ ներկայացնելը՝ ի դեմս խորհրդարանական կառավարման մոդելի: ՀԱԿ-ը նույնիսկ ընդդիմադիրների համար թեստ է պատրաստել՝ ով կընդվզի Սերժ Սարգսյանի համար վտանգ հանդիսացող այդ խնդրի դեմ, նա էլ տեղ կունենա իրական ընդդիմադիր դաշտում:



- Նախ, թեստավորման իրավունք ոչ մեկը չունի, չեմ ուզում բնութագրել որեւէ մեկին, մարդկանց սովորաբար այդպես չեն թեստավորում, մենք փոքր երկիր ենք եւ գիտենք, թե ով ով է, բայց մի շատ կարեւոր հանգամանք կա այստեղ: Եթե ուշադիր ենք եղել, ցավում եմ, որ 1991 թվականից այս կողմ ՀՀ-ում ընտրությունների միջոցով, որպես ընտրությունը գործիք, իշխանափոխություն չի եղել, դա փաստ է, այսինքն՝ վերարտադրության մասին խոսելիս նաեւ պետք է հաշվի առնել այս փիլիսոփայությունը:
Նաեւ շատ էական եմ համարում եւ չեմ ընդունում այն տեսակետը, որ նշվում է, թե ընդհանրապես չի կարելի առաջարկներ անել: Մեր որոշ ընդդիմադիր գործընկերների կողմից, այո, նման մոտեցում ունեն, իհարկե, ցանկացած տեսակետ իրավունք ունի հնչեցվելու, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ դառը փորձը ցույց է տալիս, որ այն գործընթացին, որին չես փորձում մասնակցություն ունենալ, խոսքը չի վերաբերում լեգիտիմացնելուն, Սահմանադրության փոփոխության լեգիտիմացումը կորոշի ժողովուրդը՝ ընտրությունների արդյունքում: Ավելի կարեւոր եմ համարում լեգիտիմ ընտրելու հնարավորությունը, քան լավ կամ մի քիչ վատ սահմանադրության տարբերակները: Եթե դու քո մասնակցությունը չես ունենալու այդ գործընթացին, ապա ինչպե՞ս ես կարողանալու ազդեցություն ունենալ այն փոփոխությունների վրա, որոնք չէիր ցանկանա, որ լինեին: Այդ պատճառով ժխտողական մոտեցումն ինձ համար ընդունելի չէ:



- Այդուհանդերձ, փոփոխություններ կատարելու փաստը կարծես անշրջելի է, նույնիսկ, եթե, ինչպես Սերժ Սարգսյանը հայտարարեց, ներկայացվի երկու տարբերակ, խորհրդարանական մոդելի հետ սեղանին է դրվելու նաեւ փոփոխության ենթարկված կիսանախագահականը: Իշխանության վերարտադրությունը խափանելու տեսանկյունից ի՞նչ փոփոխություններ են հարկավոր Սահմանադրությունում:



- Ես դեմ եմ այսօրվա գործող Սահմանադրության այն դրույթին, որտեղ նշված է, որ նախագահները երկու անգամ անընդմեջ առաջադրվելուց ավելի իրավունք չունեն առաջադրվել, ես գտնում եմ, որ պետք է գրվեր, որ ընդհանրապես երկու անգամից ավելի իրավունք չկա առաջադրվելու: Գտնում եմ, որ Հայաստանի քաղաքական համակարգի կոռումպացված եւ լճացած լինելու պատճառներից մեկն էլ դա է, իսկ ես կարծում եմ, որ Հայաստանում ամենակոռումպացվածը հենց քաղաքական համակարգն է: Հաշվի առնելով, թե մարդու կյանքում քանի սերունդ է անցնում, չի կարելի, որ այնպիսի քաղաքական համակարգ լինի, որպեսզի մարդն ապրի այսինչ մեկի դարաշրջանում: Սա միջնադարյան, չորացած մտածողություն է, անցել է միջնադարը, եւ մենք ապրում ենք 21-րդ դարում: Պետք է հնարավորություն լինի համակարգի վերարտադրության, համակարգի վերափոխման եւ զարգացման, իսկ ես վստահ եմ, որ Սահմանադրության վերոնշյալ դրույթը հնարավորություն է ստեղծում մոտիվացիա ստեղծել նախկին նախագահների, նախկին իշխանությունների… ի սեր Աստծո, անձերից վերանանք, ես նկատի չունեմ ոչ առաջին, ոչ երկրորդ նախագահներից ոչ մեկին, այլ խոսում եմ զուտ քաղաքական համակարգի կենսունակության մասին: Եվ եթե դիտարկենք աշխարհի փորձը, ապա այն երկրներում, որտեղ այդ հնարավորությունը տրված է, պարտադիր քաղաքական դաշտի լճացում կա, կոռուպցիա կա, այստեղ է սկսվում քաղաքական ուզուրպացիան:
Թեեւ պառլամենտական երկրներ էլ կան, փորձ կա, որ կատարյալ չեն, հստակ խնդրահարույց հարցեր կան: Ընդհանրապես, կան եւ շատ լավ պառլամենտական, եւ նախագահական համակարգեր: Կիսանախագահական համակարգի հետ կապված այսօրվա ամենալուրջ բացթողումը ես համարում եմ վերոնշյալ դրույթը՝ երկու անգամից ավելի առաջադրվելու վերաբերյալ: Խորհրդարանական մոդելում ամենամեծ վտանգն այն է, ինչ ունեն Իտալիայի մոդելում, իհարկե, խորհրդարանական կառավարման մոդելում քաղաքական ուժերի դերը, ժողովրդի մասնակցությունն ավելանում է, վերջապես, ցանկացած Սահմանադրության գերխնդիրը պետք է լինի մեկ հարց՝ ժողովրդի հնարավորինս մասնակցությունը եւ ազդեցությունը քաղաքական որոշումների վրա: Խորհրդարանական համակարգը թերեւս թվում է այդ առումով ավելի քիչ խոցելի է, քան նախագահականը, բայց ունի լրջագույն խնդիր, երբ որ կարողանում է ինչ-որ խումբ իշխանությունն ուզուրպացնի եւ երկարաժամկետ պահի: Այնպիսի երկրներում, ինչպիսիք զարգացած Իտալիան է, այդ փաստին մենք առերեսվել ենք: Բոլոր դեպքերում, քիչ եմ կարեւորում, թե որ համակարգն է, պետք է այնպիսի մեխանիզմներ դրվեն, որ հնարավորություն չստեղծվի կես դար իշխելու: Սահմանադրությունը առաջին խնդիրը, որ պետք է լուծի, այն էլ 21-րդ դարում, պետք է հնարավորություն ստեղծի քաղաքացիների ուղղակիորեն մասնակցությունն ապահովելու հնարավորինս մեծ կառավարման համակարգին եւ քաղաքական որոշումների վրա իր ազդեցությունն ունենալուն: