Հայկազ Բարսեղյանի սպանության նախաքննությունը շուտով կավարտվի

Հայկազ Բարսեղյանի սպանության նախաքննությունը շուտով կավարտվի

Զինդատախազության մեր աղբյուրները հայտնում են, որ շուտով ավարտվելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով նախաքննությունը և գործը կհանձնվի դատարան։ Այն, ինչպես հայտնի է, սկսվել է 8 ամիս առաջ, երբ հունվարի 29-ի լուսաբացին ինստիտուտի մարզահրապարակում գտան զինծառայող Հայկազ Բարսեղյանի մարմինը՝ պտտաձողից կախված։ Հանրությունը ցնցված էր սպանության դաժանությամբ։ 20 տարեկան տղային ուղղակի դաժանաբար տանջել էին մահից առաջ, փորձել էին սպանել տարբեր եղանակներով։ Դեպքի շուրջ արտահայտվեցին գրեթե բոլորը՝ այդ թվում նաև ՊՆ պաշտոնյաներ և անձամբ նախարարը, շուտափույթ պատիժ խոստանալով հանցագործներին։ Իսկ Հայկազի ծնողները ասացին, որ ցհամ ազատազրկում են պահանջելու հանգուցյալ որդու 4 կալանավորված ծառայակիցների համար։ Սպանության մեջ մեղադրվողներից հիմնականը Գնել Թևոսյանն էր, ինստիտուտի փոխտնօրեն գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին։ Ինչևէ, հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործի մանրամասները 7 կողպեքի տակ պահվող գաղտնիք են, իսկ նախաքննությունը շատ է ձգձգվում։ Թեպետ, թվում էր, որ գործը հեշտությամբ պետք է բացահայտվի, քանի որ տեղի է ունեցել փակ տարածքում և բոլոր վկաները, շենքում գտնվողները հայտնի են։ ՊՆ-ի մեր աղբյուրը հայտնում է, որ մեղադրյալների ցանկն անփոփոխ է՝ Վաչե Սահակյան, Մովսես Ազարյան, Գնել Թևոսյան և Նորիկ Սահակյան, մեղադրանքների ծավալը նույնը, բայց գործը ձգձգվում է անբավարար ապացույցների պատճառով։ Նույնը ասաց Նորիկ Սահակյանի փաստաբան Հովիկ Արսենյանը։ «Խնդիրն իրենց մոտ է։ իմ պաշտպանյալին, օրինակ, որպես ապացույց միայն 4-5 կուրսանտի ցուցմունքներն են ներկայացվել։ Բոլորը գիտեն, թե կուրսանտները ինչ վիճակում են՝ ճնշումների ենթակա, վախի տակ, իրենց անընդհատ ասում են՝ ակադեմիայի տեղը բանակ կուղարկենք»։ Ըստ Արսենյանի, այս 8 ամիսներին գործը տեղից առանձնապես չի շարժվել․ «Գործը մեծ հնչեղություն է ստացել, ՊՆ –ից բռնած ,կարծիքներ են հայտնել, չեղած ապացույցների մասին են խոսել։ Ցավով պետք է արձանագրեմ, որ վարույթն իրականացնող մարմինը կամայալկատար է դարձել նախորոք կարծիքներ հնչեցրածների»։ Ըստ Արսենյանի, գործն ինքին բարդ չէ, բայց բարդացել է ռազմական ոստիկանության օպերատիվ աշխատողների մեղքով, որոնք ռը՝ սպառնալքիներ, ճնշումներ և վախվորած վիճակ են ստեղծել։