Քցվածների երկիր Հայաստան

Քցվածների երկիր Հայաստան

Մեզանում քցում են մի քանի պատճառով.



1. Եթե գործատուն փող կամ ունեցվածք չունի պարտքերը վճարելու եւ գտնվում է կալանավայրում, ինչպես հայտնի բնակարանաշինարար Պապոյանը:
2. Երբ պարտքերն այնքան շատ են, որ վերադարձնելն անհնար է: Սա, թերեւս, «Նաիրիտի» դեպքն է:
3. Երբ պարտքն այնքան մեծ է, որ հետ տալն ափսոս է:
Եվ վերջին դեպքը. երբ քցում են հենց այնպես, առանց պատճառի, որովհետեւ չեն ցանկանում վճարել:



ԳՈՐԾԱՏՈՒՆ ՎՃԱՐԵԼ Է ՀԱՐԿԵՐԸ, ՀԵՏԵՎԱՊԵՍ՝  ՆԱԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ



Այս վերջին եղանակով «քցել» են Երեւանի բնակիչ Լուսինե Վարդանյանին: Նա, իր իսկ պնդմամբ, չի ստացել մոտ 400 հազարից ավելի գումար եւ երկու տարի է՝ պայքարում է պարտքը հետ ստանալու համար: Բայց այդ պայքարի միակ արդյունքն այն է, որ նա շուտով հայտնվելու է բանտում: 2012 թվականին Լուսինեն դժբախտություն ունեցավ իր աշխատանքային ճակատագիրը կապել biglemon.am կայքի հետ: Սա զեղչերով գնումների կայք է, որը պատկանում է բիզնեսմեն Ռաֆայել Կանեցյանին: Գործարարներին համոզելու եւ այստեղ հայտարարություն տեղադրելու համար կայքի տնօրինությունն աշխատողներին, բացի աշխատավարձից, նաեւ գործարքից որոշ տոկոս է վճարում: Մի քանի ամիս վարձատրվելուց հետո ճոխ-ճոխ գովազդներից տրաքող «Բիգլեմոնը» դադարեց նրան եւ եւս երկու աշխատակցուհիների՝ Դիանա Սիմոնյանին եւ Իրինա Ալավերդյանին, փող տալ: Երբ մեծահարուստ Կանեցյանի պարտքն անցավ 400 հազարը, խոստացված տոկոսները չհաշված, Լուսինե Վարդանյանը դիմեց աշխատանքի տեսչություն, որը երկար-բարակ վարույթից հետո նրան ցնցող պատասխան տվեց՝ մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. քանի որ Ռաֆայել Կանեցյանը հարկային պարտավորությունները պատշաճ ձեւով կատարել է, նշանակում է՝ նա տվել է Լուսինե Վարդանյանի աշխատավարձը:



ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԱՐԴՈՒՆ ՀԱՄՈԶՈՒՄ ՆՍՏԵԼ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԱԹՈՌԻՆ



Աշխատանքի տեսչության չինովնիկը համացանցում տեղադրված մի ռեպորտաժում ցույց է տալիս ստացական, որի վրա, իբր, Լուսինեի ստորագրությունն է, իսկ վերջինս մամուլում հայտնեց, որ իր ստորագրությունը կեղծված է: «Անցավ մի ամիս, զանգահարեց Կենտրոնի բաժնից հետաքննիչ Տիգրանյանը,- պատմում է Լուսինեի ամուսինը,-ասաց, որ պետք է գնա բաժին եւ հաղորդում տա հանցագործության մասին: Մենք չէինք համաձայնում, քանի որ այս ստորագրությունը նախկին ամիսների ստացականի վրա էր, որոնց համար կինս աշխատավարձ ստացել էր: Բայց, ի վերջո, համոզեցին, եւ մենք հաղորդում տվեցինք ստորագրությունը կեղծելու համար»: Կասկածելի որակի փորձաքննություն անցկացնելուց կարճ ժամանակ անց Լուսինե Վարդանյանին սուտ մատնության մեղադրանք են առաջադրում: Երեքշաբթի Կենտրոնի դատարանում այս գործով դատավճիռ են կարդալու:



Մեղադրող դատախազը նրա համար 6 ամսվա ազատազրկում է պահանջել: «Էլ գլխավոր դատախազին դիմեցինք, էլ Քննչական կոմիտե, էլ ՀՔԾ-ին, ամեն տեղ պատ է: Ամեն տեղ պաշտպանում են Կանեցյանին»: Չվճարված աշխատավարձի վերաբերյալ գործը լսվելու է հունիսին, բայց անարդարությունների բովով անցած ամուսինները մտավախություն ունեն, որ մեր արդարադատությունը մեծահարուստ Կանեցյանին է պաշտպանելու, եւ իրենց հույսն այսօրվանից կապում են Եվրադատարանի հետ: «Ո՞րն է պատճառը, որ դուք չեք վճարել Լուսինե Վարդանյանի աշխատավարձը» հարցին ի պատասխան, Ռաֆայել Կանեցյանը պահանջեց այս հարցն իրեն ուղղել գրավոր: Ուղղեցինք եւ սպասում ենք:



ՀԱՄԱԼԻՐԻ «ՔՑՎԱԾ» ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ



Մինչ այդ «Հրապարակին» դիմեցին Մարզահամերգային համալիրի ունեզրկված աշխատակիցները: Այս կառույցի սնանկանալուց հետո նրանք ապարդյուն քարշ են եկել դատարաններով եւ հիմա ավելի քան համոզված են, որ այս երկրում իրենցով հետաքրքրվող չկա: Վարուժան Կարապետյանը համալիրում աշխատել է 2007 թվականից: Էլեկտրիկից հասել է բաժնի վարիչի պաշտոնին: Աշխատել է, երբ ընկերության սեփականատերը «ԲԱՄՈ»-ն էր, տնօրեն Մուրադ Մուրադյանի օրոք, հետո՝ Հարություն Մուրադյանի: «ԲԱՄՈ»-ի սնանկանալուց հետո Մարզահամերգային համալիրն անցավ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին: Աշխատողներին ասել են, որ ազատման դիմումներ գրեն: «Մենք հիմա ոչ հաստիքացուցակում ենք, ոչ էլ ազատված ենք: Օդում կախված ենք»,- ասում է Վարուժան Կարապետյանը:



Նա պատմում է, որ ինքն ու կինը, նաեւ «քցված» այլ աշխատակիցներ, տարբեր միջոցառումների են գնում, որպես Մարզահամերգային համալիրի ծակուծուկը լավ իմացողներ: «Առանց մեզ դժվար անցկացնեն միջոցառումները, քանի որ մենք հիմնարկի բոլոր բաները գիտենք»,- ասում է նախկին համալիրականը: Վերջերս նաեւ սպասարկել է կրթության համակարգի ֆորումը՝ Աշոտյանի մասնակցությամբ: «Մինչ այդ ցեղասպանության միջոցառում էր, Սոսոյի համերգն եղավ, հիմա էլ Ալեգրովան է գալիս: Միջոցառումների համար փող տալիս են, բայց հիմնական աշխատող չենք: Օդից կախված մարդիկ ենք»: Վարուժան Կարապետյանին համալիրը պարտք է մոտ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ: Ընդհանուր պարտատերերը մոտ 40-50 հոգի են: «Լրիվս էլ քցված ենք, ամեն մեկն իր գլուխը պահում է մի կերպ: Ուր գնում ես, ասում են՝ տարիքդ ինչքա՞ն է, ոչ մի տեղ չեն ընդունում»,- գանգատվում է նա: Համալիրից գումար ստանալու հույս չունի: «Այսքան ժամանակ խոսում են այս հարցի մասին, ո՞ւմ ենք մենք պետք: Ոչ մի պաշտոնյա մեզանով չհետաքրքրվեց»,- ասում է նա: