Զարուհին դարձել է ԱԺ միակ տղամարդը

Զարուհին դարձել է ԱԺ միակ տղամարդը

«Գեներալ ջան, մի ջղայնացի», - ԱԺ-ի հաստավզերը տանում են մեկ այլ հաստավզի, ով փրփրաբերան պաշտպանում է Սուրիկ Խաչատրյանի հանցագործ սերմը։ Եւ ոչ մի տղամարդ չկա, որ փրկի Զարուհուն գեներալի փրփուրներից։ Տղա ա, էլի, կռիվ ա արել, էդ ու՞մ տղան կռիվ չի անում։ Ավելի ազնիվ կգտնվեր Սեյրան Սարոյանը, եթե իր հարազատ մարտունա բառբառով շարունակեր պաշտոնյաների որդիների արարքները թվարկել։ Էդ ու՞մ տղեն նարկոտիկ չի օգտագործում, էդ ու՞մ տղեն զենք չի պահում, էդ ու՞մ տղեն չի կրակում, մեկի աչքի թայը հանում։ Էդ ու՞մ հերը փող չի ընկնում, տղին ոստիկանությունից չի փրկում։ Մի բացառություն, այնուամենայնիվ հայրերի մեջ եղավ։ Յուրի Վարդանյանը, որը, որպես նախկին ծանրորդ, իրոք, «դուխով տղա» էր, այս ծանրությունից էլ չխուսափեց։ Ոհմակի վարքին հակառակ, դատապարտեց որդուն՝ Դավիթին․ արել է, թող նստի։ Թեև կարող էր իր համարումն ու պաշտոնը՝ նա այն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդական էր, օգտագործել Դավիթին փրկելու համար։ Բայց չարեց, ու սրանով հաղթեց ոհմակին։ Ճիշտ է, թմրամիջոց ձեռքբերելու և մաքսանենգություն կատարելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթը 1 տարի նստեց ու դուրս եկավ, բայց միևնույն է, սա նրա հոր ռեկորդն էր, հասարակական գիտակցության դասը պաշտոնական էլիտային։ Դավիթի արածը թմրամոլ և մարդասպան Տիգրան Խաչատրյանի հանցագործությունների հետ չես համեմատի։ Երբ դիտում ես Սեյրան Սարոյանի ելույթը Զարուհու դեմ, էլիտա բառը չորանում է բերանումդ։ Ավելի հարմար բառեր ես սկսում փնտրել՝ ոհմակ, կլան, ցեղատեսակ, որի համար ամենամեծ հանցագործությունը առանձնյակի ընտանիքին կպչելն է, նրա տան վրա գնալը։ Սա ոչ մեկին թույլատրված չի, առավել ևս Զարուհու նման «անհասկանալի» կնոջը, ով դեմ է գնում ցեղատեսակի «նամուսին»։ Այսպես է կոչվում ազգային փտախտից է ծնված երեսպաշտությունը։ «Բա խ՞ի ա Սուրիկի ընտանիքին կպնում», - գոռգոռում է գեներալը ԱԺ միջանցքում, և նրա բերանը փակող չկա, կին լրագրողներից բացի, որոնք ոհմակի համար նույնքան «անհասկանալի» են, որքան Զարուհին։ Իհարկե, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն անմիջապես հասկացավ, որ պետք է փրկել վիճակը, և «Առավոտի» թղթակցի համար սրբագրեց գեներալի տղամարդուն ոչ վայել պահվածքը։ «Գեներալը ոչ թե վիրավորեց, այլ փորձեց պաշտպանել իր ընկերոջը, դա էլ նրա կարծիքն է․․․Ես հետևել եմ երկու պատգամավորների զրույցին, դա փոխադարձաբար հարգալից զրույց էր, բայց բավական լարված մթնոլորտում» ,- ասել է Մարգարիտ Եսայանը: Նա, պարզվում է, հետևել է «լեզվակռվին», բայց Զարուհուն չի պաշտպանում, որպես ՀՀԿ կնիկ, ոհմակի «որսորդ որձերին» հնազանդ։ Ի՞նչ կանացի համերաշխություն, ի՞նչ բան։ Որձերի սերմն է կարևոր, ոհմակի ընտանիքը, թիմը։ Իսկ Զարուհին սերմին է կպել, կնկա պես իրեն չի պահում, և չկա նրան ներւոմ-բեկում։ Պնակալեզի ժպիտով հանրապետականները, քծնանքը դեմքենրին, տանում են Սարոյանին, փրփուրներն են սրբում բերանից, փրկում-տանում են «Զարուհի» կոչված աղետից։ Այո, Զարուհին և նրա տեսակը աղետ են այս երկրի համար։ Զարուհին իր կերպով ոչնչացնում է ոհմակի կեղծավորությունը, ցեղի երեսպաշտությունը։ Երեկ նա մենակ էր ոհմակի առաջ, որի համար չկա օրենք, բարոյականություն, կարգ ու կանոն։ Կա ոհմակի շահ, ոհմակի անդամի տրորված թաթ, արյունոտ երախ, սերմ։ Անգամ այն դեպքում, եթե սերմը չարիք է հասարակության համար, քաղցկեղի հանգույց է դարձել հանրության կոկորդին, որից միայն վիրահատությունը կփրկի՝ կոլեկտիվ վիրահատությունը։