ՀՀԿ-ի ֆիլիալն ազատվում է քոչարյանական կադրերից

ՀՀԿ-ի ֆիլիալն ազատվում է քոչարյանական կադրերից

«Բարգավաճ Հայաստան»-ում ներկուսակցական խժդժությունները չեն հանդարտվում: «Անհնազանդներ» Էլինար Վարդանյանի ու Ստեփան Մարգարյանի նկատմամբ սանկցիաներ կիրառած կուսակցական ակտիվը նորանոր պատժամիջոցների մասին է մտածում, մասնավորապես, Էլինար Վարդանյանին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին: ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ դեռեւս նման գործընթաց չկա, բայց չի բացառել առաջիկայի համար: Իսկ Վահե Էնֆիաջյանը վստահեցրել է, որ կուսակցությունում շատերն են կողմ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Վարդանյանին հետ կանչելուն: Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ Էլինար Վարդանյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցն իսկապես բարձրացվի, կարելի է վերջնականապես արձանագրել, որ ՀՀԿ-ի կցորդը դարձած ու ՕԵԿ-2 կարգավիճակում հայտնված ԲՀԿ-ում հլու-հնազանդ կկատարեն իշխանությունների յուրաքանչյուր հրահանգը, քանի որ այստեղ, ըստ լուրերի, խիստ անհանգստացած են Ռոբերտ Քոչարյանի հայտնությամբ ու հատկապես նրա գրասենյակի ղեկավարի սպառնալից ակնարկից, համաձայն որի՝ հաջորդ ընտրություններին հնարավոր է Քոչարյանը սեփական թիմով իշխանության հայտ կներկայացնի:



Էլինար Վարդանյանը ԲՀԿ է ներդրվել Վահե Հովհաննիսյանի կողմից, ժամանակին նրա հիմնադրամի գործադիր տնօրենն էր, համարվում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներից։



Ավելին՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հետկանչի գործընթացը, միանշանակ, կարող է ի կատար ածվել բացառապես իշխող կուսակցության համաձայնության եւ հարցի վերաբերյալ ցուցաբերած շահագրգռվածության արդյունքում:



ԱԺ կանոնակարգի համաձայն, այդ գործընթացը նախատեսում է, որ սկզբում ֆրակցիան պետք է որոշման նախագիծ պատրաստի, ըստ որում՝ կանոնակարգը որեւէ հիմնավորում չի սահմանում, այսինքն՝ խմբակցությունը որեւէ պատճառաբանություն, թե ինչու է իր նախագահին փոխում, պարտավոր չէ ներկայացնել։ Սակայն առաջարկը պետք է ԱԺ լիագումար նիստում քննարկվի, ելույթներ հնչեն, իսկ վերջում՝ փակ քվեարկությամբ, պատգամավորների կեսից ավելին պետք է իր համաձայնությունը տա այդ փոփոխությանը:



Մինչդեռ, երբ Մարտուն Գրիգորյանը, ով նաեւ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահն է, ամիսներ առաջ դուրս եկավ ԲՀԿ-ից՝ հայտարարելով, որ այլեւս չի կիսում այդ կուսակցության տեսակետներն ու գաղափարները, այս խնդրի առաջ չկանգնեց՝ նրան պաշտոնաթող անելու գործընթաց չգնաց։ Թերեւս պատճառն այն է, որ Մարտուն Գրիգորյանն իշխանությունների «մարդն» է ու կարող է չկիսել ԲՀԿ-ի գաղափարներն ու տեսակետները, կարող է արհամարհել ու դուրս գալ կուսակցությունից, բայց մնալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում:



Իսկ Էլինար Վարդանյանը Մարտուն Գրիգորյանի պես ոչ թե ինքն է դուրս եկել կուսակցությունից, այլ նրան փորձում են դուրս մղել, այն պարագայում, երբ միջազգային կառույցներից իրեն հանելու փաստին բավական մեղմ էր արձագանքել եւ ընդգծել, որ շարունակում է մնալ ԲՀ կուսակցության եւ խմբակցության անդամ: ԲՀԿ-ում, սակայն, ասում են, որ Էլինարն արհամարհում է իրենց, չի մասնակցում խմբակցության նիստերին, չի պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ Եվ սա է պատժամիջոցների բուն պատճառը։



Մարտուն Գրիգորյանից երեկ հետաքրքրվեցինք՝ ինքը մասնակցո՞ւմ է խմբակցության նիստերին։ «Եթե որեւէ հարց է քննարկվում, որն առնչվում է իմ ղեկավարած հանձնաժողովի ոլորտին, ապա մասնակցում եմ»: Անկուսակցական պատգամավորը կարծում է, որ իր խնդիրն այլ է․ «Ես պահել եմ մարդկային հարաբերությունները եւ նորմալ ասել եմ, որ չեմ կիսում ձեր տեսակետները, գաղափարները ու դուրս եմ գալիս»:



Էլինար Վարդանյանից չկարողացանք ճշտել՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է հետեւել գործընկերոջ օրինակին եւ վերականգնել «մարդկային հարաբերությունները»:



Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Էլինար Վարդանյանը եւ ԲՀԿ խմբակցության եւս երեք անկուսակցական պատգամավորներ, որոնց բոլորի անունը կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բոյկոտեցին սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը։ Քվեարկության հաջորդ օրը ԲՀԿ-ում որոշեցին Էլինար Վարդանյանին եւ Ստեփան Մարգարյանին հանել խորհրդարանի միջազգային պատվիրակություններից, որտեղ նրանց ներգրավել էին ԲՀԿ-ի քվոտայով. դա ներկայացվեց «ռոտացիա» անվան տակ: Իսկ հետո ԲՀԿ տարածքային կառույցն Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու որոշում ընդունեց՝ հարցն ուղարկելով կուսակցության քաղխորհուրդ, որտեղ դեռ չի քննարկվել: Տարածքայինում, ըստ լուրերի, շատերն են դեմ եղել նման որոշմանը, բայց կատարել են իշխանության հովանու ներքո գործող կուսակցապետի հրամանը:



Կուսակցությունից էլ վստահեցնում են, որ իրենց որոշումը կապ չունի Վարդանյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի քվեարկությունը բոյկոտելու հետ։



Քաղաքական կուլիսներում նույնպես խոսվում է, որ դա ընդամենը առիթ է, իսկ պատճառն այն է, որ քոչարյանական թեւին խմբակցությունից մաքրում են: ԲՀԿ-ում այս վարկածն էլ են հերքում: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երեկ խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասել է. «Քոչարյանի հետ որեւիցե կերպ կապ չունի այդ գործունեությունը: Ամիսներ շարունակ տիկին Վարդանյանի կողմից եղել է բավականաչափ պասիվ գործունեություն խորհրդարանում: ԲՀԿ-ում, մասնավորապես Կենտրոն տարածքային կառույցում, այդ հարցը որ քննարկվել է, մանրակրկիտ նշվել է, որ տիկին Վարդանյանը շատ պասիվ մասնակցություն է ունեցել»: Էնֆիաջյանը նշել է նաեւ, թե Վարդանյանը գնացել է գործուղումների եւ չի տեղեկացրել կուսակցության ղեկավարին կամ արել է հայտարարություններ, որոնք ընդունելի չեն եղել ԲՀԿ խմբակցության համար։ Բայց փաստ է, որ ԲՀԿ-ում շատ ավելի պասիվ պատգամավորներ կան, եւ պասիվությունն այս ամենի հետ ոչ մի կապ չունի։