Իշխանությունը գո՞հ է Գյումրիի ցուցանիշներից

Իշխանությունը գո՞հ է Գյումրիի ցուցանիշներից

Չնայած Մարտուն Գրիգորյանի ջանքերին՝ նրա ընտրատեղամասում հաղթեց «ոչ»-ը: Սա նշանակո՞ւմ է, որ հրաժարվում եք Գյումրու քաղաքապետ դառնալու Ձեր երազանքից, երեկ հարցրինք գյումրեցի պատգամավորին։ «Փչացած մարդու փչացած մտքեր՝ ով նման բան է շրջանառության մեջ դրել»,- միանգամից բորբոքվեց նա։ «Ինչ է՝ ես ելույթ եմ ունենում, ասում են՝ քաղաքապետ գուզե դառնալ, բարեգործություն եմ անում, ասում են՝ քաղաքապետ է ուզում դառնալ, փողոց եմ բարեկարգում… ինչ է՝ գործ չպիտի՞ անեմ»: Գրիգորյանը վստահեցնում է, որ իշխանությունը գոհ է իր ապահոված ցուցանիշից, որովհետեւ «գիտի Գյումրիում ինչ խնդիրներ կան»: «Ի տարբերություն նախորդ ընտրությունների, Գյումրիում այս ընտրություններին 20 տոկոս աճ է եղել: Վարչապետն անգամ Գյումրիում 30 տոկոս ձայն էր ակնկալում, բայց մենք 40-ից ավել ունեցանք, ու, կարծում եմ, բոլորս պետք է մտածենք գյումրեցու խնդիրներին լուծումներ տալու համար»,- ասում է Գրիգորյանը: Իսկ հնարավո՞ր է, որ առաջընթացը պայմանավորված է Թոխմախի Մհերի գործոնով, որը «խառնվել» է Գյումրիի գործերին ու քրեական հեղինակություններին մոբիլիզացրել։ «Ի՞նչ է նշանակում խառնված, էսօր բոլորս ենք խառնված, ով հնարավորություն ուներ ինչ-որ տեղ միջնորդելու, ամեն մեկն էլ իր տեղում աշխատանքները կատարել է, թե կոնկրետ ում, ինչ, ես չգիտեմ, ես իմ տարածքների պատասխանատուն եմ»,- նրբորեն նկատեց Գրիգորյանը՝ ակնարկելով Սեդրակյանի հարազատ Էրեբունիում արձանագրված «այո»-ի ցածր ցուցանիշը։ Ի դեպ, Գյումրիում ամենահաջող արդյունքները գրանցվել են այն ընտրատարածքում, որը կցված է եղել Արման Սահակյանին: