Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի հետ

Հոկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչի հետ:



Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը նպաստող Հայաստանի և Լատվիայի միջև պարբերական քաղաքական երկխոսությունը։



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ նախարար Ռինկևիչը խորհրդանշական է համարել, որ հենց Երևանում է առաջին անգամ Լատվիայի ԱԳ նախարարը մասնակցում ՖՄԿ արտգործնախարարների համաժողովին։



Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, և քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական փոխգործակցության խթանման հարցերը։



Նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այս համատեսքստում Լատվիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել գագաթաժողովին Հայաստանի կառուցողական մասնակցության համար։



Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը անդրադարձել են Եվրոպական միության և Եվրասիական միության միջև փոխգործակցության հաստատման հնարավորություններին։



Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Ադրբեջանի սադրանքների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակը։ Այս առումով Էդգարս Ռինկևիչը ընգծել է, որ Լատվիան անվերապահորեն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և նրանց կողմից ներկայացված առաջարկությունները։