Տղամարդիկ կսեռափոխվե՞ն հանուն մանդատի

Տղամարդիկ կսեռափոխվե՞ն հանուն մանդատի

«Չեմ բացառում, որ այս օրինագծի ընդունման դեպքում շատ տղամարդիկ սեռափոխվեն հանուն մանդատի, մանավանդ որ սեռափոխությունը հիմա շատ ակտուալ է: Այնպես որ, որոշակի հստակեցումներ պետք է արվեն, նոր օրենքը քննարկենք»,- երեկ կեսկատակ-կեսլուրջ նկատեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ ԱԺ պետաիրավական նիստի ժամանակ, երբ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ջհանգիրյանի խորհրդով նաեւ առաջարկում է մեկ տարով հետաձգել իր հեղինակած օրենքի նախագիծը՝ քաղաքական գործընթացներին կանանց ներգրավվածության վերաբերյալ: «Պարոն Ջհանգիրյանը երեւի նկատի ունի հստակեցնել՝ ի ծնե կանանց մասի՞ն է խոսքը միայն, թե՞ ոչ»,- գործընկերոջ խոսքը փորձեց հստակեցնել հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը: Մարուքյանը խոստացավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ, ամենայն հավանականությամբ՝ եկող տարվա գարնանը, նախագիծը լրացված ներկայացնել:



ԱԺ անկախ պատգամավորն առաջարկում էր համամասնական ցուցակներով կանանց պարտադիր ներկայացվածությունն ԱԺ-ում: Եթե այս կամ այն պատճառով կին պատգամավոր ներկայացուցիչը վայր է դնում մանդատը, ապա նրան փոխարինող պատգամավորը պետք է կին լինի: Նախագծի ներկայացման համար հիմք են ծառայել մի շարք հանգամանքներ: Փաստ է, որ 5-րդ գումարման Ազգային ժողովում կին պատգամավորները 13-ն են, ինչը կազմում է խորհրդարանի 9.92%-ը, մինչդեռ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության, կուսակցությունների նախընտրական ցուցակներն այնպիսի սկզբունքով են կազմվում, որ կանայք դրանցում առնվազն 20% մասնակցություն ունեն: Այսինքն, պատգամավորի կին թեկնածուների կեսից ավելին մանդատը զիջում է տղամարդկանց՝ ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու միջոցով, ինչով կանանց մասնակցությունն օրենսդիր իշխանությունում ընթացող քաղաքական գործընթացներին, ըստ նախագծի հեղինակի, դառնում է ֆորմալ կամ սիմվոլիկ բնույթ կրող երեւույթ: Մինչդեռ իր կողմից մշակված նախագիծը, Մարուքյանի կարծիքով, նպատակ ունի այս արատավոր պրակտիկան օրենքի ուժով արգելել, ինչպես նաեւ՝ որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կին պատգամավորն այլ պաշտոն է ստանձնում կամ հրաժարվում է մանդատից պատգամավորական գործունեության իրականացման ընթացքում, կրկին նրա մանդատը փոխանցվի ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ կին թեկնածուին: «Այսինքն, խորհրդարանում կպահպանվի կուսակցության ընտրական ցուցակով ձեւավորված՝ կանանց եւ տղամարդկանց միջեւ համամասնությունը»։ Երեկվա նիստում ուշագրավ ելույթ ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որն այս օրինագծի հարակից զեկուցող էր նշանակված:



Մարտիրոսյանը ողջունեց Մարուքյանի նախաձեռնությունը, բայց նկատեց, որ այն լիովին չի կարգավորում խնդիրը. «Մանդատից զրկված թեկնածուի փոխարինումը պետք է համարժեք լինի, բայց համարժեք՝ բոլոր առումներով, ոչ միայն կինը կնոջով փոխարինել կամ գեղեցիկ կնոջը՝ գեղեցիկ կնոջով, այլ ընդհանրապես, պետք է մարզային պատգամավորների ներկայացվածությունը հաշվի առնել: Եթե մանդատից զրկվածը ներկայացնում է որեւէ մարզ, փոխարինողը եւս պետք է նույն մարզից լինի: Այստեղ եւս մեկ անգամ գալիս է մեծամասնական ընտրակարգի առավելությունը համամասնականի նկատմամբ: Բայց եթե 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ լիներ… Իհարկե, արդեն ուշ է այս մասին խոսել սահմանադրական փոփոխությունների ժամանակ…»։



Մարտիրոսյանի խոսքի կեսից Ջհանգիրյանը նախատեց. «Բա այդ մասին ինչո՞ւ շուտ չէիր խոսում», Հովհաննես Սահակյանն էլ՝ իր հերթին կատակով, թե «էս ինչե՞ր ես ասում…»։ «Ես միշտ եմ այս մասին խոսել»,- կրքերը հանդարտեցրեց Լեւոն Մարտիրոսյանը՝ շարունակելով. «Եթե մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն է մանդատը դնում, տվյալ ընտրատարածքի բնակիչներն իրենց տարածքից իրենց ուզած մարդուն ընտրելու իրավունք ունեն, այս դեպքում, օրինակ, ես կողմ եմ այս նախագծին, որովհետեւ գեղեցիկ կին կա, բայց որեւիցե հնարավորություն չունեմ, եթե այդ կինն իր մանդատը դրել է իմ թեկնածուին տեսնելու… Կիսատ հղի չի լինում, լինում է հղի, հետեւաբար, այս բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել եւ փոփոխված նախագծում լիովին կարգավորել տվյալ հարաբերությունները»: Նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանին քննարկումից հետո հարցրինք՝ հաշվի առնելով ներկայումս օրենսդիրում ներկայացված կանանց «գործունեությունը», նման նախագծի անհրաժեշտություն կա՞ր, որը պետք է արհեստականորեն մեծացնի կանանց չհիմնավորված ներկայությունը քաղաքականության մեջ, քանի որ պատգամավոր կանանց գնդի հիմնական առաքելությունը բյուջեի հաշվին շրջագայելու համար կենաց-մահու կռիվ տալն է։ «Իհարկե ոչ»,- անմիջապես համաձայնեց Մարուքյանը՝ բացատրելով, որ իր նախագիծը մշակել է ապագայի «լուսավոր կանանց» համար: Հիշեցնենք, որ պատգամավորը «Լուսավոր Հայաստան» քաղաքական նախաձեռնության հեղինակն է, որն ապագայում պատրաստվում է կուսակցություն դառնալ:



ՀԳ. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված 3 հարցերից երկուսի քննարկումը երեկ հետաձգվեց 1 տարով: Հետաձգված նախագծերից մեկն էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանինն էր, որով նա առաջարկում էր ընտրություններին ընտրատեղամասերի բացման եւ փակման ժամանակ հնչեցնել ՀՀ օրհներգը: Փոխարենն ընդունվեց քրեակատարողական հիմնարկներում զենք կրելու կարգի մասին նախագիծը: