Մակեդոնիայում իշխանափոխության հոտ է գալիս

Մակեդոնիայում իշխանափոխության հոտ է գալիս

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե են այսօր ժամանել հազարավոր մարդիկ ողջ երկրից հակակառավարական ցույցին մասնակցելու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:



Բողոքի ակցիայի անցկացման կոչով են հանդես եկել ընդդիմադիր կուսակցությունները՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության գլխավորությամբ:



Ակցիայի կազմակերպիչները ցանկանում են, որ ցուցարարները մնան կառավարական թաղամասում՝ մինչ երկրի վարչապետ Նիկոլա Գրուևսկին և նրա կառավարության անդամները հրաժարական չտան:



Վերջինս հայտնել է, որ մտադիր չէ հրաժարական տալ կամ համաձայնել անցումային կառավարության ստեղծմանը:



Մակեդոնիայում քաղաքական ճգնաժամ է, որը վերջին ժամանակներում խորացել է հեռախոսների գաղտնալսման և երկրի հյուսիսում անկարգությունների հետ կապված սկանդալից հետո: Մեկ շաբաթ առաջ Կումանովո քաղաքում բախումների ժամանակ մահացել է ութ ոստիկան և 14 զինված անձ, որոնք ենթադրաբար եղել են էթնիկ ալբանացիներ Կոսովոյից:



Մակեդոնիայի վարչապետն ավելի վաղ ընդունել էր երկու նախարարների և հետախուզական ծառայության ղեկավարի հրաժարականները, որոնց ընդդիմությունը մեղադրում էր գաղտնալսման միջոցով ընտրական հանձնաժողովներին, դատական մարմիններին և լրագրողներին վերահսկելու փորձերի համար: