ՔԿՀ-ներում հների և նորերի պատերա՞զմ է

ՔԿՀ-ներում հների և նորերի պատերա՞զմ է

ՀՀ քրեակատարողական համակարգի հին և նոր աշխատակիցների միջև ներքին լարվածություն կա և հակասություններ, որոնք ի հայտ են եկել վարչության պետի փոփոխությունից հետո։ Ստաժավոր բերդի պետ, քչախոս գեներալ Հայկ Հարությունյանին, որը ուժային մեթոդների կողմնակից էր, անցյալ տարվա սեպտեմբերին փոխարինեց նախկին փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։ Թեև նա «մտավորական» ոստիկանների դասից է, օրենքներ գրող իրավաբաններից, և թվում է, թե պետք է ավելի բաց աշխատի հանրության հետ, խոսելու չափի իմաստով փոփոխություն չեղավ։ Նա նույնքան փակ է մամուլի համար, ինչպես և Արտյոմիչը, և իր կադրային քաղաքականությունը պարզաբանել չցանկացավ։ Գալուն պես նա հայտարարել էր, որ իր համար կարևոր է լինելու աշխատողների իրավունքների պաշտպանությունը։ Նոր պետի օրոք կադրային նոր նշանակումներ եղան, եկան նոր մարդիկ, որոնց, ըստ ՔԿՀ-ներից ստացված տեղեկություների, այնքան էլ հեշտ չէ հարմարվել «հների» հետ։ Թե կալանավայրերում, թե կենտրոնական ապարատում նոր աշխատողները փորձում են ինքնահաստատվել, իսկ հները, որոնք շատ ավելի փորձառու են, ամեն ինչ անում են նրանց խանգարելու համար։ Արթուր Օսիկյանը, սակայն աշխատում է չխառնվել այս գզվրտոցին։ Նա միմյանց հետ լեզու գտնելու ցուցում է տվել հներին և նորերին։  «Սա ռազմական կառույց է, ներքին կարգապահության խիստ կանոններով, - մեկնաբանեց համակարգից դուրս սպրդող այս տեղեկությունները Օսիկյանը խոսնակ Գոռ Ղլեչյանը, - բոլորը կատարում են իրենց ստացած հրամանները, կատարած առաջադրանքները։ Հին և նոր չկա։ Եթե լավ են կատարում իրենց վրա դրված պարտականությունները, ապա խրախուսվում են, եթե ոչ՝ համապատասխան վերաբերմունքի են արժանանում»։ Թե ինչ կադրային փոփոխություններ են կատարվել համակարգում, խոսնակը չմանրամասնեց, ասելով, որ դրանք քիչ են․ «Հուտուկենտ մարդիկ են ազատվել, հիմնականում թոշակային տարիքի հասնելու կապակցությամբ, ինչպես, օրինակ, «Աբովյան» ՔԿՀ պետը»։ Հիշեցնենք, որ վերջին տարում բազմաթիվ ԿՔՀ-ներում ղեկավարներ փոխվեցին։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ դարձավ Արտուշ Մաքունցը։ «Սևան» ՔԿՀ-ում նշանակվեց Արամ Խաչատրյանը։ «Գորիս» ՔԿՀ-ն սկսեց ղեկավարել Ավետիս Ստեփանյանը։ Լյովա Բաղդասարյանին տարան «Կոշ», Հովհաննես Մանուկյանին ՝ «Վարդաշեն»։ Արսեն Խշտոյանին նշանակեցին «Աբովյանի» պետ, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի պաշտոնը զբաղեցրեց Տիգրան Նավասարդյանը։ Ինչպես տեսնում ենք, փոփոխությունները շատ չեն։