Թե ինչպես 9 անգամ դատապարտված Պրոֆեսորին չկալանավորեցին

Թե ինչպես 9 անգամ դատապարտված Պրոֆեսորին չկալանավորեցին

Դատախազության գործակալների, կամ, ավելի ճիշտ, գործ սարքողների մասին շատ ենք լսում։ Գիտենք, որ կա նման երևույթ։ «Շտատով» ցուցմունք գրողներին ԱԱԾ-ն, կամ դատախազությունը «հանձնարարում» են այս կամ այն կեղծ վկայությունը տալ։ Սրանք սովորաբար կախյալ անձինք են, հաճախ հանցագործներ, կամ, ինչպես մեր պատմության հերոսը՝ կրկնահանցագործներ։ «Մարմինները» գոչծ սարքելու, կամ վերջինս ցանկալի ուղղությամբ տանելու դիմաց աչք են փակում սրանց հանցարարքների վրա, բերդում լավ պայմաններ են ստեղծում նրանց համար, ազատում են կալանքից, հաճախ նույնիսկ պատժի կրումից։



Գողերի համար անհաջող օր էր



Արմավիրի մարզի բնակիչ, կրկնահանցագործ, 9 անգամ դատված Արթուր Ֆերդինանդի Խուրշուդյանը՝ Պրոֆեսոր մականունով, փետրվարի 2-ին հետաքրքիր պատմության մեջ ընկավ։ Իր գործընկեր, ազգությամբ ռուս Սերգեյ Սոլովյովի հետ նա փորձեց բացել Ազատության պողոտայի բնակարաններից մեկի եվրոպատուհանը, սակայն բախտը չբերեց՝ բնակարանի տերերը տանն էին և ընկան գողերի հետևից։ Քաջագործները փախան, բայց այդ օրը անհաջողությունը հետապնդում էր նրանց։ Փողոցը վազքով անցնելիս ընկան մեքենայի տակ։ Գողերին վնասվաքներով հասցրին հիվանդանոց։



Պրոֆեսորի ցուցմունքով մեղադրեցին բերդերի նախկին պետին
Նա հոդվածների մի ամբողջ «բուկետ» է հավաքել՝ գողություններ, խարդախություն։ Բայց հանցագործ աշխարհում հայտնի է որպես թմրամոլ և «բարիգ»։ Վերջին անգամ նստել է հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, «Դատապարտյալների հիվանդանոցում»։ 2012 թվականի գարնանը Պրոֆեսորը «հրաշալի» ձևով հայտնվեց բաց տիպի կալանավայրում, որը ազատության մեծ չափ է ենթադրում, իսկ հունիսին Պրոֆեսորի ցուցմունքների հիման վրա կալանավորեցին կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին, մեղադրելով նրան դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանության նախապատրաստումը այլ դատապարտյալի միջոցով կազմակերպելու համար։ Մեկ այլ կրկնահանցագործի՝ Ռոբերտ Տոնոյանի հետ, որն ինչպես հետագայում պարզվեց, սերտ հեռախոսային կապերի մեջ է եղել կալանավայրերի վարչության անվտանգության գծով տեղակալի հետ, Պրոֆեսորը ցուցմունքներ գրեց բերդերի նախկին պետի դեմ, որոնցից հետևում էր, թե վերջինս գումար է առաջարկել իրենց Սլոյանի սպանության համար։ Պրոֆեսորին վաղաժամկետ ազատեցին պատժի կրումից՝ հրաշալի ազատում, եթե հաշվի առնենք, որ կալանավայրերի ղեկավարությունը, նաև անկախ կոչեցյալ հանձնաժողովը սովորաբար անողոք են նույնիսկ երկու անգամ դատվածների նկատմամբ, էլ ուր մնաց՝ 9։ Դատարանում Խուրշուդյանը հրաժարվեց իր ցուցմունքներից, հայտարարեց, որ սպանություն չի նախապատրաստվել, նման նպատակ չի եղել։ Բայց Սամվել Հովհաննիսյանի մեղադրանքը չհանվեց, իսկ վերջինիս հարազատները վստահեցնում էին, որ Խուրշուդյանն ու Տոնոյանը սպանության նախապատրաստության իմիտացիա են կատարել, պատվերով ցուցմունքներ են տվել։ Պատմության ավարտը հայտնի է՝ Հովհաննիսյանը ներում ստացավ ՀՀ նախագահից, բայց Պրոֆեսորի ոդիսականը շարունակվում է։




Դատախազները վստահում են Պրոֆեսորին
Արթուր Խուրշուդյանին և նրա ռուս ընկերոջը իրավապահներին հանձնեցին այն հիվանդանոցի բժիշկները, որտեղ նրանց տեղափոխել էին ավտովթարից հետո։ Նրանց մոտ ձեռնոցներ և դանակ գտան, որոնք հետագայում ճանաչվեցին իրեղեն ապացույց։ Այսպես 9 անգամ դատապարտված Պրոֆեսորը կրկին հայտնվեց իրավապահների «գրկում»։ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունը գործը քննեց։ Երկուսին էլ նույն մեղադրանքն առաջադրեց՝ 34-177 հոդված՝ մաս 3, կետ 1՝ գողության փորձ, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով։ Քրեական օրենսգիրքը այս դեպքերում առնվազն 6 տարվա ազատազրկում է ենթադրում։ Բայց ինչն է հետաքրքիր․ռուսին՝ Սերգեյ Սոլովյովին, անմիջապես կալանավորեցին, բայց բերդերի աստղ Պրոֆեսորից ընդամենը ստորագրություն վերցրեցին չբացակայելու վերաբերյալ։ 9 անգամ դատապարտված Խուրշուդյանին դատախազը չկալանավորեց, կալանավորեցին միայն ռուսին, որը հաստատ այսպիսի ստաժ չունի։ Շշուկներ կան, որ Խուրշուդյանին չեն էլ փակի, այլ պայմանական պատիժ կտան։ Տեսնես, այս լավության համար ի՞նչ են պահանջվելու նրանից։ Գործով դատաքննությունն ընթացքի մեջ է՝ նիստը կայանալու է օգոստոսի 25-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Լևոն Ավետիսյանի նախագահությամբ։