Երբ լրագրողներ են լինում, միայն ես եմ խոսում, կուսակիցներս ամաչում են. Արամ Կարապետյան

Երբ լրագրողներ են լինում, միայն ես եմ խոսում, կուսակիցներս ամաչում են. Արամ Կարապետյան

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 12-ին, Երեւանի Կոնգրես հյուրանոցի մեծ դահլիճում Արամ Կարապետյանի «Նոր Ժամանակներ» կուսակցության 8-րդ հաշվետու-վերընտրական համագումարը կայացել է առանց լրագրողների ներկայության: Կարապետյանը բացատրում է, որ այդպես կուսակիցները հնարավորություն ունեն անկաշկանդ տեսակետներ հայտնել.«Թե չէ, երբ լրագրողներ են լինում, միայն ես եմ խոսում, իրենք ամաչում են, քաշվում»: Գարնանը արտահերթ համագումար է նախատեսվում, Կարապետյանը խոստանում է հաղթահարել «խոչընդոտները» եւ արտահերթին հրավիրել նաեւ լրատվամիջոցներին:



Շաբաթ կայացած համագումարի մասին տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ միաձայն Արամ Կարապետյանն ընտրվել է կուսակցության նախագահ և ընտրվել է նաեւ 5 հոգուց կազմված ՆԺԿ Վարչություն ու 3 հոգուց կազմված ՆԺԿ Վերստուգիչ Հանձնաժողով, ավելի ճիշտ՝ ինչպես ՆԺԿ ղեկավարից տեղեկացանք վերահաստատել է հին կազմը: «ՆԺԿ 8-րդ Համագումարը հանգամանալից քննարկել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ ծավալվող գործընթացները եւ արձանագրել, որ «հանրաքվեն չդարձավ ազգային միասնության գործընթաց, այն չավելացրեց վստահությունը իշխող վարչախմբի նկատմամբ, այլ նոր բաժանարար գծեր բերեց հասարակության ներսում, որն էլ ավելի կարմատականացնի զարգացող ներքաղաքական պրոցեսները», ինչպես նաեւ դրանք բերելու են բազում անցանկալի հետևանքների:



Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց նաեւ, որ քննարկվել են նաեւ քաղաքական այլ հարցեր, ինչպես օրինակ՝ Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների գործընթացին եւ ԱԺ գալիք ընտրություններին մասնակցելու հարցը:.«Մենք միանշանակ շատ վճռական ենք՝ մասնակցելու ԸՕ փոփոխություններին, պնդելու ցուցակների հրապարակման եւ այլ հարցեր»: ՆԺԿ-ն նաեւ նախնական որոշում ունի մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Կարապետյանի խոսքով՝ իրենք բոլոր ռեսուրսներն ունեն, ավելին՝ կուսակիցները կողմ են, որ միայնակ մասնակցեն, թեպետ վերջնական որոշում կունենան գարնանը սպասվող արտահերթ համագումարին