Միքայել Հրեշտակապետի մոռացված կանայք

Միքայել Հրեշտակապետի մոռացված կանայք

«Մեկ կադր» 13-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնին այս տարի, ի թիվս այլ ֆիլմերի, ներկայացված է նաեւ Վահան Իշխանյանի եւ Վիգեն Գալստյանի «Միքայել Հրեշտակապետի կանայք» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը պատմում է Հայաստանի հյուսիսում գտնվող Պրիվոլնոյե համայնքի Միքայել Հրեշտակապետի եկեղեցու սպասավոր 5 կանանց մասին, ովքեր ամեն կիրակի պատարագ են մատուցում կիսականգուն եկեղեցում։



Ռուս ուղղափառներով բնակեցված Պրիվոլնոյե համայնքը հիմնադրել են ռուս զինվորականները՝ 19-րդ դարի կեսերին: Բայց 1990-ականներից սկսած, ռուս զինվորականների ժառանգներն արտագաղթել են, ու գյուղում նրանցից մնացել է մոտ 80 հոգի, հիմնականում ծեր կանայք, ովքեր հոգեւորականի փոխարեն 20 տարի է արդեն, ինչ պատարագ են մատուցում նախկինում պահեստի վերածված եկեղեցում։ Բացի այն, որ գյուղում քիչ տղամարդ կա, ֆիլմում էլ ընդամենը մի կադրում է տղամարդ երեւում՝ հպանցիկ։ Մի կողմից տեսնում ենք անհետացող գյուղը, մյուս կողմից էլ՝ այն հավատը, որ պահում է գյուղում մնացածներին։



Կանանց անձնական պատմությունների միջոցով ուրվագծվում է մոռացված ու կիսադատարկ գյուղի ամբողջական պատկերը։ Նրանք մոռացված, անտեսված են ոչ միայն պետության, տեղի իշխանությունների կողմից, այլեւ, որոշ դեպքերում՝ նաեւ իրենց երեխաների։ Եկեղեցի տանող ճանապարհներն էլ նրանցից յուրաքանչյուրի համար տարբեր են եղել։ Ավելին՝ գյուղացի կանանց մոտ հավատն ինչ- որ տեղ սովորույթի ուժով կարելի է բացատրել, որ երբեմն անգիտակցական դրսեւորումներով է արտահայտվել։ Ի պատասխան այն հարցին, թե ինչու է եկեղեցի գալիս, կանանցից մեկն ասում է՝ երբ դադարեցի կով կթել, սկսեցի եկեղեցի գալ։ Մեկ ուրիշն էլ պատմում է, որ մոր առողջության համար է սկսել եկեղեցի գալ, նրա մահից հետո էլ շարունակել է եկեղեցի հաճախել, բայց արդեն՝ սովորույթի համաձայն։ Ֆիլմի հեղինակները Միքայել Հրեշտակապետի «կանանց» ավելորդ սրբությամբ չեն պատել․ նրանք այն են, ինչ կան՝ կենցաղային, իրական, պարզ, հոգսաշատ, բայցեւ՝ հավատավոր։



Գրող Լեւոն Ջավախյանը ֆիլմը դիտելու ժամանակ զմայլվել է ու տխրել․ «Ֆիլմը նայելուց հետո մի մեծ տխրություն է գալիս քո վրա, ու այդ մեծ տխրությունը մեծ ազգի գտնվելու վայրն է Հայաստանում՝ Պրիվոլնոյե գյուղում։ Զարմանում ես, որ այդ հսկա ժողովրդի այդ փոքրիկ ծվենն այդպես թշվառ ու տառապյալ վիճակում ապրում է այդ գյուղում, որ ժամանակին բարգավաճող գյուղ էր, իսկ այժմ՝ անկում ապրող, որտեղ ապրող բնակիչն ամեն առավոտ արթնանում, նայում է իր հագած-կապած տղայի նկարին ու հայհոյում իր տղային, որովհետեւ այդ տղան, մյուս տղաների նման, լքել է իր մորը, հորը, հեռացել է գյուղից, էլ ոչ մի կապ չունի ու չի էլ հետաքրքրվում՝ իր ծնողը կա՞, թե՞ չկա։ Տվյալ պահին մարդն ապրում է գյուղում ու մտածում՝ կամ պիտի խմի, կամ աղոթի, ու քանի որ կանայք են, նրանք ամբողջովին տրվում են աղոթքին։ 5 կանայք, 5 հրեշտակներ ամեն առավոտ գալիս են իրենց եկեղեցին եւ աղոթում են։ Ինչի՞ համար են աղոթում՝ իրենց մարդկային զորությունը, իրենց ազգային ինքնությունը պահպանելո՞ւ, թե՞ ինչ-որ մեղքերից ազատվելու համար, ի՞նչ մեղքերի, այն մեղքերի, որ գյուղը թշվառ, անխնամ վիճակում է, գյուղը կորած է ցեխի, ավերակների մեջ, որին տեր չկա։ Մի թախծոտ երգ կա, որ երգում են այդ ռուս կանայք, եւ այդ տխրությունն ավելի է մեծանում։ Ֆիլմում զգացմունքը տխրության լեզվով հորդում է։ Մեծ վարպետությամբ է ֆիլմն արված։ Այդ վարպետությունը ոչ միայն Վահան Իշխանյանի սցենարական մտքի, ռեժիսորական աշխատանքի արդյունք է, այլ նաեւ օպերատորական աշխատանքի, ամբողջ ստեղծագործական թիմի»։