Թարգմանական գործընթացը

Թարգմանական գործընթացը

Այսօր Երեւանի եւ մարզերի փոքրաթիվ գրախանութներում կարող եք գտնել օտարալեզու գրականության բազմաթիվ թարգմանություններ:



2012 թվականից սկսած՝ թարգմանությունը վերստին թափ հավաքեց: Սամվել Մկրտչյանի կողմից Ջոյսի «Ուլիսեսի» հերոսական թարգմանությունը, նաեւ՝ Շեքսպիրի, Մելվիլի, Ֆոլքների, Փաունդի, Էլիոթի, Բուքովսկու եւ այլ հեղինակների թարգմանությունները: Զավեն Բոյաջյանի կողմից Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը», Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպերի հրաշալի թարգմանությունները… Ընթերցողին արդեն հասանելի են մի քանի նոբելյան մրցանակակիրների լավագույն վեպերը՝ Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը», Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին». վեպերը գերմաներենից թարգմանել է Կառլեն Մատինյանը, Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է», թարգմանությունը թուրքերենից՝ Արփի Աթաբեկյանի: Ջ. Դ. Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում», թարգմանությունը անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի: Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը», թարգմանությունն անգլերենից՝ Արամ Արսենյանի… Եվ այսպես, կարող եմ շատ գրքերի եւ թարգմանիչների անուններ թվարկել, որոնք հայ ընթերցողի սեղանին են դնում հետաքրքրական վեպեր, վիպակներ, պատմվածքների, բանաստեղծությունների ժողովածուներ:



Ինչո՞վ է պայմանավորված թարգմանական այս ակտիվ գործընթացը: Կա մի պարզ պատասխան: Հայտնվել են հրատարակչատներ, որոնք շահագրգռված են, ունեն թարգմանված գրքեր հրատարակելու ցանկություն՝ «Անտարես», «Զանգակ», «Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո» «Ակտուալ ա», «Նաիրի» եւ այլ անուններ… Հայտնվել է «պատվեր» հասկացությունը, երբ հրատարակչատունը թարգմանչին պատվիրում է թարգմանել կոնկրետ այս կամ այն ստեղծագործությունը: Սրան ավելացնենք նաեւ ընթերցողին. ուրեմն, եթե թարգմանական գրականությունը վերելք է ապրում, կան դրա պահանջարկն ու սպառումը: Հրատարակչատներն սկսել են կազմակերպել շնորհանդեսներ, հանրությանը ներկայացնելով թարգմանչին, թարգմանված աշխատանքները՝ մատչելի դարձնելով թարգմանիչ-ընթերցող հանդիպման եւ շփման հնարավորությունը, ապա պրոցեսներին փորձում են ներգրավել հանրության մեջ ճանաչում ունեցող մարդկանց:



Թարգմանված գրքերը տարածելու համար գովազդ են ապահովում, օգտագործում են սոցիալական կայքերը, կարճ տեսաշարեր են պատրաստում:



Ինչ խոսք, այս ամենն իր դրական ներգործությունն է թողնում եւ նպաստում թարգմանված գրքերի տարածմանը: Սակայն կան նաեւ նշանակալի բացթողումներ: Օրինակ՝ դաշտում տեսանելի չեն հրապարակումներ, որոնք կարող էին լույս սփռել կատարված թարգմանությունների որակի վրա՝ տալով այս հարցերի պատասխանները: Ինչպե՞ս է կատարված թարգմանությունը: Ինչո՞ւ է ընտրված հենց այդ հեղինակը եւ նրա հենց այդ ստեղծագործությունը: Ի՞նչ կարող են տալ տվյալ հեղինակը եւ իր ստեղծագործությունը հայերենին եւ հայ գրականությանը: Այս հարցերի պատասխանները, կարծում եմ, բոլորից լավ գիտեն թարգմանիչները, եւ հետաքրքիր կլիներ լսել նրանց խոսքը: Իսկ հիմա կարծես ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ թարգմանված ու հրատարակված յուրաքանչյուր գործ համարվում է արդեն իսկ բարձրորակ եւ հույժ կարեւոր: Սա վտանգավոր ճանապարհ է: «Քանակը որակ է ապահովում»… այսօրինակ տրամաբանությունը կոնստրուկտիվ չէ, սրանով մենք մերձենում ենք Խորհրդային Միության թարգմանական «արվեստին»:



Մի խնդիր եւս: Կան ակնառու թարգմանություններ, որոնց մասին մեզ մոտ անարդարացիորեն շատ չեն խոսում: Թվարկեմ մի քանիսը․ Կլոդ Սիմոնի «Ակացիան», թարգմանությունը ֆրանսերենից՝ Շուշանիկ Թամրազյանի (Կլոդ Սիմոնը 20-րդ դարի ամենախոշոր վիպասաններից է, Նոբելյան մրցանակի դափնեկիր): Ալեն Ռոբ-Գրիյեի «Խանդը», թարգմանությունը ֆրանսերենից` Անահիտ Ավետիսյանի (Ռոբ-Գրիյեն ֆրանսիական «նոր վեպի» հիմնադիրն է): Ուիլյամ Թեքերեյի «Ունայնության տոնավաճառը», թարգմանությունն անգլերենից` Սարգիս Ալեմյանի: Էմիլ Սիորանի «Ծնված լինելու անհարմարության մասին», թարգմանությունը ֆրանսերենից՝ Նունե Աբրահամյանի («Ինքնագիր գրական ակումբի» նախաձեռնությամբ հրատարակված այս գիրքը շատ սիրված է երիտասարդության կողմից): «Ինքնագրի» կողմից հրատարակված եւս մի հրաշալի գիրք՝ Մորիս Բլանշոյի «Վիպումներ», թարգմանությունը ֆրանսերենից՝ Մարկ Նշանեանի (Մարկ Նշանեանն ինձ հանդիպած միակ թարգմանիչն է, որը գրքում թարգմանության եւ հեղինակի մասին հանդես է եկել ընդարձակ, մշակութաբանական վերլուծությամբ): Այսպես շարունակ…



Թարգմանական արվեստը, վերջիվերջո, իր գիտական եւ մշակութաբանական կառույցներով բարդ եւ առանձնակի հատկություն ունի: Երբ գիրքը թարգմանվում է, չի նշանակում, թե ավարտվել է գրքի թարգմանությունը: Թարգմանությունը շարունակվում է յուրաքանչյուր նոր ընթերցողի հետ, որը, գուցե, մի փոքր պարզաբանում պահանջելու իրավունք ունի: