Ռուսները կռվել են Ուկրաինայում. հրապարակվել է Նեմցովի զեկույցը

Ռուսները կռվել են Ուկրաինայում. հրապարակվել է Նեմցովի զեկույցը

Հրապարակվել է Ռուսաստանի ընդդիմության հանգուցյալ առաջնորդ Բորիս Նեմցովի պատրաստած զեկույցը:

Russia Today-ի փոխանցմամբ` զեկույցում պնդում կա, որ Ուկրաինայի արևելքում տասնյակ ռուսաստանցի զինվորականներ են մարտնչել և զոհվել: Ըստ այդմ` 2014-ի օգոստոսի դրությամբ Ուկրաինայում առնվազն 150 ռուսաստանցի զինվոր է սպանվել: Իսկ 2015-ի հունվարին և փետրվարին Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած բախումներին էլ 70 ռուսաստանցի զինվոր է զոհ գնացել:

Նեմցովը հայտնել էր, որ տեղեկությունները հավաքել է «բաց աղբյուրներից», ինչպես նաև` զոհերի հարազատներից: Ռուսաստանցի պաշտոնյաները, աղբյուրի տվյալներով, առայժմ չեն ծանոթացել զեկույցին, որը, սակայն, մատչելի է Open Russia իրավապաշտպան խմբի կայքում:

Հայտնի է, որ սպանության բերումով Նեմցովը ի վիճակի չի եղել ավարտին հասցնել իր սկանդալային զեկույցը: Նա սպանվել էր փետրվարի 28-ի գիշերը, միայն դրանից հետո նրա գործընկերները տեղեկացրել էին զեկույցի գոյության մասին:

Ռուսաստանը Ուկրաինայի ճգնաժամի սկսվելուց ի վեր մեղադրվում է այդ երկրում ապստամբներին զինտեխնիկայով, ֆինանսներով և մարտական ուժով աջակցելու համար: