Լինի՞ Ղրղզստանը ԵՏՄ-ում, թե՞ չլինի. շատ լուրջ քննարկում ՀՀ ԱԺ-ում

Լինի՞ Ղրղզստանը ԵՏՄ-ում, թե՞ չլինի. շատ լուրջ քննարկում ՀՀ ԱԺ-ում

Ղրղզստանի անդամակցությունը ԵՏՄ-ին պետք է որ ՀՀ ԱԺ պատգամավորներին հուզեր ճիշտ այնքան, որքան մեր հարևան Շմավոնին: Բայց արի ու տես, որ ՀՀ ԱԺ պատգամավորները դեռ քննարկում են՝ վավերացնե՞լ ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության արձանագրությունները, թե՞ չվավերացնել:



Թե ինչու էին մտել ձևի մեջ, այդպես էլ անհասկանալի մնաց: Իսկ այն, որ գտնվեցին պատգամավորներ, ովքեր հայտարարեցին Ղրղզստանի արձանագրությունների վավերացմանը դեմ քվեարկելու իրենց վճռականության մասին, ուղղակի զավեշտ է: Երևի ուզում էին ԵՏՄ-ին վատություն անել կամ վերահաստատել Հայաստանի՝ ԵՏՄ-ին միացմանը իրենց դեմ լինելը: Այդ դեպքում էլ միանգամայն անհասկանալի է ԲՀԿ առաջնորդի կեցվածքը, ով Հայաստանի արձանագրություններին կողմ է, իսկ Ղրղզստանի արձանագրություններին՝ դեմ:



Տրագիկոմեդիան, իհարկե, լիակատար դարձրեցին Ղրղզստանի արձանագրությունները կրծքով պաշտպանող ռուսալեզները, որոնց, երևի, թվում էր, որ Ղրղզստանի բախտը իրենցից է կախված:



Ինչևէ, Ղրղզստանը կդառնա ԵՏՄ անդամ: Թե դա ինչ է տալու Հայաստանին, դժվար է ասել: Մեր որոշ խելոքներ պնդում են, որ Ղրղզստանի 6 միլիոնանոց շուկան նորանոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար, և դա այն դեպքում, երբ այդ երկրի հետ ապրանքաշրջանառության թվերը ուղղակի ամոթ է հրապարակելը: 



Երևի թե ամենաճիշտն այն կլիներ, որ SMS ուղարկեին Ղրղզստան ու շնորհավորեին այդ երկրի նախագահին՝ Ղրղզստանը Հայաստանի բախտակիցը դարձնելու կապակցությամբ: Այլապես՝ լուրջ-լուրջ քննարկում են Ղրղզստանի արձանագրությունները, որ ի՞նչ անեն: