«Այբ»-ի գործունեությունը դիտարկում ենք որպես հաջողված փորձ. Արմեն Աշոտյան

«Այբ»-ի գործունեությունը դիտարկում ենք որպես հաջողված փորձ. Արմեն Աշոտյան

Պետական հանրակրթական ծրագիրը պետք է արդիականացվի, թարմացվի և վերանայվի. Դիլիջանում կենտրոնական դպրոցի բացմանն այսօր հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:



«Պետական ծրագրին զուգահեռ Հայաստանում գործում են և թույլատրելի են այլընտրանքային ծրագրեր: Այս պարագայում «Այբ»-ի գործունեությունը մենք դիտարկում ենք որպես հաջողված փորձ՝ այլընտրանքային կրթական ծրագիր ստեղծելու համար»,-ասել է կրթության նախարարը՝ նշելով, որ պետական ծրագիրը վերանայելու համար հետևելու են նաև այս հաջողված փորձին:



Արմեն Աշոտյանի խոսքով՝ Դիլիջանը, դառնալով որոշակի ֆինանսական կենտրոն, իր հետևից բերում է նաև կրթական ծառայությունների հնարավորություններ: Ըստ նրա՝ «Այբ»-ի գործունեությունն այստեղ լրացուցիչ խթան է կրթական ծառայությունների զարգացման համար ամբողջ Տավուշի մարզում:



«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյան էլ նշել է, որ մեծ սիրով են համաձայնել բացել դպրոցը, քանի որ «Այբ» հիմնադրամի նպատակը կրթական ծրագրի տարածումն է:



«Մրցույթը բավական մեծ էր,իսկ երեխաների ընտրությունը՝ բարդ և անշնորհակալ աշխատանք: Մեր խորին համոզմամբ՝ չկան լավ ու վատ երեխաներ, բայց պետք է ընտրել նրանց, ովքեր ավելի ստեղծագործ են մոտենում աշխատանքին և մոտիվացված են»,-նշել է տնօրենը:

Հիշեցնենք, որ այսօր բացվել է Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որին ներկա է գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: