«Նոր ալիք»-ի պատվիրակ Գրիգոր Կյոկչյանն առաջին մրցութային օրն ստացել է 85 միավոր

«Նոր ալիք»-ի պատվիրակ Գրիգոր Կյոկչյանն առաջին մրցութային օրն ստացել է 85 միավոր

«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանն առաջին մրցութային օրը վաստակել է 85 միավոր` 88 հնարավորից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչը հոկտեմբերի 3-ին կատարել է Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը: Ժյուրիի 8 անդամները նրա ելույթը գնահատել են բացառապես 11 և 10 միավորներով: Համացանցում հասանելի է դարձել Գրիգոր Կյոկչյանի ելույթի տեսագրությունը:



Սոչիում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին կմասնակցեն 12 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ կանցկացվի Սոչիում հոկտեմբերի 2-11-ը: Մրցույթի եզրափակիչին կմասնակցեն 12 երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Հունաստանի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Ղազախստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի 15 կատարողներ:

«Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող երգիչ Գրիգոր Կյոկչյանը դրական է տրամադրված հեղինակավոր մրցույթին: «Մրցույթին լավ ենք պատրաստվում երաժշտական և ստեղծագործական իմաստով: Այն տեղափոխվել է Սոչի, ավելի մասշտաբային է լինելու: Ռուսները պետք է ապացուցեն, որ ավելի լավ կարող են կազմակերպել մրցույթը, քան դա Լատվիայում էին անում: Լավ պատրաստվելու դեպքում լավ հորիզոնական կունենանք»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ավելի վաղ ասել է Կյոկչյանը:

Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս եւ արտասահմանցի արտիստներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վառումը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Երաժշտական տոնի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: