«Ես մեղք ունե՞մ, որ մի «ոչ» չեղավ՝ մեզ սեւերես դարձրին»

«Ես մեղք ունե՞մ, որ մի «ոչ» չեղավ՝ մեզ սեւերես դարձրին»

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին որոշ ընտրատարածքներում շշմեցնող, անհավատալի արդյունքներ են արձանագրվել: 



Կիրակի օրը կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, ավելի քան 400 հազար քաղաքացի «ոչ» քվեարկեց: Այդքան քաղաքացի իրականում «ոչ» էր ասել ոչ թե Սահմանադրությանը, այլ այն ներկայացրած իշխանությանը, իր վիճակին, սոցիալական ծանր կացությանը: Այս առումով կասկածելի է, որ կողք կողքի տեղամասերում կարող են «այո»-ի եւ «ոչ»-ի
կտրուկ տատանումներ գրանցվել:



Սյունիքի մարզի Կապանի 38/17 տեղամասում 1082 «այո» է արձանագրվել՝ 74 «ոչ»-ի դիմաց, նույն քաղաքի ոչ հեռու մի քանի ընտրատեղամասերում «ոչ»-ը հաղթել է. օրինակ, 38/13-ում՝ 382 «ոչ» - 183 «այո», 38/14-ում՝ 536 «ոչ» - 383 «այո»։ Կամ, օրինակ, 38/11-ում կրկին 412 ձայնով «ոչ»-ն է հաղթել 375 «այո»-ին:



Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը զարմանում է, որ մենք զարմանում ենք. «Ինչ է, ուզում էիք, որ բոլոր տեղերում «ո՞չ»-ը հաղթեր»: Քաղաքապետն սկզբում հապաղում էր, թե վերլուծություններ չի անում ու չի կարող ասել, թե ինչպես է, որ իր քաղաքի մի հատվածում մարդիկ ընդգծված իշխանամետ են, մյուսում՝ ընդդիմադիր։ Նա պատկերը վերագրում էր ընդդիմադիրների լավ կամ վատ աշխատանքին, քարոզչությանը. իր քաղաքում, վստահ է, կեղծումներ չեն եղել: Բայց վերջում մատնեց։ «Այդ 1082 ընտրողներից, եթե չեմ սխալվում, 528-ը զինվորներ են»,- անկեղծացավ Կապանի քաղաքապետը: Այսինքն՝ զինվորները համատարած «այո» են քվեարկել։ «Ես ընդամենը տեղեկացրի, որ զինվորներ են մասնակցել»: Ի դեպ, ի հեճուկս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարության, Կապանի բազմաթիվ տեղամասերում «ոչ»-ը հաղթանակ է տարել։ Տեղին է հիշել, որ այս շրջանը տարիներ շարունակ գտնվել է Մաքսիմ Հակոբյանի ազդեցության տակ, որը հիմա ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունի թե մարզպետի, թե ընդհանրապես իշխանությունների հետ։ Թերեւս, սա եղել է կեղծիքներ թույլ չտալու հիմնական պատճառը: Հայրապետյանը հորդորեց մարզպետի հայտարարություններն ուղիղ չընդունել, երբ հարցրինք՝ արդյունքների վերաբերյալ ինքը խոսակցություն չի՞ ունեցել Սուրիկ Խաչատրյանի հետ։ «Ինքն ընդհանուր տրամադրություններն ու տրամադրվածությունը նկատի ուներ, երբ հայտարարում էր, թե մարզում հիմնականում «այո» են»:



Սյունիքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկում էլ ընդհանրապես «ոչ» քվեարկող չի եղել, 822 «այո» արձանագրած համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Մարտուն Արզանյանը, սակայն, դրանից այնքան էլ լավ չի զգում։ «Ես մեղք ունե՞մ, այ մարդ, որ ոչ մի «ոչ» չեղավ, մեզ էլ սենց սեւերես դարձրին»,- կեղծելու մասին մեր «մեղադրանքներից» նեղված՝ հայտարարեց գյուղապետը, հետո բացատրեց, թե ինչն ինչոց է. «Համայնքում 170 ընտրող ունենք, 15-ը չեն մասնակցել, այ, էդ 15-ն էլ ընդդիմադիր էին, ես ի՞նչ անեմ, որ ըտեղի ընդդիմությունն ասեց՝ մի գնացեք ընտրության, նրանք էլ չեկան, որ մի քիչ պարզերես անեին մեզ: Իսկ մնացածը պայմանագրային ծառայողներ են, աֆիցերներ, կողքի գյուղերում էլ, որ աշխատում են, բոլորին բերել են մեր գյուղ ընտրելու: Շատն էլ Լեննականից են, էդ որ Լեննականում ասում են, թե ընդդիմադիր են կամ չեն քվեարկում, բայց իմացեք՝ իրանցից շատը հենց Լեննականից են, ստեղ են քվեարկել»: Իսկ ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիրնե՞ր էլ չկային կամ ընդդիմադիր վստահված անձինք։ «Չէէէ, չեկան, բոյկոտեցին իբր»,- հուսահատ նետեց համայնքապետը: Նա բոլոր փակագծերը բացեց, երբ հարցրինք մարզպետի հրահանգը կատարելու մասին. «Այ մարդ, ես մարզպետի մարդը չեմ, Վահե Հակոբյանն իմ ընկերս ա»:



Ծանր պատկեր է արձանագրվել նաեւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի հարազատ Արարատ (Դավալու) գյուղում: Արամ Սարգսյանի «ոչ»-ի քարոզչությունն իր պտուղները չտվեց, հաղթեց ընտանիքի մյուս եղբոր՝ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանի «այո»-ն: Համայնքի երեք ընտրատեղամասերի արդյունքով 3.605 «այո»-ն հաղթանակ է տարել 898 «ոչ»-ի նկատմամբ: ՀՀԿ-ական պատգամավոր դավալեցի Լեռնիկ Ալեքսանյանը, որն Արմեն Սարգսյանի աներորդին է, բնական է համարում նման արդյունքները։ «Ես Արամի քաղաքական կողմնորոշումը չգիտեմ, բայց մյուս Սարգսյանները հանրաքվեին «այո» են ասել: Ընդհանրապես, Սարգսյաններն ու իրենց բարեկամները «ոչ» չեն եղել»,- ինքնավստահ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը։ «Իսկ Սարգսյան Արամն ավելի քիչ կապեր ունի գյուղում, քան…»: Հետո ՀՀԿ-ականը փորձեց իրավիճակը շտկել. «Այո, Արամն ընդգծված «ոչ» էր, իր թիմն է «ոչ» քվեարկել, բայց, ի պատիվ իրեն, ինքը չի պարտադրում մարդկանց»:



Սերժ Սարգսյանի հարազատ Տեղ գյուղի ղեկավար ՀՀԿ անդամ Սաղաթել Գալստյանը հանրաքվեից ընդամենը տասն օր առաջ մեզ հետ զրույցում անկեղծացել էր, որ իշխանության ուշադրությունից դուրս մնացած համայնքի մարդկանց ընդհանրապես չի հետաքրքրում սահմանադրական հանրաքվեն, քվեարկության արդյունքում այստեղ
2000-ից ավելի «այո» է գրանցվել, ընդամենը 13 «ոչ»։



«Մեկ էլ եմ ասում՝ գյուղն իրա գործը լավ գիտի, եկել են քվեարկել, ոչ մի խարդախություն էլ չի եղել»,- ասաց գյուղապետը: Փաստորեն, բոլորն ուզում էին, որ Սահմանադրությունը փոխվեր։ «Համատարած»։ Իսկ Դուք ասում էիք, թե անտարբեր են։ «Էէէ, լավ, էլի, էդ քամու օրն է եղել»,- վրդովվեց Տեղի համայնքապետը: